Մեծ միջոցառման մեկնարկը տրված է՝ փոքրիկների համար կարդում են համալսարանականները
КультураԱմենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, որն արդեն մի քանի տարի է նշվում է որպես՝ գիրք նվիրելու օր, յուրովի նշվեց և իմաստավորվեց Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում:
Խնկո Ապոր գրադարանում գրքի ու գրականության հանրայնացմանն ուղղված ծրարգերը տարեց-տարի ավելանում են ու դառնում ավելի սպասված ու պահանջված: Այս համատեքստում գրադարանի և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Կարոլինա Հարությունյանի համագործակցությամբ մեկնարկեց «Կարդում են համալսարանականները» խորագրով միջոցառումների շարքը:
Orer.am-ի հետ զրույցում Կարոլինան նշեց, որ գաղափարը բավականին երկար ժամանակ է հասունացել նրա մոտ: Սակայն, այն հնարավոր եղավ կյանքի կոչել մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի օգնությամբ:
«Սա մի մեծ ծրագիր է, որի հիմնական նպատակը երեխաների մեջ մանուկ հասակից գրքի, գրականության և ընթերցանության մշակույթի նկատմամբ սեր արթնացնելն է: Մենք այս ծրագրի միջոցով ցանկանում ենք երեխաներին համալսարանականների օրինակով ցույց տալ, որ գրքի ու գրականության միջոցով միայն կարելի է կրթվել, զարգանալ և կատարելագործվել արդեն բուհում: Այն նաև սեր կարթնացնի արվեստի և մշակույթի այլ ճյուղերի հանդեպ: Եվ շատ կարևոր է, որ հենց փոքր տարիքից երեխաները սիրեն ու կապվեն այս ամենին, որպեսզի հետագայում բացթողումներ չունենան»,- ասաց Կարոլինան:
Գրադարանի գողտրիկ անկյուններից մեկում՝ Հեքիաթի սրահում «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողներ Կարոլինա Հարությունյանը, Գոռ Ղարմանյանը, Համլետ Պետրոսյանը մանուկների համար ընթերցեցին գերմանացի հայտնի մանկագիր Վալտեր Քրումբախի «Ճանապարհորդ ոզնին» չափածո հեքիաթը: Գոռն ու Համլետը, թեև տարբեր տարիներին են ծառայել հայոց բանակում, սակայն այսօր սովորում են նույն ֆակուլտետում և միջոցառմանը մասնակցելու Կարոլինայի հրավերը սիրով են ընդունել: Կարոլինան հենց նրանց էր հրավիրել անդրանիկ միջոցառմանը, քանի որ իր կարծիքով առանց նման արի ու անպարտ զինվորների, անհնարին կլիներ նման խաղաղ պայմաններում միջոցառումներ կազմակերպելը:
«Ճիշտն ասած երեխաների կողմից նման բուռն արձագանք չէի սպասում և հաճելիորեն զարմացա, անակնկալ էր նրանց այդ ոգևորությունը: Կարծում եմ մենք դեռևս բազմաթիվ հանդիպումներ և շփումներ կունենանք փոքրիկ ընթերցողների հետ: Սա ընդամենը միջոցառումների մեկնարկն էր, որը ցույց տվեց, որ այն սպասված էր»,- ասաց Կարոլինան:
Գոռը, ով պատերազմական գործողությունների մասնակից է, միջոցառման ավարտին նշեց, որ երեխաների ոգևորությունն ու դեմքերի ժպիտներն իր համար շատ խորը իմաստ ունեին:
«Այդ ժպիտները ինձ թույլ տվեցին մտածել, որ մենք՝ մեր հերթին, և այսօր էլ սահմանին կանգնած հայ զինվորը, բավականին մեծ գործ ենք անում, որպեսզի նրանց անհոգ մանկություն պարգևենք: Երեխաներն ինձ համար մի ուրիշ աշխարհ են: Վաղը նրանք պետք է մեր գործի շարունակողը լինեն, բայց գրքի հանդեպ նրանց մեջ սեր արթնացնելը նաև մեր պարքն է, քանի որ այն կօգնի ավելի բարձր մարտական ոգի ունենալ»,- ասաց «Հայրենիքին ծառայություն մատուցելու» և «Հայոց սահմաններն անառիկ պահելու» համար մեդալներով պարգևատրված Գոռ Ղարմանյանը:
Համլետ Պետրոսյանն էլ նշեց, որ երբ միջոցառմանը մասնակցելու հրավեր է ստացել, շատ է ուրախացել, իսկ միջոցառման ժամանակ տեսնելով մանուկների ազատ, անկաշկանդ ու անհոգ ժպիտները, հիշել է իր մանկության օրերը:
«Մեր կարճատև շփումից ես հասկացա, որ հայրենիքին ծառայելը հայի արյան մեջ է և ինչ էլ որ լինի մեր այսօրվա փոքրիկները վաղը, նույն արժանապատվությամբ կշարունակեն մեր գործը և կպայքարեն մինչև վերջ»,- ասաց Համլետը:
Արմինե Գրիգորյան