Շիրակի մարզում հիմնական պայքարն ընթանալու է ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ՀՎԾ-ի, ՀՅԴ-ի և ՕՐՕ-ի միջև. քաղաքագետ
ИнтервьюԹեև նախընտրական քարոզարշավին հաշված ժամեր են մնացել, այնուամենայնիվ, խաղի մեջ մտած քաղաքական կուսակցություններն ու դաշինքները դեռ ակտիվ պայքարի մեջ են: Հետընտրական կրքերի մասին Orer.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:
«Հետընտրական զարգացումները կախված են նրանից, թե ընտրության արդյունքներն ինչպիսին կլինեն ու որ քաղաքական ուժը ինչպես կարձագանքի: Եթե, օրինակ, «Ծառուկյան» դաշինքը հայտարարի, որ ընտրությունները կեղծված են ու տվյալ ուժը փորձի մարդկանց դուրս բերել փողոց, իհարկե, դժգոհողների ու բողոքողների ալիքը շատ մեծ կլինի՝ ընտրությունների հետ կապված: Սակայն այն կուսակցությունները, որոնք անգամ հույս էլ չունեն, որ 5-7%-ի շեմը կարող են հաղթահարել, ելնեն ու հայտնեն, որ ընտրությունները կեղծված են, իհարկե, դրանից մեծ սպասելիք պետք չէ ակնկալել: Ամեն ինչ կախված է, թե որ քաղաքական ուժն ինչպիսի արձագանք կտա ընտրություններին ու դրա արդյունքներին»,- ասաց Գ. Համբարյանը՝ հավելելով. «Այն, որ Երրորդ Հանրապետության պատմության մեջ ոչ մի ընտրություն առանց սկանդալի չի ավարտվել ու շատ քաղաքական ուժեր, որոնք մասնակցում են ընտրություններին դժգոհ են եղել դրանց արդյունքներից՝ փաստ է: Համոզված եմ, որ բողոքողներ ու դժգոհողներ անպայման կլինեն: Բողոքներով կդիմեն և՛ միջազգային հանրությանը, և՛ տեղի բնակչությանը՝ հորդորելով չընդունել ընտրության արդյունքները»:
Խոսելով գլոբալ առումով և հատկապես Շիրակի մարզում ընտրապայքարի մասին՝ Գագիկ Համբարյանը նշեց. «Ապրիլի 2-ին հիմնական պայքարն ընթանալու է ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, «Ելք»-ի, ՀՎԿ-ի ու ՀՅԴ-ի միջև: Ինչ վերաբերում է Շիրակի մարզին, ապա հիմնական պայքարն ընթանալու է ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի, ՀՎԾ-ի, ՀՅԴ-ի և ՕՐՕ-ի միջև: Նկատենք, որ դուրս է մնում «Ելք»-ը, քանի որ նրանք Շիրակի մարզում լայն հնարավորություններ չունեն»,-եզրափակեց Գագիկ Համբարյանը:
Սոսե Չանդոյան