Ինչ պատճառաբանություններով են հանդես գալիս այն գերտերությունները, որոնք չեն ընդունում Հայոց ցեղասպանությունը
ИнтервьюԿան երկրներ, որոնք ուղղակի սկզբունքորեն չեն ընդունում 1915 թվականին Օսմանյան կայսրության կողմից Արեւմտյան Հայաստանում իրականացված ոճրագործությունը: Այդ երկրների ցանկում են Հնդկաստանը, Չինաստանը, ԱՄՆ-ն, Ճապոնիան, Մեքսիկան, Իսպանիան, Ուկրաինան, Մեծ Բրիտանիան, Իսրայելը:
Ինչպես Orer.am-ի հետ զրույցի ժամանակ նշեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, գերտերությունների որդեգրած մերժողական քաղաքականությունը պայմանավորված է տնտեսական ու քաղաքական շահերով, որոնք էլ իրենց հերթին փոխկապակցված են. «Օրինակ՝ Իսրայելը հայտարարում է, որ իրենք կարող են արժեքավորել դրանք որպես պատմական իրադարձություններ, բայց դրան տալ իրավական գնահատական՝ վեր է իրենց կարողություններից»,-ասաց սոցիոլոգը:
Այս կոնտեքստում պետք չէ անտեսել սակայն այն անհատներին, որոնք, դեմ գնալով իրենց պետության գործելաոճին, ընդունում են Հայոց ցեղասպանությունը որպես պատմական փաստ. «Իսպանացի քաղաքագետ Ռիկարդո Սեռնան, լինելով զարգացած անձ, զղջում է, որ Իսպանիան առ այսօր չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը եւ կոչ է անում հայերին 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ավելի ակտիվ ձեւով տարածել տեղեկություններ, որպեսզի մարդիկ տեղեկանան, թե հայերի ու մյուս քրիստոնյաների նկատմամբ Օսմանական Թուրքիայում ինչ անարդար ու անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել»:
Ահարոն Ադիբեկյանը զրույցի ընթացքում մեջբերեց նաեւ Ճապոնիայի գլխավոր հյուպատոսի խոսքը. «Նրանք էլ ասում են, թե, այո, մեր կառավարությունը քաջատեղյակ է՝ ինչ է տեղի ունեցել, սակայն մենք պատրաստ չենք դա գնահատել որպես ցեղասպանություն: Մյուս երկրները եւս նման կերպ են արտահայտվում՝ տեղյակ ենք, բայց… Բայցից հետո պատճառաբանությունները շատ տարբեր ու բացառապես սեփական երկրի շահերից, այլ ոչ թե մարդասիրական սկզբունքներից բխող են լինում»:
Սոսե Չանդոյան