Մետրոն մինչև Նոր Նորքի 9-րդ զանգված. գուցե պետք չէ՞
АналитикаԵրևանում սկզբունքորեն նոր տրանսպորտային ցանցի ներդրաման համար անհրաժեշտ է նախնական հաշվարկներով 80-100 միլիոն դոլար: Այս հաշվարկները շատ մոտավոր են և պատկանում են ի դեպ քաղաքապետարանին: Բնականաբար այստեղ խոսքը գնում է ոչ թե տրանսպորտային պարկի թարմացման, այլ լիովին այլ ստանդարտներով գործող ուղևորափոխադրման համակարգի ներդրման մասին, եթե կուզեք՝ զարգացած երկրների ստանդարտներին համապատասխան համակարգի: Այս նպատակի համար, համաձայն քաղաքապետարանի, Երևանի ղեկավարությունը ձգտում է ներգրավել բազմաթիվ դոնոր կազմակերպությունների:
Գաղափարն ինքին լավն է և վաղուց արդեն հասունացած:
Սակայն Երևանի ուղևորափոխադրման մասին չէ, որ կցանկանայինք խոսել:
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավում մասնակից ուժերից Ելքը խոստանում է հաղթելու դեպքում 5 տարում մետրոյի նոր կայարան կառուցել, այն է թե՝ ընդլայնել Երևանի մետրոպոլիտենի ցանցը: Այս գաղափարն էլ վատը չէ, բայց...: Այդ բայցից ամեն ինչ սկսվում է: Բանն այն է, որ Հայաստանում դժվար թե գտնվի որևէ սթափ դատողությամբ տնտեսագետ, ով կարող է լուրջ վերաբերվել այս գաղափարին, զուտ այն պատճառով, որ դա իրատեսական չէ: Անշուշտ, շատ լավ կլիներ, եթե մետրոն հասներ Կոմիտաս փողոցով մինչև Նոր Նորքի զանգվածներ, Հարավ-Արևելյան թաղամաս ու Աջափնյակ:
Խորհրդային շրջանում նման նախագծեր եղել են: Ի դեպ, ոչ վաղ անցյալում էլ Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում կար մետրոյի կայանների ավելացման կետ: Սակայն եկեք, ինչպես ասում են, «ծուռ նստենք, դուզ խոսենք». այսօր ո՛չ Երևանի, ո՛չ էլ Հայաստանի բյուջեն չունի նման ծախսեր կատարելու հնարավորություն՝ անկախ նրանից, թե որ քաղաքական ուժը կլինի իշխանության ղեկին, ի վերջո, երկիրն ունի իր տնտեսական հնարավորությունները: Այսինքն սա նշանակում է, որ մետրոյի նոր կայարանի խոստումն ընդամենը սովորական նախընտրական քարոզչական հնարք է կամ այլ, կերպ ասած, պոպուլիզմ:
Գուցե պետք չէ՞՞՞...
Միքայել Գալստյան