Այրե՞լ, թե՞ չայրել, այս է խնդիրը
АналитикаՀակառակորդ կամ թշնամի պետության դրոշը կամ պետական այլ խորհրդանիշը այրելն, ըստ էության, բավական խորը իմաստ ունեցող քայլ է, որքան էլ որ վերջին շրջանում հակասական գնահատականների արժանանա այս երևույթը։ Ի դեպ, պետք է նշել, որ հաճախ հայաստանյան մեդիա և սոցիալական հարթակներում քննարկվում է Թուրքիայի և Ադրբեջանի դրոշներն այրելու, այսպես ասած, ավանդույթը, սակայն պետք չէ մոռանալ, որ դրոշները և պետության այլ սիմվոլներ այրում են աշխարհի տարբեր երկրներում։
Նույն Թուրքիայում Ֆրանսիայի կողմից Ցեղապանությունն ընդունելուց և դատապարտելուց հետո այրեցին Ֆրանսիայի դրոշը, ի միջի այլոց, գրանցվեց անգամ զավեշտալի միջադեպ, երբ Ֆրանսիայի դրոշի փոխարեն այրվել էր Նիդերլանդների դրոշը։ Վրաստանում այրում են Ռուսաստանի դրոշը, Իրանում այրում են ԱՄՆ դրոշը, ԱՄՆ-ում ընդհանրապես բանը հասնում է անգամ քաղաքական գործիչներին, քանի որ հաճախ մենք կարող ենք հանդիպել դեպքերի, երբ ցուցարաններն այրում են ԱՄՆ այս կամ այն պաշտոնյայի, երբեմն էլ ԱՄՆ նախագահի խրտվիլակը կամ նկարը։ Այլ կերպ ասած՝ նման գործողությունները բավական տարածված բողոքի ակցիաներ են, որոնք գուցե և ինչ-որ տեղ դուրս են գալիս պոլիտկոռեկտության սահմաններից, սակայն իրողություններ են։
Այս իրողությունների ֆոնին, անշուշտ, հարց է առաջանում, թե արդյոք խորհրդանիշ այրելու արարողությունը կամ սովորույթը մնում է միայն որպես բողոքի ակցիա, թե, այնուամենայնիվ, այս երևույթն ունի նաև այլ ենթատեքստեր, իմաստներ ու մեկնաբանություններ, քանի որ պետք է նշել, որ իսկապես էլ պետական խորհրդանիշի և անգամ հակառակորդ պետության խորհրդանիշի դեմ կատարված ոտնձգությունը առնվազն զգայական մակարդակում հակասական զգացողություններ ու ընդհանրապես վերաբերմունք է առաջացնում։
Հենց այսպիսի պայմաններում վերջին տարիներին ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ջահերով երթը, որպես կանոն, մեկնարկում է Թուրքիայի, իսկ վերջերս էլ արդեն նաև Ադրբեջանի դրոշներն այրելով։ Ի դեպ, անցած ջահերով երթի մեկնարկին Թուրքիայի դրոշն այրելն իր արձագանքն ստացավ նաև թուրքական լրատվամիջոցներում և ավելին՝ արժանացավ նաև Թուրքիայի ԱԳՆ արձագանքին։ Սրանից զատ վերջին շրջանում հայաստանյան տարբեր շրջանակներում Թուրքիայի դրոշն այրելու այս արարողակարգը կամ միջոցառումը արժանանում է հակասական գնահատականների։
Երևույթի քննդատների մի խումը շեշտում է, որ նույն Թուրքիայում կան թուրքեր, հայտնի գործիչներ, որոնք ընդունում և դատապարտում են հայոց Ցեղասպանությունը և այրելով Թուրքիայի դրոշը, Հայաստանը կամ հայերը, ոտնահարում են նաև Թուրքիայի այդ քաղաքացիների ազգային պետական զգացմունքները։ Այս մոտեցումը գուցե և ունի իր հիմքերը, քանի որ ,բնականաբար, դրոշն ամբողջ պետության խորհրդանիշն է։
Մյուս կողմից, այսպես ասած, դրոշ այրելու կողմնակիցները նշում են, որ այս քայլն ուղղված է Թուրքիա պետության ժխտողականության դեմ, և այստեղ էականը մասնավոր դեպքերը չեն, այլ նպատակը հենց բողոքի ակցիան է կամ բողոքի ձայնը պետական մակարդակով տարվող քաղաքականության և քարոզչության դեմ։
Այս քննարկումը երբեմն նույնիսկ սուր բնույթ է ստանում՝ վերաճելով անգամ ազգայնականության և կոսմոպոլիտիզմի փոխադարձ մեղադրանքների։
Սակայն հենց այս քննարկումն ինքնին բազմաթիվ հարցեր է առաջ բերում։ Արդյո՞ք Թուրքիայի դրոշն այրելը արժանի է ընդհանրապես նման արձագանքների, վերջիվերջո, այն կատարվում է որպես բողոքի ակցիա։ Գուցե այս ակցիան գտնվում է առավելապես զգայական դաշտում, սակայն մյուս կողմից, հաշվի առնելով Ցեղասպանության իրողության մաշտաբը, եթե ոչ ընդունելի, ապա գոնե հասկանալի չէ այս քայլը։
Մյուս կողմից, անշուշտ, շեշտվում է այն, որ գուցե ժամանակն է նման զգացական դաշտում գտնվող երևույթները տեղափոխել սառը և սթափ դատողության և քայլերի հարթակ և հրաժարվել նման սովորություններից։
Հենց այս երկու մոտեցումների շուրջ առաջանում է այն հարցը, թե որտեղ է զգացմունքայինի ու սառը դատողության չափն ու սահմանը և վերջապես այրե՞լ, թե՞ չայրել հակառակորդ պետության խորհրդանիշը։
Աղասի Մարգարյան