Մագիլի քարանձավում կան չղջիկներ, որ ոչ միայն ՀՀ, այլեւ համաշխարհային Կարմիր գրքում են ընդգրկված
ИнтервьюՕրերս ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել էր մրցույթ՝ «Մագելանի» (Գնեշիկ), «Արենի 1» (Արենի), «Արջի», «Մոզրովի» (Արփի) եւ «Քարե դռներ» (Աղձք) քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության հանձնելու համար: Առաջարկը մեծ դժգոհության ալիք բարձրացրեց հատկապես բնապահպանների մոտ, ինչի շուրջ Orer.am-ը զրուցեց բնապահպան Կարիե Դանիելյանի հետ. «Մենք մտել ենք մի նոր փուլ, որը կարելի է կոչել հանրային կյանքի կապիտալիզացիա: Կառավարությունը փորձում է տնտեսական էֆեկտիվությունը բարձրացնել բոլոր ոլորտներում: Դա, իհարկե, դրական երեւույթ է, այն, ինչ ներկայացնում է վարչապետը ըստ մարզերի ու ոլորտների, ինձ համար սկզբունքորեն ընդունելի է, բայց…: Իմ ու իմ կոլեգաների պատկերացմամբ կան ոլորտներ, որոնք պարունակում են ռիսկեր ու հատկապես այդ ոլորտներում պետք է նուրբ մոտեցում ցուցաբերվի: Այդ ոլորտներում խոցելի կողմերը պետք է վերացվեն»:
Ըստ բնապահպանի՝ առավել խոցելի են բնության, մշակույթի եւ գիտության ոլորտները: Անդրադառնալով բնապահպանական խնդիրներին, իսկ ավելի կոնկրետ որոշ քարանձավներ տուրիզմի ոլորտին համապատասխանցնելուն, նա ասաց. «Մագիլի քարանձավում կան չղջիկներ, որ ոչ միայն ՀՀ, այլեւ համաշխարհային Կարմիր գրքում են, եւ մարդկային գործոնի ներխուժումը կենդանիների բնական միջավայր կարող է վերացնել նրանց: Էթնոգրաֆիայի ինստիտուտը եւս դժգոհություն է հայտնել»,-ասաց Կարինե Դանիելյանը՝ ընդգծելով, որ քարանձավների պահպանումը վատ միտք չէ, սակայն մարդկային գործոնի կտրուկ ու նմանօրինակ միջամտությունն անթույլատրելի է:
Սոսե Չանդոյան