Լայնածավալ արշավ լրագրողների դեմ. Թուրքիան աստիճանաբար վերածվում է «լրագրողական բանտի»
ИнтервьюOrer.am-ի հետ զրույցում թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը, անդրադառնալով վերջերս Թուրքիայում լրագրողներին ձերբակալելու վերաբերյալ փաստերին, նշեց, որ ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու ու չորրորդ իշխանության անդամներին անազատության մեջ պահելու համար թուրքական իշխանությունն ունի իր պատճառաբանությունները. «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից ու Էրդողանի կուսակցության հաղթանակից հետո տվյալ երկրի ղեկավարությունը ձեռնամուխ եղավ Թուրքիան վերածելու արեւելյան մենթալիտետին բնորոշ բռնապետական երկրի: Կարելի է ասել՝ ամեն ինչ սկսվեց լրագրողներին ձերբակալելուց: Այս ամենի հետ կապված լայնածավալ նյութ էր հրապարակել ամերիկյան «Վաշինգտոն Փոստ» պարբերականը: Հոդվածում նշվում էր, որ Թուրքիան վերածվել է «լրագրողական բանտի»»,-ասաց թուրքագետը՝ հավելելով, որ հատկապես վերջին շրջանում ավելացել են լրագրողների անհիմն ձերբակալությունները. «Որպես օրինակ կբերեմ ընդդիմադիր «Ջումհուրիեթ» թերթի միանգամից 11 լրագրողի ձերբակալությունը՝ նրանց գլխավոր խմբագրի գլխավորությամբ»:
Ինչպես նշեց Մուշեղ Խուդավերդյանը, ձերբակալության հիմքում ընկած է եղել այն հանգամանքը, որ լրագրողն իր հոդվածում նշել է, թե Թուրքիայի նախկին դատախազ Ալփերը, ով մահացել է խոշոր ավտովթարից, Գյուլենի դեմ առաջին մեղադրական ակտ կազմած դատախազն էր: Լրագրողական հոդվածը թուրքական իշխանության կողմից դիտվել է որպես վիրավորանք Ալփերի հիշատակին:
«Մեկ այլ դեպք էլ տեղի է ունեցել «CNN թուրք» հաղորդման ժամանակ, որի մեկնաբանը նշել էր, որ Էրդողան-Թրամփ հանդիպումը տեւել է ընդամենը 23 րոպե: Այս խոսքերի համար լրագրողուհուն ազատել են աշխատանքից»,- նշեց Խուդավերդյանը՝ տեղեկացնելով, որ վերջերս Թուրքիայում փակվել են ինչպես քրդական, այնպես էլ ազգային փոքրամասնություններին պատկանող գրեթե բոլոր լրատվամիջոցները: Միաժամանակ խիստ հսկողություն է դրվել թուրքական ընդդիմադիր «Սյոզջու» եւ «Զաման» թերթերի նկատմամբ:
Փաստորեն մինչ օրս գյուլենական լինելու մեղդրանքով Թուրքիայում աշխատանքից ազատվում են մի շարք լրագրողներ ու ԶԼՄ աշխատակիցներ. «Սա խոսում է այն մասին, որ թուրքական իշխանությունները փորձում են բռնի մեթոդներով սահմանափակել մամուլի ազատությունը՝ երկիրը դարձելով բռնապետական: Լրատվության ոլորտի աշխատակիցների աշխատանքի սահմանափակումը թուրքական իշխանությունները հիմնավորում են նրանով, որ լրագրողները համարվում են արտաքին ազդեցություն տարածողներ ու հենց լրագրողներից է պետք սկսել պայքարը»,-եզրափակեց թուրքագետը:
Սոսե Չանդոյան