«Երբ Իսրայելը բացահայտ հայտարարում է, որ օգնում է Ադրբեջանին, ինչո՞ւ է հայկական կողմը լռում». քաղաքագետ
ИнтервьюՕրերս հայ-ադրբեջանական սահմանագիծը կրկին լարված էր: Ադրբեջանական բանակի հերթական սադրիչ գործողությունների հետեւանքով զոհվեցին չորս զինծառայողներ, ունեցանք նաեւ վիրավորներ: Orer.am-ի հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը տեղի ունեցածի հետ կապված նշեց. «Այս զարգացումները կարելի է կապել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան կատարած այցի հետ: Դիրիժորն ակտիվացնում է իր գործողություններն այն ժամանակ, երբ ստանում է հրաման: Նկատել եմ մեկ բան՝ այդ գնդակոծություններն ու զոհերը մենք ունեցանք այն դեպքից հետո, երբ ՌԴ արտգործանախարը հայտարարեց, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով ու այս կոնտեքստում պետք է չանտեսվի արցախցիների շահը»:
Ըստ քաղաքագետի՝ ադրբեջանական կողմը նման գործելաոճով մեսիջ է հղում բանակցային գործընթացի կողմերին. «Նրանք ընդգծված ցույց են տալիս, որ թքած ունեն, թե ով ինչ կասի: Նման գործելաոճով առաջնորդվում են մեկ դեպքում, երբ ունենում են հովանավոր: Եկեք հիշենք, որ Իսրայելի հատուկ ծառայության պետն անցած տարի նոյեմբերին խոստովանեց, որ Ադրբեջանի ԱԱԾ-ում աշխատում են իսրայելցի սպաներ: Այստեղից մեկ եզրկացություն է պետք անել՝ Ադրբեջանն ընդգրկված է հակապարսկական, այդ թվում նաեւ հակառուսական խաղերում, իսկ մեզ էլ քիչ թե շատ դիտարկում են որպես Ռուսաստանի ու Պարսկաստանի գործընկեր ու մեզանով փորձում են ճնշում գործադրել խոշոր խաղացողների վրա»,-ասաց քաղաքագետը՝ հավաստիացնելով,որ իսրայելցիք Ադրբեջանի կողմից են:
Նա նկատեց նաեւ, որ թեեւ Իսրայելի իշխանությունը չի թաքցնում իր խաղաքարտերը, այնուամենայնիվ, հայկական կողմը տարօրինակ կերպով լռում է: Ս. Շաքարյանցը, զարմանք արտահայտելով, նշեց. «Երբ Իսրայելը բացահայտ հայտարարում է, որ օգնում է Ադրբեջանին, այս պարագայում ինչո՞ւ է հայկական կողմը լռում: Ինչո՞ւ հարցադրում չի արվում, թե ինչ կապ ունի Իսրայելը տարածաշրջանի հետ. Հենց այստեղից է պետք սկսել»:
Սոսե Չանդոյան