Աղջիկների կարճ շրջազգեստները մատնում են նրանց ներաշխարհը. ի՞նչ գաղտնիքներ է բացում հոգեբանը
ОбществоԱմառվա տապին ոչ ծովափնյա քաղաք Երեւանում հաճախ կարելի է հանդիպել բավական էկզոտիկ հագուկապով գեղեցիկ սեռի ներկայացուցիչների: Թափանցիկ եւ թեթեւ բլուզները, կարճ շորտերն ու կիսաշրջազգեստները էլ ավելի տրոպիկական տեսք են տալիս հատկապես արեւի լոգանք ընդունած աղջիկներին: Նման հագուկապն, ինչ խոսք, չի կարող բողոքի նոտա բարձրացնել արական սեռի ներկայացուցիչների մոտ, դե իսկ աղջիկների մոտ կարող է նախանձի թեթեւ դրսեւորումներ առաջացնել: Բացի վիզուալ կերպով ընդգծված ազատությունից, հարցն ունի ավելի խորքային կողմ: Ինչպես Orer.am-ի հետ զրույցում նշեց հոգեբան Ռուբեն Պողոսյանը, հատկապես վերջին տարիներին Հայաստանում մարդիկ հագուստի առումով դարձել են էլ ավելի ռիսկով: Համեմատական անցկացնելով եվրոպական երկրների նորաձեւությանը հետեւողների հետ՝, մասնագետն ասաց. «Ընդհանրապես եվրոպական երկրներում մարդիկ հագուկապի առումով շատ ավելի ազատ են լինում: Դա հատկապես նկատվում է ծովափնյա երկրներում: Մենք միանշանակ չենք կարող ասել, որ հագնվում ենք եվրոպացիների պես: Մենք մի մասով եվրոպացի ենք, մյուս մասով հայ: Դա ավելի շատ գալիս է կլիմայական պայմաններից»,-ասաց նա՝ հավելելով. «Ազատ հագուկապը գալիս է ներքին ազատության ցանկությունից, եթե մարդ չի կարողանում դրան տալ հոգեւոր ձեւ, ապա այն արտահայտվում է արտաքինից: Հոգեւոր ազատության հասնելու համար բավական մեծ ինտելեկտ է հարկավոր»:
Ազատության նման դրսեւորումները, ըստ Ռ. Պոսոյանի, ավելի շատ նկատելի են դեռահասների մոտ: Դա կյանքի մի շրջան է, երբ աղջիկներն ակտիվ փնտրտուքների մեջ են. «Նրանք փնտրտուքների մեջ են ինքնահաստատման ձեւի հետ կապված: Հետո արդեն, իհարկե, գտնում են իրենց ոճը: Այդ ընթացքում աղջիկները ունենում են տարբեր սանրվածքներ, կարող են հագնել տարբեր հագուստներ՝ խայտաբղետ եւ այլ ձեւի»,-ասաց մասնագետը՝ հիշեցնելով, որ մարդու հագուստն առաջինն է պատմում նրա խնդիրների ու գաղտնի ցանկությունների մասին:
Սոսե Չանդոյան