Հայտնի են «Արտ ֆեստ» միջազգային փառատոնի մրցանակակիրները
Культура«Մեկ տանիքի ներքո» խորագրով «Արտ ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնի փակման հանդիսավոր արարողությունը և մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ հունիսի 19-ին Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում:
«Այս տարվա փառատոնի ձեռքբերումն ուկրաինական պատվիրակության հետ կնքած հուշագիրն է, որը լայն հեռանկար է բացում մեր մասնակիցների համար: Այն «Արտ ֆեստ» փառատոնում աչքի ընկած երիտասարդներին հնարավորություն կտա դուրս գալ միջագային հարթակ, վերապատրաստվել արտասահմանում»,- նշեց փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը:
«Արտ ֆեստ»-ն ընդգրկում է արվեստի 10-ից ավելի ճյուղեր` գրականություն, կերպարվեստ, թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, դիզայն և դեկորատիվ կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում: Փառատոնի նպատակը ստեղծագործ երիտասարդների շրջանում մասնագիտական հմտությունների զարգացումը խթանելն է, փորձի փոխանակումը, միջազգային հարթակ ստեղծելը, նոր անուններ բացահայտելը:
Գրականության ոլորտում լավագույն պիես ճանաչվեց Հրանտ Շիրինյանի «Թայիթի» գործը, լավագույն դերասանուհի համարվեց Էմիլիա Նալբանդյանը, լավագույն գրաֆիկա անվանակարգում հաղթեց Կարո Հաջի Ասլանյանը, Լավագույն քանդակ համարվեց Ալիսիա Գևորգյանի գործը, լավագույն դերասան ճանաչվեց Ներսես Ավետիսյանը, լավագույն ֆիլմ համարվեց Շողեր Պետրոսյանի «Հայրենի հող» կինոնկարը: Լավագուն երիտասարդական հավաքածու անվանակարգում հաղթեց Հասմիկ Բարոյանը, իսկ լավագույն ազգային հավաքածու համարվեցին Լիլիթ Դոխոյանի ստեղծած հագուստները: Լավագույն սցենար անվանակարգում հաղթողներ չկային:
Կային մրցանակակիրներ նաև այլ անվանակարգերում:
Փառատոնի մասնակից գեղանկարիչ Վահե Ափոյանն ասաց, որ առաջին անգամ է մասնակցում «Արտ Ֆեստ»-ին և կարծում է, որ այն երիտասարդ ստեղծագործողներին հանրությանը ներկայանալու, ճանաչելի դառնալու հնարավորություն է տալիս: Նա հավելեց, որ տարիների ընթացքում հետևել է փառատոնի զարգացմանը և ընդգծեց, որ այն տարեցտարի ավելի ընդգրկուն և բովանդակալից է դառնում:
«Այն ասպարեզում, որտեղ աշխատում ու առաջընթաց չեմ տեսնում, շատ արագ հեռանում եմ, բայց արդեն չորրորդ տարին է, ինչ «Արտ Ֆեստ»-ի հետ եմ: Ցուցադրվեցին համարձակ, հետաքրքիր, աշխատանքներ, որոնք կարող ենք ներկայացնել նաև արտասահմանցի արվեստասերներին»,-շեշտեց փառատոնի գեղարվեստական ղեկավար Դավիթ Հակոբյանը:
Փառատոնի ժյուրիի անդամներն են կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը, լուսանկարիչ Սամվել Սևադան, գեղանկարչուհի Անաիդ Քեշիշյանը (Շվեդիա), մոդել-դիզայներ Բեբիմերի Սթրոմբերգը (Տանզանիա), Եկատերինա Պիլկինան (Ուկրաինա):
«Արտ Ֆեստ» երիտասարդական միջազգային փառատոնն անցկացվում է 2013 թվականից Երիտասարդ ստեղծագործողների միության, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Փառատոնի ստեղծման առաջին տարում մասնակիցների թիվն եղել է 130 երիտասարդ, իսկ այս տարի 500: