«Ցանկացած ապրանք Հայաստան ներմուծելիս պետք է խստագույն ստուգում անցնի». Բաբկեն Պիպոյան
ИнтервьюՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ օրերս Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները Վրաստանից Հայաստան ժամանած ավտոմեքենաների մեջ հայտնաբերել են ավելի քան կես տոննա ադրբեջանական ծագմամբ սննդային աղ և թեյ: Տեղեկացնենք, որ ադրբեջանական ծագմամբ մի շարք ապրանքների ներկրումը հանրապետություն կանխվել է:
Թեմայի շուրջ Orer.am-ը զրուցեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով նշեց, որ այս պահին չկա հստակ տվյալ, թե ում հետ գործ ունենք՝ տնտեսվարող սուբեկտի՞, թե՞ անհատի հետ. «Վերլուծություններ անելու համար հրապարակված տեղեկատվությունը բավարար չէ: Ինչ վերաբերում է ադրբեջանական ապրանքների ներմուծմանը հանրապետության տարածք, ապա ինստիտուցիոնալ մասով կարող եմ ասել, որ լավ վիճակում չենք: Խաղի կանոնները պետք է սահմանվեն այնպես, որ մենք մի կողմից կարողանանք աշխարհին ցույց տալ, որ քաղաքակիրթ ենք, ի տարբերություն Ադրբեջանի՝ թշնամություն չենք սերմանում ու քարոզում, մյուս կողմից էլ առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկիր ենք ու անհիմն սանկիացներ չենք կիրառի որեւէ երկրի արտադրանքի վրա: Մենք մեր վերահսկողությունը պետք է իրականացնենք այնպես, որ որեւէ տնտեսվարող անգամ ադրբեջանական տառ պարունակող ապրանք չներմուծեր՝ լավ իմանալով, որ լրացուցիչ քաշքշուկի մեջ է ընկնելու ու ոչ թե բյուրոկրատական, այլ ինստիտուցիոնալ է լինելու: Ասինքն կլինի խստագույն հսկողություն, փորձաքննություն, որն էականորեն կթանկացներ ապրանքների ինքնարժեքը, մյուս կողմից էլ այդ ապրանքը ներմուծման ենթակա չլիներ»,-ասաց Բ. Պիպոյանը՝ հավելելով, որ երբ վերը թվարկված դրույթները իրականացվում են ոչ լիարժեք, ապա ինքնստիքյան ոտնահարվում են բոլորի շահերն ու իրավունքները:
ՀԿ նախագահը նշեց նաեւ, որ ցակացած ապրանք Հայաստան ներմուծելիս պետք է խստագույն ստուգում անցնի՝ անկախ երկրի ծագումից. «Եթե համապատասխան փորձաքննություն անցկացնեն, ապա դժվար թե դրանից հետո մարդկանց մոտ ցանկություն առաջանա ոչ բարեկամ երկրից ապրանքներ ներկրել»:
Սոսե Չանդոյան