ՀՀ արդարադատության նախարարը՝ կարգադրիչների կողմից փաստաբաններին զննելու մասին
ИнтервьюՕրերս փաստաբանական համայնքում քննարկման առիթ է դարձել տարբեր վարչական շրջանների դատարանների կարգադրիչների կողմից փաստաբաններին զննության ենթարկելը: Հարկ է նկատել, որ զննության, իսկ որոշ փաստաբանների պնդմամբ՝ անձնական խուզարկության ենթարկվելը հատկապես նկատելի է քաղաքական ենթատեքստ ունեցող գործերով:
Թեմայի շուրջ Orer.am-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ. «Կարգադրիչների կողմից փաստաբանների փաստաթղթերին ծանոթանալու դեպքերին ընդհանրապես ծանոթ չեմ, ինչ վերաբերում է ընդհանուր անվտանգության կանոններին, ապա դա այլ հարց է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հատկապես քաղաքական երանգ ունեցող դատական գործերով անցկացվող զննությանը, Դ. Հարությունյանն ասաց. «Դրանք որեւէ առնչություն քաղաքական ենթատեքստով չունեն, քանի որ դատավարությունը չի կարող քաղաքական ենթատեքստ ունենալ, սակայն լինում են դատավարություններ, որոնք փորձ են արվում քաղաքականացվել: Այդ միջոցառումներն անց են կացվում ոչ թե քաղաքական ենթատեքստից ելնելով, այլ անվտանգության հետ կապված սպառնալիքներով: Խոսքը չի վերաբերում խուզարկությանը… ես անձաբ այնտեղ չեմ եղել, որ դա խուզարկություն համարեմ: Բայց փաստաբանը շատ լավ գիտի, թե ինչ կարգով պետք է նման գործողությունները բողոքարկի», -ասաց նախարարը՝ հավելելով. «Եթե փաստաբանը քայլ չի ձեռնարկում իր ենթադրյալ խախտված իրավունքի հետ կապված, հետեւաբար կարող ենք ասել, որ իրավունքը խախտված չէ»: