«Բարեկամ» Ռուսաստանի զենքով Ադրբեջանը սպանում է մեզ
АналитикаLraber.info-ն գրում է.
Երեկ տեղեկություն հայտնվեց, որ Ադրբեջան է ժամանել ռուսական զենքի հերթական խմբաքանակը, մասնավորապես Սոլնցեպյոկ զինատեսակը, որով ադրբեջանական կողմն ամենածանր հարվածներն էր հասցնում հայկական կողմին ապրիլյան պատերազմի ժամանակ:
Կրկին ռուսական զենքի վաճառք ու կրկին սահմանին լարվածության ֆոնին: Ռուսական պաշտոնյաները բնականաբար պնդում են, թե սա բիզնես է: Բնականաբար: Էլ ինչ կարող է բացի զենքից տալ աշխարհին Ռուսաստանը: Զենք և գազ, ուրիշ ոչինչ, որևէ տեխնոլոգիական առաջընթաց, որևէ քաղաքական կոնստրուկտիվ պրոդուկտ Ռուսաստանը ի վիճակի չէ տալու: Ռուսները այսքան տարի է չեն կարողանում նույնիսկ ավտոմեքենա արտադրել:
Զարմանալիորեն ռուսական բիզնեսի շահերը համընկնում են նրանց քաղաքական շահերի հետ ՝ վաճառել զենք կոնֆլիկտող երկու կողմերին էլ ու դա հիմնավորել մի դեպքում բիզնես շահերով, մեկ այլ դեպքում ՝ տարածաշրջանում բալանսը պահելով:
Իսկ հայկական կողմը մեկումեջ հնչող մեղմիկ դժգոհությունների արանքում չի մոռանում կրկնել ՝ ռուսներն ընդամենը բիզնես են անում, հետո էլ ավելացնում են ՝ «զատո մենք իսկանդեր» ունենք:
Իրավիճակի ողբերգությունը սակայն կայանում է ոչ թե նրանում, որ Ադրբեջանին ռուսները զենք են վաճառում: Ողբերգությունն ու տրագիկոմեդիան այլ տեղում ՝ ռուսները փորձում են մեզ համոզել, թե մենք հատուկ դաշնակիցներ ենք իրենց համար, դարավոր եղբայրներ ենք, դրա համար էլ կարիք ունեն զենքի վաճառքն արդարացնել բիզնեսով: Կարծես, թե տարբերություն կա մեր զինվորները զոհվում են բիզնեսի, թե քաղաքականության արդյունքում վաճառված զինատեսակներից:
Իսկ հայկական կողմն էլ, վախից կամ միգուցե հոգու խորքում փափագվող հույսի վերջին շողից ելնելով փորձում է արդարացնել ռուսների քայլերը: Բնականաբար, մերթ ընդ մերթ նաև իբր ատամ ցույց տալով ռուսներին:
Ամբողջ խնդիրը ոչ թե զենքի վաճառքի մեջ է, այլ, որ թե ռուսական կողմը, թե հայկական կողմը փորձում են փայփայել ինչ-որ միֆ հայ-ռուսական ունիկալ հարաբերությունների մասին: Չկան ունիկալ հարաբերություններ, չկա դարավոր եղբայրություն: Ռուսական կողմը դա անում է Հայաստանը չկորցնելու, կոպիտ ասած ՝ Հայաստանին կուտ տալու համար: Բայց ինչու՞ է դա անում հայկական կողմը, ու՞մ է համոզում, ռուսների՞ն: Իզուր, նրանք շարունակում ենք զենքի վաճառքը մեր թշնամուն: Մնում է կարծել, որ հայկական կողմը համոզում է ինքն իրեն կամ էլ իր վախերը ծածկում է ռուսական պաշտոնական տեսակետը հայաստանյան լսարանի քիմքին հարմարեցնելով:
Լևոն Մարգարյան