Անցած տարվա համեմատ ՀՀ-ում զբոսաշրջիկների աճ է գրանցվել. տուրիզմի փորձագետ
ИнтервьюՆերգնա տուրիզմի հետ կապված՝ կարող ենք արձանագրել, որ զբոսաշրջիկների մեծ աճ է արձանագրվել: Այս մասին Orer.am-ի հետ զրույցում նշեց տուրիզմի փորձագետ Մարինա Ավետիսյանը. «Թեեւ անցած տարի ապրիլյան պատերազմն ու որոշ քաղաքական իադարձություններ Երեւանն ու Հայաստանը դարձրեցին օտարերկրացիների համար մի փոքր վտանգավոր, բայց այս տարի զբոսաշրջիկների թիվը կրկին աճել է: Պատճառն այն է, որ ուշադրություն է դարձվում տեղեկատվական դաշտին: Պետք է նկատել, որ այսօր արդեն Հայաստանը գովազդվում է որպես տուրիստական բրենդ, որը շատ կարեւոր է: Կազմակերպվում են փառատոններ, նկարահանվում են տեսահոլովակներ: Այս ամենն էլ ավելի հետաքրքիր է դարձնում մեր երկիրը դրսից եկած զբոսաշրջիկների համար»:
Որպես կարեւոր երկրորդ հանգամանք, որը պետք է ձգի դեպի Հայաստան տուրիստներին, հյուրանոցային համալիրներն են եւ մատուցվող ծառայությունները. «Կենտրոնում առկա են տարբեր գնային քաղաքականություն ունեցող հյուրանոցներ, եւ դա լավ է: Այստեղ կարեւոր է մատուցվող ծառայությունների ձեւը: Մեզ ժպիտն է պակասում գործն առաջ տանելու համար: Մենք մեր երկրում տուրիստներ շատ չենք ընդունել, այդ իսկ պատճառով դեռ չենք տիրապետում բոլոր հմտությունների»,-ասաց մասնագետը:
Մարինա Ավետիսյանը հավաստիացնում է՝ տնտեսության զարգացման լավագույն մեթոդներից մեկը տուրիզմի զարգացումն է, ուստի պետք է արվի հնարավոր ամեն ինչ երկրին ու դրան զուգահեռ տուրիզմը զարգացնելու համար:
Սոսե Չանդոյան