ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Համաշխարհային բանկի կողմից հրապարակված «Doing Business 2015» վարկանիշային աղյուսակին, ըստ որի՝ Հայաստանը չորս կետով բարելավել է իր դիրքը՝ 49-րդ հորիզոնականից բարձրանալով 45-րդ հորիզոնական,-այս մասին հայտնում է ORER.am-ը: Վարչապետի խոսքով՝ միայն հարկերի վճարման բաղադրիչով Հայաստանը 73-րդ տեղից հասել է 41-րդ տեղ, և այստեղ իր դերակատարումն է ունեցել էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկումն ու տարածումը. «Ուզում եմ, որ բոլոր նախարարները շարունակեն մոնիտորինգի ենթարկել իրենց ոլորտները և ոչ միայն ձեռնարկել միջոցառումներ դրանք բարելավելու, այլ՝ հանրությանը դա ներկայացնելու»,-ասաց Հովիկ Աբրահամյանը: Վարչապետը նշեց, որ կարևոր է հանրությանը ներկայացնել ոչ միայն գործարար միջավայրի պայմանները, այլ նաև արտադրողին և պետք է ընդունելությունների ու միջոցառումների ժամանակ դրսևորվելու հնարավորություն տալ նաև արտադրողին: