Սփյուռքի նախարարությունը հետևողական է լինելու հայադարձության ծրագրի իրականացման հարցում
ОбществоՍփյուռքի նախարարությունը աշխատում է բոլոր կազմակերպությունների հետ հայադարձության ծրագիրը կյանքի կոչելու համար: Օգոստոսի 31-ին տեղի ունեցած ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Նախարարությունը նրանց առաջարկել է հայադարձության ծրագիրը, որը գտնվում է նախարարության հայեցակարգում: Սա նշանակում է, որ բոլոր կառույցները պետք է մտածեն համայնքից արտագաղթած հայերին կամաց-կամաց համայնք բերելու համար»,- ասաց Հակոբյանը:
Սփյուռքի նախարարը նշել է, որ հատուկ ուշադրություն է դարձվում նաև խառնամուսնությունների խնդրին:
«Պատահական չէ, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում ներգրավված են նաև հայի ու այլազգի ամուսնությունից ծնված երեխաները: Հայադարձության ամենագլխավոր ազդակը, որ մենք ուղղեցինք աշխարհին` հայը այն մարդ է, որ իրեն հայ է զգում»,- ընդգծեց նախարարը:
Հասարակական խորհրդի նիստին ներկայացվեցին նաև զեկույցներ հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի, սփյուռքի նախարարության «Տեղեկատվական և ուսուցողական կայքերի մշակման և սպասարկման ծառայություններ» ծրագրի կատարման ընթացքի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի գործունեության, Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և սփյուռքի նախարարության հետ հայտարարված գիտական և ստեղծագործական լավագույն աշխատանքների համահայկական հերթական «Մրցանակաբաշխություն 2016»-ի արդյունքների վերաբերյալ: