Ինչու՞ փչացրեցիք տղային
АналитикаՀայ առաջատար շախմատիստ Լևոն Արոնյանը նվաճեց Շախմատի աշխարհի գավաթը։ Լուրն անշուշտ ուրախալի է։ Ցանկացած երևույթ, որը միջազգային ճանաչում կբերի Հայաստանին՝ դրական առումով, արժանի է միայն գովեստի։
Տողերիս հեղինակը չլինելով շախմատի սիրահար, ամեն դեպքում հասկանում է այդ մրցաշարի կարևորությունը նաև այն առումով, որ այստեղ երևում են հասարակությունների ինտելեկտուալ բաղադրիչները։
Այս ամենով հանդերձ, սոցիալական կայքերի օգտատերերը բավականին հետաքրքրիր կերպով արձագանքեցին Լևոն Արոնյանի հաղթանակին։ Վաղուց ստեղծվել է մի վիճակ, երբ Լևոն բառը մեզանում ընկալվում է քաղաքական իմաստով։ Այդպես էր մեծ շարժման՝ 1988-ի տարիներին, այդպես էր 2008-ի շարժման ժամանակ։
Անգամ եղավ մի փուլ, երբ Լևոն անունն օգտագործող մարդիկ համարվում էին այլախոհներ։ Տրամաբանական է։ Հայաստանյան իրադարձություններին քիչ թե շատ տեղյակ մարդը, կհասկանա, թե ինչի մասին եմ խոսում։ Սոցկայքային հանրույթը, որն ունի ավելի ընդգծված քաղաքական-քաղաքացիական դիրքորոշում, այս հաղթանակն օգտագործեց նաև ենթատեքստում ունենալով քաղաքական նրբերանգներ, անգամ՝ հումորային գրառումների տեսքով։
Արտաքին աշխարհի համար, իհարկե լավ է, որ ունենք Լևոնի նման ներկայացուցիչ։ Սակայն պատասխանեք խնդրում եմ, ինչո՞վ է տարբերվում Արոնյանը Շուշան Պետրոսյանից։ Ասեմ, որևէ մեկին չի սպառնում աչքերն հանել։ Բնական է, որ ազգիս ընտիր հատվածը, այս տողերի մեջ կարող է տեսնել չարություն։ Կարող է պնդել, որ Լևոնն իր գործը շատ լավ է անում։ Այո, համաձայն եմ, լավ է անում։ Ու պետք է աներ իր գործը։ Սակայն նա որոշել է նաև օգտակար լինել իշխանություններին՝ ներքին հանցավոր ռեժիմի կարիքները հոգալու համար։ Սա արդեն վատ է։ Լևոնը մտավորական է լավ իմաստով։ Սակայ զբաղվելով հանրապետականի փիառով ու մաս կազմել այդ ապապետական կառույցի գովազդային աշխատանքներին, գոնե ինձ համար, նա դառնում է նրանցից մեկը։
Լուրեր տարածվեցին, որ Լևոն Արոնյանի հարսանիքի քավորը լինելու է Սերժ Սարգսյանը։ Այստեղ առաջանում է վերտառության մեջ առկա հարցը։ Ինչու՞ փչացրեցիք տղային։ Արդ ինչո՞վ է Հայաստանը տարբերվում աֆրիկյան բռնապետություններից, որտեղ ցանկացած հաջողություն գրանցած մարզիկ կամ մտավորական, իր կամքից անկախ, պարտավոր էր ներկայացնել բռնապետին ու ժպտալով լուսանկարվել նրա հետ։
Վահրամ Թոքմաջյան, Orer.am / վերլուծաբան