Ինչպե՞ս պարզել, որ լուսանկարը ենթարկվել է Photoshop-ի
LifestyleՄեր օրերում չի կարելի ոչ մեկին հավատալ: Անգամ եթե որպես ապացույց ձեզ են ներկայացնում ամենահամոզիչ լուսանկարները: Photoshop-ի զորությամբ ու օգնությամբ լուսանկարների հետ կարելի է ցանկացած փոփոխություն անել: Ուստի ամեն ինչ պետք է ստուգել: Իսկ թե ինչպես, կպատմի MyNews-ը:
Տեսողական զննություն
Այսօր գրաֆիկական խմբագիրներն օգտագործվում են ամենուր, լինեն դրանք հեռախոսով նկարած սովորական լուսանկարներ, թե պրոֆեսիոնալ ֆոտոսեսիաների արդյունքներ: Բայց մի բան է, երբ գրաֆիկական ծրագրի միջոցով ուղղվում է լուսավորությունը կամ կոնտրաստը, մեկ այլ բան, երբ փոփոխվում է ֆոնը, ուղղվում կառուցվածքը կամ իրերի դասավորությունը: Այստեղ խոսքը ֆոտոկեղծիքի մասին է:


Բայց անգամ ամենահմուտ մասնագետները երբեմն չեն կարողանում լիարժեք խաբել: Հաճախ կենտրոնանալով ինչ-որ կոնկրետ բանի վրա, օրինակ իրանի փոքրացման, նրանք մոռանում են ճիշտ տեղում գցել ձեռքը կամ զգեստի ավելորդ հատվածները: Նմանատիպ սխալների կարելի է հանդիպել անգամ ամենալավ ամսագրերում: Ուստի նախ և առաջ կարելի է ուշադիր հայացք նետել լուսանկարին և հետևյալ կետերի միջոցով պարզել, թե արդյոք լուսանկարի հետ ամեն բան կարգին է, թե ոչ.
- Հաշվեք, թե նկարին քանի ձեռք ու ոտք կա: Արդյո՞ք լուսանկարում կարելի է տեսնել հերոսի բոլոր վերջույթները: Արդյո՞ք իրական կյանքում հնարավոր է ստանալ նման դիրք՝ առանց հոդախախտի և այլ լուրջ վնասվածքների:
- Ուշադրություն դարձրեք մազերին և դրանց կողքին գտնվող օբյեկտներին: Սկսնակ կեղծարարների համար դա բավականին դժվար օբյեկտ է, ուստի այստեղ շատ հետաքրքիր բաներ կարելի է գտնել:
- Գնահատեք լուսանկարում առկա իրերի չափսն ու ձևը: Հաճախ մի օբյեկտի փոփոխությունը հանգեցնում է մյուս իրերի փոփոխությանը, որոնց վրա ուշադրություն չեն դարձնում: Օրինակ, ուշադրություն դարձրեք այս լուսանկարին:

- Ուշադրություն դարձրեք ստվերներին: Անգամ ամենահմուտ մասնագետների համար շատ դժվար է վերականգնել լույսի ու ստվերների բնական խաղը: Այստեղ պետք է շատ ուշադիր լինել, քանի որ երբեմն բնությունն էլ հետաքրքիր խաղ է խաղում մեզ հետ, օրինակ Լուսնի վրա հայտնի լուսանկարում դրոշի ստվերի բացակայությունը:

Ծրագրային միջոցներ
Սուր հայացքից բացի գոյություն ունեն նաև այլ միջոցներ: Ահա մի քանի վեբ-ծրագրեր, որոնք կօգնեն պարզել, արդյոք լուսանկարը ենթարկվել է փոփոխության, թե ոչ:
Findexif.com
Վերականգնում է լուսանկարի բոլոր մետատվյալները: Դուք կարող եք իմանալ, թե երբ է արվել լուսանկարը, ինչ պայմաններում, ինչ սարքի միջոցով: Որոշ դեպքում հնարավոր է անգամ պարզել լուսանկարման վայրը:
Foto Forensics
Շատ օգտակար կայք, որն օգնում է պարզել, թե ինչ օբյեկտներ են ավելացվել կամ փոփոխվել լուսանկարի վրա: Աշխատում է Error level analysis (ELA) տեխնոլոգիայով, որը բավականին հստակ արդյունքներ է տալիս:

Izitru
Այս ծառայությունը վերլուծում է ձեր լուսանկարը միանգամից վեց թեստի միջոցով: Արդյունքում հնարավոր է լինում պարզել, թե ինչ փոփոխությունների է ենթարկվել նկարը:
Tineye.com
Սա մասնագիտացված կայք է, որը զբաղվում է լուսանկարի փնտրտուքով: Այսինքն այն գտնում է բոլոր լուսանկարները, որոնք ամբողջությամբ կրկնում են կամ նման են ձեր վերբեռնված լուսանկարին: Այսպես դուք կիմանաք, արդյոք տվյալ լուսանկարն օրիգինալ է, թե վերցված է այլ աղբյուրից: