Սոցիալական ոլորտի ծրագրերը փորձում ենք հասանելի դարձնել խոցելի խմբերին. Արտեմ Ասատրյան
ОбществоՀայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն անդրադարձել է աղքատության ցուցանիշին, որն ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2016 թվականին կազմել է 29.4 տոկոս: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ ԱՎԾ վիճակագրությունն ավելի մանրամասն ուսումնասիրության կարիք ունի:
«Բնականաբար, յուրաքանչյուր տարի, երբ հրապարակվում են այդ տվյալները, մեր նախարարությունը մանրամասն ուսումնասիրում է հատկապես աղքատության ռիսկի ենթակա սոցիալական խմբերի հետ կապված փոփոխություններ կան, թե ոչ, և այն բոլոր գործոնները, որոնք ազդեցություն են ունենում աղքատության վրա: Առաջին հերթին սոցիալական ոլորտի ծրագրերը փորձում ենք հասանելի դարձնել խոցելի խմբերին և ուղղել աղքատության կրճատմանը»,- նշեց նախարարը:
Հարցին, թե ե՞րբ հնարավոր կլինի հասնել աղքատության կրճատման, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ կառավարության ծրագրով ամրագրված մի քանի թիրախային ցուցանիշներից մեկը վերաբերում է հենց աղքատության խնդրին:
«Եվ այդ առումով կառավարության 2017-2022 թվականների ծրագրի բովանդակության հիմնական ուղղվածությունը հենց իր մեջ ներառում է աղքատության կրճատման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները»,- ասաց նա:
Հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանում սոցիալական բևեռացումը բարձր, նա պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ դա միայն բնորոշ է Հայաստանի Հանրապետությանը: Ընդհանրապես գործազրկության մակարդակի բարձր լինելը լրացուցիչ բացասական ազդակ է հաղորդում եկամուտների հավասարաչափ բաշխման խնդրի լուծմանը: Եթե մենք երիտասարդության մոտ ունենք գործազրկության բարձր մակարդակ, նշանակում է, որ երիտասարդների մուտքն աշխատաշուկա ավելի դժվարին ու խրթին է»: