ԱԺ-ում չներկայացված կուսակցությունները այս ընթացքում ևս փորձում են ներքաղաքական պրոցեսների հետ կապված հստակեցումներ անել և ներկայացնել իրենց առաջարկները՝ կապված երկրում տիրող իրավիճակի հետ: Իրեն ազգային գաղափարների կրող «Հայազն» կուսակցությունը այսօր կանցկացնի իր համագումարը, որի ընթացքում, բացի անցյալ տարին ամփոփելուց, կներկայացնեն նաև մեկնարկող քաղաքական գործընթացները։ «Օրակարգում կուսակցության նախորդ տարվա գործունեության ամփոփումն է լինելու, ներքաղաքական իրավիճակի գնահատականը, ինչպես նաև դեկտեմբերին սկսվող քաղաքական գործընթացի անոնսը» ,- ORER.am-ի հետ զրույցում ասաց «Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը: Մեր զրուցակիցը, անդրադառնալով այն լուրերին, որ «Հայազնը» պատրաստվում է միանալ Քաղաքացիական պայմանագրին, ասաց. ««Հայազն» -ը անձ չէ, որ միանա որևէ քաղաքական կազմակերպության: «Հայազնում» հավաքված են քաղաքացիներ, ովքեր որոշել են իրենց գործունեությունն իրականացնել «Հայազն»-ի պատերի ներսում: Տեղեկատվական այդ աբսուրդը մերժվեց թե մեր, թե Քաղաքացիական պայմանագրի կողմից: Իսկ համագործակցության բազմաթիվ առանցքներ արդեն իսկ ուրվագծված են թե՛ Քաղաքացիական պայմանագրի, թե այլ կազմակերպությունների հետ: Կարծում եմ՝ այս թեման արդեն փակված է»,- եզրափակեց Արմեն Մկրտչյանը: