Միջազգային հանրությունը պետք է Արցախն ընդունի ազգերի ընտանիք. Ջոն Էվանսի հոդվածը The National Interest-ում
Международные новостиՄիջազգային հանրությունն արդեն ժամանակն է, որ ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին The National Interest ամսագրում հրապարակված հոդվածում գրում է Հայաստանում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Ջոն Էվանսը, ով անդրադարձել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի առաջիկա այցին ԱՄՆ:
«Այս շաբաթ Արցախի՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախագահ Բակո Սահակյանը կայցելի Վաշինգտոն: Նա չի ընդունվի ԱՄՆ վարչակազմի կողմից մասամբ նաև այն պատճառով, որ ԱՄՆ-ն լուռ է մնում այն հարցի շուրջ, թե արդյոք Արցախը պետք է ի վերջո անկախ լինի Ադրբեջանից, որին կցվել էր 1921 թվականին Իոսիֆ Ստալինի կողմից»,-գրում է ԱՄՆ նախկին դեսպանը: Նա ընդգծում է, որ Վաշինգտոնը, ինչպես որևէ այլ երկիր, չի ճանաչում Արցախը, սակայն Բակո Սահակյանին նախորդած նախագահը (Արկադի Ղուկասյանը), ով 1999 և 2002 թվականներին այցելել էր ԱՄՆ, աշխատանքային մակարդակում հանդիպել էր պետդեպարտամենտի պաշտոնյաների: Բացի այդ, Վաշինգտոնում կա Արցախի ոչ պաշտոնական ներկայացուցիչ:
Էվանսը նշում է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանի և Ֆրանսիայի հետ ավելի քան 20 տարի ԵԱՀԿ շրջանակում միջնորդական առաքելություն է իրականացնում՝ հանուն ԼՂ խնդրի կարգավորման: Նա ընդգծում է, որ թեպետ կարգավորման հասնել դեռևս չի հաջողվել, սակայն այս ընթացքում Արցախի ժողովուրդը կառուցել է բարգավաճող ժողովրդավարություն՝ հիմնված շուկայական տնտեսության սկզբունքների, ազատ և արդար ընտրությունների, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի վրա:
Հիշեցնելով 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմը՝ դիվանագետը նշում է՝ ադրբեջանական կողմը զանազան վայրագություններ էր իրականացրել, որոնք հիշեցնում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործելաոճը:
«2016 թվականի պատերազմին հաջորդած հուլիսին այցելելով Արցախ՝ սեփական աչքերով ականատես եղա նրան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ու դե ֆակտո իշխանությունները, չնայած աշխարհի կողմից «չճանաչված» լինելու փաստին, գործող ժողովրդավարություն են կառուցել: Նրանք ի ցույց են դրել պետությանը հատուկ բոլոր հատկանիշները, որոնք նշվում են Մոնտեվիդեոյի կոնվենցիայում՝ բացառությամբ վերջինի. այն է՝ այլ պետությունների հետ հարաբերություններ հաստատելու կարողությունը: Իրականում նրանք ունեն կարողությունը, սակայն այդ հնարավորությունը նրանց մերժվում է»,- գրում է ՀՀ նախկին դեսպանը: Նա հիշեցնում է, որ Ադրբեջանը պատժում է ցանկացածին, ով այցելում է Արցախ՝ ներառելով նրանց Բաքվի այսպես կոչված «սև ցուցակում»: Հեղինակն ընդգծում է, որ այդ շարքում են օպերային երգիչ Մոնսերատ Կաբալյեն, հայտնի խոհարար Էնթոնի Բըրդեյնը, Washinton Post-ի սյունակագիր Դևիդ Իգնատիուսը և շատ ուրիշներ, այդ թվում և հենց ինքը՝ Էվանսը:
Նա նշում է, որ համաձայն վերջերս Բրյուսելում հանդիպած միջազգային իրավունքի փորձագետների՝ ինքնորոշման իրավունքը գերազանցում է տարածքային ամբողջականության սկզբունքին, որը կարելի է օգտագործել միայն պետությանը արտաքին վտանգներից պաշտպանելու դեպքում՝ չխոչընդոտելով, սակայն, փոքրամասնության իրավունքները:
«Ժամանակն է, որ միջազգային հանրությունը ողջունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը/Արցախը ազգերի ընտանիքում: Արմինե Ալեքսանյանը՝ Արցախի փոխարտգործնախարարը, վերջերս Եվրախորհրդարանում ասաց. «Ղարաբաղը երկիր է, այլ ոչ թե հակամարտություն»: Արցախի ժողովուրդը պարզապես ցանկանում է ապրել իր կյանքը խաղաղության և ազատության մեջ: Թեպետ Արցախի Հանրապետության կարգավիճակը դեռևս վերջնականորեն որոշված չէ, սակայն Արցախի ժողովուրդն ունի և պետք է վայելի նույն իրավունքները, ինչ մենք բոլորս, և չպետք է մեկուսացման մեջ մնա մնացած մարդկության կողմից»,- եզրափակում է Ջոն Էվանսը: