Ռ.Մախմուդյանի հրավերով Հայաստանում եզդիական համայնքի մոտ 70 ներկայացուցիչ մասնակցեցին օրենքի նախագծի քննարկման
ОбществоԱյսօր ՀՀ ԱԺ-ում պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում ՀՀ կառավարության հեղինակած «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագծի շուրջ:
Քննարկմանը ներկա էին ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, ինչպես նաեւ Ռուստամ Մախմուդյանի հրավերով Հայաստանում եզդիական համայնքի մոտ 70 ներկայացուցիչ:
Բացման խոսքում հանձնաժողովի փոխնախագահը կարեւորեց օրինագիծը՝ նշելով, որ եզդիական համայնքը պետք է էլ ավելի ակտիվ մասնակցություն ունենա նմանօրինակ նախագծերի քննարկումներին: Ռուստամ Մախմուդյանը հորդորեց նաեւ մանրամասն ծանոթանալ նախաձեռնությանը, ներկայացնել առաջարկներ:
Ինչպես իր խոսքում նշեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, նախագծի առկայությունը պայմանավորված է 2015 թվականին տեղի ունեցած սահմանադրական փոփոխություններով:
Ըստ նրա՝ եղել են հատվածական իրավակարգավորումներ, սակայն անհրաժեշտություն կա ունենալու միասնական օրենք:
Նշենք, որ նախագծով սահմանվում են «ազգային փոքրամասնություն» եւ «ազգային փոքրամասնության ներկայացուցիչ» հասկացությունները, ամրագրվում նրանց իրավունքներն ու վերջիններիս իրականացման երաշխիքները տարբեր ոլորտներում, սահմանվում դրույթներ՝ ուղղված ազգային փոքրամասնությունների ինքնության պահպանմանը, կրթությանը եւ այլ հարցերի լուծմանը:
Ի դեպ, Վիգեն Քոչարյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է ստեղծել Ազգային փոքրամասնությունների պալատ, որը գործելու է Հանրային խորհրդին առընթեր: Նրա գնահատմամբ՝ նախագիծը ոլորտում արմատական փոփոխություններ չի նախատեսում:
Այս ամենից բացի, հանդիպման ընթացքում Ռուստամ Մախմուդյանը հայրենակիցներին ներկայացրեց իր մեկ տարվա խորհրդարանական գործունեությունը, որի համար եզդիական համայնքի ներկայացուցիչները երախտագիտություն հայտնեցին:
Հանդիպմանը բարձրաձայնվեցին ու քննարկվեցին նաեւ եզդիական համայնքին մտահոգող մի շարք խնդիրներ: