Հանրահայտ Մարտին Յորգանսը Հյուսիսային պողոտայում կմասնակցի «Ճկույթիկ» համերգային ծրագրին. «Երևանյան ամառ 2018»-ի մանրամասները
ОбществоՀունիսի մեկին կմեկնարկի արդեն վեցերորդ տարին անընդմեջ իրականացվող «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագիրը, որը կազմակերպում է Երևանի քաղաքապետարանը: Այս տարի այն նվիրված է մայրաքաղաքի հիմնադրման 2800-ամյակին:
ORER.am-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպմանը Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանն ու քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը ծանոթացրեցին միջոցառումների ծրագրի ժամանակացույցին և կարևոր նախաձեռնություններին:
«Ծրագիրն, ինչպես միշտ, կազմվել է այնպես, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա գտնել իր համար նախընտրելի միջոցառում: Նշեմ նաև, որ դրանք կանցկացվեն ոչ միայն Երևանի քաղաքապետարանի կողմից, այլ նաև համայնք-մասնավոր հատված համագործակցության շրջանակում»,- հայտնեց Արազ Բաղդասարյանը:
Ռուբեն Հովհաննիսյանն էլ նշեց.«Մայրաքաղաքում ամառը հագեցած կլինի հատկապես ավանդական դարձած և սիրված փառատոներով, այդ թվում` «Համով-հոտով Երևան», «Երևան ՏԱՐԱԶֆեստ», «Ֆրեսկո», Գարեջրի և Ձմերուկի փառատոները: «Երևանյան ամառ 2018» ծրագրով այս տարի առաջին անգամ կանցկացվի «Երևան Քվեսթ» ինտելեկտուալ մրցույթ, «Ես և բնությունը» բնասիրական դիմակահանդես, «Երաժշտություն անիվների վրա» երաժշտական զբոսանք Երևանով, ինչպես նաև մի շարք այլ միջոցառումներ:
Երևանի Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցում առաջին անգամ կանցկացվի հաշմանդամություն ունեցող անձանց հոկեյի առաջնություն: Մարզական միջոցառումների շարքում այս տարի առաջին անգամ կօգտագործվի նաև Երևանյան լիճը, որտեղ սպասվում են ջրային մարզաձևերի ցուցադրական ելույթներ: Հունիսի 27-ին Հյուիսային պողոտայում «Ճկույթիկ» համերգային ծրագիրն է լինելու, որին մանսկացելու է նաև Մարտին Յորգանսը:
«Երևանյան ամառ 2018»-ի շրջանակում յուրաքանչյուր շաբաթ օր Երևան քաղաքի պատմության, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, Ժամանակակից արվեստի և Կ. Դեմիրճյանի անվան թանգարաններում, ինչպես նաև «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահում ու «Հայ-Արտ» մշակութային կենտրոնում այցելուների մուտքը կլինի ազատ: Մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյակին նվիրված «Երևանյան ամառ 2018» միջոցառումները կամփոփվեն օգոստոսի 31-ին՝ «Ցտեսություն ամառ» ծրագրով:»:
Գևորգ Օրբելյանի խոսքով` Երևանում անցկացվող փառատոներն արդեն հասցրել են հետաքրքրել օտարազգիներին, սպասվում է փառատոներին մասնակիցների աշխարհագրության ընդլայնում: Ըստ նրա` քաղաքապետարանը մշտապես ուսումնասիրում է Երևան այցելող զբոսաշրջիկների հետաքրքրությունները:
«Առաջիկայում հանրությանը նորովի կներակայանան «Երևան Սիթի տուր» երկհարկանի ավտոբուսները: «Բացահայտենք Երևանը» և «Եկեք տոնենք միասին» կարգախոսերով կկազմակերպվի ցերեկային ու գիշերային զբոսանք՝ զբոսաշրջիկներին և մայրաքաղաքի հյուրերին ծանոթացնելով Երևանի տեսարժան վայրերին և պատմամշակութային հուշարձաններին»,- ասաց Օրբելյանը: