Արամ Խաչատրյանի հոբելյանը կնշանավորվի բալետային փառատոնով
LifestyleԱրամ Խաչատրյանի ծննդյան 115-ամյակին նվիրված Բալետի փառատոնին կներկայացվեն խաչատրյանական «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես» բալետները։ Փառատոնը կանցկացվի հունիսի 8-13-ը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին փառատոնի կազմակերպիչները:
«Աշխարհի տարբեր ծայրերում ներկայացվում է Խաչատրյանի այս կամ այն բալետը, սակայն միայն մեր թատրոնում են ցուցադրվում նրա երեք բալետները, այն էլ աստղաբույլով»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց փառատոնի նախաձեռնողը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանը:
Թատրոնի գլխավոր բալետմայստեր, «Գայանե», «Դիմակահանդես» բալետային ներկայացումների բեմադրիչ Վիլեն Գալստյանի խոսքով` ինքը հպարտ է, որ մենք Արամ Խաչատրյան ունենք, որը երեք բալետ է նվիրել մեզ: «Մենք պետք է շնորհակալ լինենք Արամ Խաչատրյանին մեր փոքր ազգին երեք հրաշալի բալետ նվիրելու համար: Օրինակ՝ Ուկրաինայի պես հարուստ երկիրը չունի ոչ մի ազգային բալետ»,-շեշտեց Գալստյանը:
Մենակատարներ Սյուզաննա Փիրումյանը, Մերի Հովհաննիսյանը, Սևակ Ավետիսյանը և Ռուբեն Մուրադյանը նշեցին, որ սիրով են կերպավորում բոլոր դերերը, և երեք բալետային ներկայացումներն էլ սիրում են: Ռուբեն Մուրադյանն ասաց, որ ներկայացումները շքեղ են, հեքիաթային: «Այն, որ երեք բալետներից երկուսը մաեստրո Գալստյանի բեմադրություններն են, արդեն իսկ ձեռքբերում է: Ափսոսում եմ, որ Խաչատրյանը երեք բալետ է գրել. լավ կլիներ, որ տասից ավելին ստեղծեր»,-նշեց նա ու հավելեց, որ իր համար ճակատագրական ներկայացում էր «Սպարտակ»-ը, որն իրեն ճանաչում բերեց ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս:
Բալետային խմբի ղեկավար Արմեն Գրիգորյանն ընդգծեց, որ մենք հրաշալի արտիստներ ունենք ու պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել նրանց, քանի որ մեր պարողները չեն զիջում ոչ ոքի:
Փառատոնի բացման հանդիսավոր արարողությանը Խաչատրյանի երեք բալետներին նվիրված ցուցահանդես կանցկացվի: Նախատեսված է նաև Արամ Խաչատրյանի մասին պատմող տեսաֆիլմի ցուցադրություն:
Փառատոնային երեք օրերին հոբելյանական հետաքրքիր միջոցառումներ կիրականացվեն:
«Գայանե» պարտիտուրի պատմությունը սկիզբ է առնում 1939 թվականին գրված «Երջանկություն» բալետից: «Գայանե»-ի մասին Արամ Խաչատրյանն ասել է. «Ռազմաճակատին զենք, հաց, մախորկա էր անհրաժեշտ, իսկ հոգևոր սննդի` արվեստի կարիք ուներ և՛ ճակատը, և՛ թիկունքը: Մենք` արտիստներս ու երաժիշտներս, հասկանում էինք այդ ամենը, և մեր ուժերը ներդնում դրանում: Մոտ 700 էջից բաղկացած «Գայանե»-ի պարտիտուրը գրեցի կես տարվա ընթացքում հյուրանոցային սառն ու փոքր սենյակում, որտեղ դաշնամուր, աթոռակ, սեղան ու մահճակալ կար»:
«Սպարտակ»-ի մասին Արամ Խաչատրյանն ասել է. «Ձեռնամուխ եմ լինում ստեղծագործական մեծ հուզմունքի զգացումով»:
1941 թվականին Արամ Խաչատրյանը ռուսական դասական երաժշտության ավանդույթներով գրեց երաժշտություն Մ. Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի, իսկ 1954 թվականին՝ Բ. Լավրենյովի «Լերմոնտով» դրամայի բեմադրությունների համար: 1982 թվականին կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանը, խմբագրելով այդ երկու դրամաների երաժշտությունը, ստեղծեց «Դիմակահանդես» բալետը, որը բեմադրվեց Երևանի օպերայի և բալետի թատրոնում և մեծ հաջողություն ունեցավ: