Վրաց պատրիարք Իլյա 2-րդը համաձայնել է եւս մեկ անգամ ուսումնասիրել Թանդոյանց եկեղեցու պատկանելիության հարցը
Международные новостиՎիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաց Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքարանում հունիսի 8-ին հանդիպել է Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդին, որի ժամանակ քննարկվել է նաեւ Թանդոյանց Սուրբ Աստվածածաին եկեղեցու պատկանելիության հարցը, որի վերաբերյալ կա դատական հայց:
Վիրահայոց թեմից NEWS.am-ին հայտնում են, որ թեմակալ առաջնորդը Համայն վրաց Պատրիարքին ներկայացրել է վիրահայությանը հուզող Թանդոյանց Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցը եւ ցանկություն հայտնել, որ թեեւ հարցը դատարանում է, բայց խնդիրը մեկ անգամ եւս խորությամբ ուսումնասիրվի եւ քննվի Պատրիարքարանում , որպեսզի դատավարության փոխարեն միասնաբար գտնեն ամենքին բավարարող լուծումներ:
Պատրիարք Իլիա Երկրորդը համաձայնել է Սրբազանի խնդրանքին եւ հանձնարարել՝ Պատրիարքարանում կազմակերպել հանդիպում վերոհիշյալ հարցը համակողմանի ուսումնասիրելու եւ լուծումներ գտնելու համար:
Իլիա Երկրորդը Թեմի Առաջնորդին խնդրել է իր եղբայրական սերն ու ողջույնները փոխանցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին եւ տեղեկացնել, որ Ինքը բարձր է գնահատում Հայոց Հայրապետի՝ հայ-վրացական եկեղեցական հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերը, եւ իր ամբողջական աջակցությունն է հայտնում Նորին Սրբության Կաթողիկոսական առաքելության Աստվածընտիր ծառայությանը:
Վրաց Եկեղեցու Հովվապետը կարեւորել է Հայաստանի եւ Վրաստանի հնամենի քրիստոնեական եկեղեցիների եւ ժողովուրդների բարեկամության անսասանությունը, որը պետք է հենված լինի փոխադարձ սիրո, հարգանքի եւ համագործակցության վրա:
Համայն վրաց կաթողիկոս-պատրիարքը իր օրհնությունն է բաշխել եւ ասել, որ մոտ օրերս Պատրիարքարանում կկայանա երկկողմ հանդիպում նշված խնդրի առնչությամբ:
Վազգեն Սրրբազանը կարեւորել է հայ եւ վրաց եկեղեցիների հազարամյակների բարեկամությունը, ընդգծել, որ բոլոր ժամանակներում առաջնորդարանի եւ Պատրիարքարանի համագործակցությունը կլինի համահունչ եւ երկուստեք հետաքրքրություն ունեցող հարցերը կգտնեն ընդհանուր լուծումներ քրիստոնեական սիրո եւ եղբայրության ոգով:
Վազգեն Սրբազանը Պատրիարքին փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ջերմ ողջույնները եւ եղբայրական սերը, Ով իր աղոթքներում մշտապես հիշում է Վրաց Պատրիարքին:
Առաջնորդի կողմից Նորին Սրբությանը տեղեկացվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորը տպավորությունները Վրաց Պատրիարքի հետ հանդիպման առիթով: Նշվել էնաեւ, որ ՀՀ նորընտիր վարչապետը շատ մեծ կարեւորություն է տալիս հայ եւ վրաց ժողովուրդների եւ Եկեղեցիների բարեկամությանը եւ համագործակցությանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, Վիրահայոց թեմը դատարան ներկայացրած հայցով պահանջում է եկեղեցին վերադարձնել Վիրահայոց թեմին, քանի որ եկեղեցու հայկական լինելը ոչ մի կասկած չի հարուցում եւ բոլոր փաստերով, արխիվային նյութերով ապացուցված է:
2017թ. ապրիլին Վրաց պատրիարքարանի քարտուղար Բոթքովելին դիմել է Վրաստանի հուշարձանների պահպանության եւ վերականգնման գործակալություն՝ Թանդոյանց եկեղեցու մասին տեղեկություններ ստանալու: Գործակալությունը կեղծ փաստաթուղթ է ներկայացրել, թե իբր այդ եկեղեցին նախկինում եղել է վրացական, որի հիման վրա էլ այն փոխանցվել է վրաց պատրիարքարանին որպես սեփականություն:
Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցին գտնվում է Թբիլիսիի Կուկիո կոչված թաղամասում, այն կառուցվել է 19-րդ դարում: Մինչեւ խորհրդային տարիները գործել է որպես հայ առաքելական եկեղեցի, հետո վերածվել է կինոթատրոնի:
Կուկիո թաղամասում, մինչ Թանդոյանց Սբ. Աստվածածին եկեղեցու հիմնադրումը, գործել է Սբ. Աստվածածին անվամբ Հայ առաքելական եկեղեցին: