Կեղծ դատաբժշկական փորձաքննության մասին փաստարկներն անզեն աչքով էլ երևում են
ОбществоՆարեկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Եթե ամեն բան շտկելով ու նոր արժեհամակարգ ձևավորելով ենք ուզում ստեղծել նոր Հայաստան, ապա դատական համակարգը մեր երկրի ամենից կարևոր ոլորտներից մեկն է: Բայց արի ու տես, որ շարունակվում են կնճռոտ մնալ այս համակարգում տեղի ունեցող որոշակի պրոցեսներ ու արդյունքում բախվում ենք բացահայտ զեղծարարության հետ:
Հեռու չգնանք ու վկայակոչենք վերջին աղմկահարույց պատմություններից մեկը: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի օգնական Էդուարդ Բաբայանն այսօր կալանավորված է այն մեղադրանքով, որ իբրև թե քաղաքացի Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնասվածքներ է պատճառել: Այս կալանավորումը իրականացվել է դատաբժշկական փորձաքննության այն եզրակացության հիման վրա, որտեղ արձանագրված է, որ կոտրվել էր Հարությունովի կողոսկրը և ծակվել էր թոքը: Բայց կան մի շարք հանգամանքներ, որ փաստում են, որ վերանշյալ դատաբժշկական եզրակացությունը կեղծ հիմքեր ունի և իրականության հետ ոչ մի կապ չունի:
Ամենից ակներևը իբր թե տուժողի ֆիզիկական վիճակն է, որը բոլորովին այլ բանի մասին է խոսում: Համացանցում հայտնված բազմաթիվ տեսանյութերում նախ ինքը՝ Հարությունովը, բացատրում է իրական եղելությունը և այդ բոլոր տեսագրություններում չենք տեսնում ոչ թոքի վնասվածքի հետևանքով կտրված ձայն, ոչ էլ կողոսկրի կոտրվածքի հետևանքով առաջացած անշարժություն: Ի վերջո, եթե այդքան ծանր վիճակում էր ենթադրյալ տուժողը, որը դատարանի համար կալանավորվելու հիմք կարող էր դառնալ, ապա այդ ինչպե՞ս եղավ, որ հիվանդանոցից երկու օր անց դուրս գրվեց: Ավելին դուրս գրվելուց հետո նա ակտիվ խոսւոմ էր լրագրողների հետ, ոտիք վրա ժամերով սպասում էր դատարանի առջև, ազատորեն շարժում էր թևերը, բաներ, որոնք բնորոշ են միայն լիովին առողջ մարդկանց: Եթե սրան էլ ավելացնենք այն, որ ենթադրյալ տուժողի դեմքի վրա դեպքից ընդամենը 2 օր անց չկա ոչ մի հետք, ոչ մի կապտուկ, ապա «ծանր մարմնական վնասվածքներով» ծեծկռտուքի մասին եզրակացությունը ուղղակի միֆ է:
Այս ամենը ուղղակի հիմնավոր կասկածի տակ է դնում դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: Այստեղ արդեն արդիական է դառնում այն, որ այս թեմայով արտահայտվի արդեն անձամբ Գագիկ Ծառուկյանը և քայլեր ձեռնարկի նման եզրակացություն տված դատաբժշկին իրավական պատասխանատվության ենթարկելու համար: