«Պատմության աղբանոցում չհայտնվելու համար հանրապետականները պետք է նահանջեն»
Интервью«Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի» նախագահ Խաչատուր Մարոզյանի կարծիքով, թավշյա հեղափոխությունն ընդամենը կես ճանապարհն է անցել, և բոլորն են հասկանում, որ նման իրավիճակում երկարաժամկետ ծրագրերի և կայունության մասին խոսելն անիրատեսական է:
«Մի կողմից օրենսդիր մարմնում ունենք քաղաքական թիմ, որը մեծամասնություն է կազմում, մյուս կողմից գործադիր մարմնում մենք ունենք մեկ այլ քաղաքական ուժ, որտեղ մեծամասնություն են կազմում խորհրդարանական փոքրամասնություն կազմող ուժերը: Այս պայմաններում, ինչքան էլ խորհրդարանական մեծամասնությունը փորձում է համոզել, թե իրենք չեն տեսնում խորհրդարանի լուծարման անհրաժեշտություն և պատրաստ են նորմալ աշխատել նոր կառավարության հետ, միևնույն է, նման իրավիճակը չի կարող երկար շարունակվել»,– ասաց Խ. Մարոզյանը:
Իրավապաշտպանի կարծիքով, ներկա իրավիճակը ոչ մի տեղ տանող ճանապարհ է, մինչդեռ մեր երկիրը պետք է կարողանա օր առաջ փորձել զարգացման ճանապարհով գնալ, ինչը, ցավոք, այս պայմաններում հնարավոր չէ:
«Յոլա գնալու քաղաքականությանը պետք է վերջ տալ և ինչքան շուտ, այնքան լավ: Դա անհրաժեշտ է թե՛ մեր և թե՛ միջազգային հանրության համար, որպեսզի մենք հասկանալի դառնանք բոլորի համար: Դա անհրաժեշտ է նաև արտաքին և ներքին հարաբերությունները զարգացնելու համար, առավելապես անհրաժեշտ է նաև ներդրողների համար, որպեսզի Հայաստանը օր առաջ ընկալելի դառնա նրանց համար: Մենք պետք է կարողանանք կարճ ժամանակահատվածում կառուցել օրինական, ժողովրդավարական երկիր իր կայուն իշխանությամբ, որը ժողովրդի տված քվեով ձևավորված կլինի»,– ասաց Խ. Մարոզյանը:
Ըստ նրա, հիմա Հայաստանն այնպիսի պատմական ժամանակաշրջան է ապրում, որ բոլոր քաղաքական ուժերը պետք է առաջին հերթին ուշիուշով հետևեն ժողովրդի պահանջին և հենց դա հիմք ընդունեն:
«Թե՛ Հանրապետականը, թե՛ իշխանությունները, թե՛ մյուս բոլոր ուժերը պետք է նաև ներքին դաստիարակչական աշխատանքներ սկսեն, որովհետև հին համակարգի ժամանակ բոլորին սովորեցրել էին՝ ով ինչքան շատ գողանա, այնքան լավ տղա է: Հիմա այնպիսի խառնաշփոթ է ամենուր, որտեղ նայում ես՝ համակարգերը թալանված են, օրենսդրական բազան խառնաշփոթ վիճակում է և այլն: Տարիներ են պետք, որ այս ամեն ինչը շտկվի: Եվ հիմա մենք պետք է դրա մասին մտածենք: Մեկ այլ հարց էլ կա: Եթե, օրինակ, «դևը» մարդուն ստրկացնի ու այնպիսի օրենք սահմանի, որ նա պետք է հինգ տարի իրեն ծառայի և ամսական 5000 դրամ վճարի: Ու եթե մի օր այդ մարդն ասի՝ «այլևս չեմ ուզում քեզ ծառայել, ես գնում եմ և քո օրենքներն ինձ չեն հետաքրքրում», եթե խոսքը ժողովրդավարական երկրին է վերաբերում, ապա, ի՞նչ եք կարծում, մարդը նման քայլի դիմելու իրավունք չունի՞: Իհարկե ունի և կարող է գնալ մինչև վերջ: Հեղափոխության առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, նա ավելի լավ է լսում ժողովրդի ձայնը, իսկ ժողովուրդն էլ վստահում է նրան: Եվ մենք, որպես անկախ իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ, կարծում ենք, որ այսպես շարունակել չի կարելի և հարկավոր է ամեն ինչ անել, որպեսզի երկրի իշխանության բոլոր թևերը ձևավորվեն ժողովրդի կողմից արդար ձևով տրված քվեին համահունչ»,– ասաց Խ. Մարոզյանը:
Իրավապաշտպանի խոսքով, այս ամենը բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները որքան շուտ հասկանան, այնքան՝ լավ: Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, ապա նրանք էլ պետք է հասկանան, որ հետընթաց այլևս լինել չի կարող:
«Հանրապետական կուսակցության կարկառուն գործիչները պետք է հասկանան և գիտակցեն, որ պատմության աղբանոցում չհայտնվելու համար պետք է նահանջեն ու հանգեն այն եզրակացության, որ իրենց ժամանակներն անցել են: Ու քանի որ մեր ժողովուրդն ըմբռնող ու ներողամիտ է, ուստի եթե տեսնի, որ նախկին իշխանությունները փորձում են իրենց սխալներն ուղղելու ճանապարհով գնալ, անպայման կներեն նրանց: Հակառակ դեպքում հետագայում արդեն անգամ ներողությունը չի օգնի հանրապետականներին»,– ասաց Խ. Մարոզյանը:
Արմինե Գրիգորյան