Հայտնի թավջութակահար Յան Մաքսինն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում
КультураԱմերիկացի երաժիշտ ՅանՄաքսինն առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում հոկտեմբերի 30-ին Կամերային երաժշտության ազգային կենտրոնում:
Համերգի կազմակերպիչը՝ երաժշտական պրոդյուսեր Մարկ Հովհաննիսյանը նշեց, որ Երևանում Յանի ելույթը կազմակերպելու ցանկությունը երկկողմանի էր. «Իր հետ ծանոթացել եմ քրոջս միջոցով, ով ներկա էր եղել Յանի համերգին: Առաջարկեցինք նրան գալ Հայաստան: Նա ևս մեծ ցանկություն ուներ, դե ես էլ որոշակի փորձ ունեմ համերգներ կազմակերպելու: Այսպես հրավիրեցինք նրան»:
Հովհաննիսյանը նշեց, որ համերգը բաղկացած է լինելու երկու մասից: Առաջին մասում Յան Մաքսինը հանդես կգա Յոհան Սեբաստյան Բախի թավջութակի մենանվագով և մի շարք հեղինակային ստեղծագործություններով: Երկրորդ մասում նրան կմիանան հայ երաժիշտներ Մովսես Էբեջյանը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» խումբը, Հայկ Կարապետյանը և այլոք: Նրանք հանդես կգան ջազային և ֆյուժն ծրագրով, որը ներառում է հայտնի մեղեդիների գործիքավորումներ, երգեր 10-ից ավելի լեզուներով` ներառյալ հայկական և Յան Մաքսինի հեղինակային երգերը: Միասին կկատարեն երկու հայկական գործ՝ «Ով սիրուն, սիրուն»-ը և Կոմիտասի որևէ ստեղծագործություն:
Յան Մաքսինի առաջին բեմելը Երևանում հատուկ իրադարձություն է երաժշտի համար, քանի որ Հայաստանի հետ իր հարաբերությունները խորը և բազմակողմանի են. Յանի ընտանիքը երկար տարիներ ապրել է Կովկասում: Հայկական մշակույթը միշտ եղել է և կմնա Յանի երաժշտական ժառանգության մի մասը: «Ֆեյսբուք»-ի իր էջում երաժիշտը գրում է. «Դեռ չեմ կարողանում հավատալ, որ վերջապես հնարավորություն ունեմ կյանքում առաջին անգամ այցելել Հայաստան՝ երկիր, որտեղ ծնվել է մայրս և դեռ ավելին՝ այնտեղ կկարողանամ կիսվել իմ երաժշտությամբ և ելույթ ունենալ հայ լավագույն երաժիշտների հետ»:
Թավջութակահար Յան Մաքսինը ծնվել է Սանկտ Պետերբուրգում, մեծացել և ձևավորվել է որպես երաժիշտ ԱՄՆ-ում՝ ոգեշնչվելով Ռուսաստանից, Արևմտյան Եվրոպայից և Բալկաններից մինչ Մերձավոր Արևելք և Ամերիկա եղած ողջ երաժշտական մշակութային հարստությամբ: Նրա թավջութակը, որի ձայների մեջ կարելի տարբերել մեկ՝ պարկապզուկ, մեկ՝ սիտար, մեկ՝ լիրա, երգում է աշխարհի բոլոր ձայներով, ինչպես և իր տերը, որը երգում է 15 լեզվով:
Յուրօրինակ տեխնիկայի միջոցով Յան Մաքսինը կարողանում է միաժամանակ բասային և մենակատարային հատվածներ նվագել, իսկ երբեմն գործիքի վրա ռիթմով հարվածել: Իր կարիերայի տարիներին նա նվաճել է հանրության սերը հինգ մայրցամաքներում և համագործակցել այնպիսի աստղերի հետ, ինչպիսիք են Անդրեա Բոչչելին, Գլորիա Էստեֆանը և Ստինգը:
Հայկական մշակույթը միշտ եղել է և կմնա Յանի երաժշտական ժառանգության մի մասը: Թավջութակը Յանը սիրեց և որոշեց նվագել այն բանից հետո, երբ հինգ տարեկանում լսեց Արամ Խաչատրյանի կոնցերտը, գրված թավջութակի համար: Յանի գլխավոր ուսուցիչներից և դաստիարակներից մեկը եղել է հայազգի հայտնի թավջութակահար Սուրեն Բագրատունին: