«Թող գան, տեսնեն՝ ինչ է կատարվում թատրոնում ու նոր որոշեն՝ լուծարե՞ն, թե՞ իրենք հեռանան այդ ասպարեզից». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է.
Մշակութային հաստատությունների լուծարման, ինչպես նաև դրանց վերամիավորման վերաբերյալ տեղեկատվությունը, որը հայտնվել է նախարարության պատերից դուրս, բազմաթիվ քննադատությունների է արժանանում: Հնարավոր լուծարման ենթակա ՊՈԱԿ–ների շարքում նաև մի շարք թատրոններ են:
Մեզ հետ զրույցում Համազգային թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, դերասան Արման Նավասարդյանն, անդրադառնալով վերոնշյալ փաստաթղթին, նշեց, որ նման քաղաքականությանն առհասարակ բացասական է վերաբերվում: Ի դեպ, Համազգային թատրոնը ևս նշված ՊՈԱԿ–ների ցանկում է: «Ճիշտ մարդիկ պետք է նշանակվեն համապատասխան պաշտոններում, որ ճիշտ լուծումներ տան: Սխալ մարդիկ են ղեկավարում այդ ոլորտները: Այսինքն, ոչ թե սխալ, այլ ոլորտին չտիրապետող մարդիկ: Նրանք չեն տիրապետում ոլորտին, ո՞նց կարող է նման բան լինել: Այժմ առկա քննադատությունը շղթայական է լինելու: Եվ դժգոհություններն առաջանալու են ոչ միայն մշակույթի գործիչների շրջանում: Դուք գիտեք, որ ցանկացած թատրոն իր համակիրն ունի, իր հանդիսատեսն ունի: Իրենք այս քայլով նաև ոտնահարում են հանդիսատեսի իրավունքը, և սա ոտնձգություն է նաև հանդիսատեսի դեմ»,–ասաց Նավասարդյանը:
Նա նշեց՝ ինչպես շատ թատրոնների պարագայում, Համազգային թատրոնը ևս շատերի նախընտրելի թատրոնների շարքում է: «Ի՞նչ է նշանակում իրենց առաջարկը: Այսինքն, այսքան տարվա փորձն ու գործը, այսքան տարվա քրտինքն ու աշխատածը միացնել ուսանողական թատրոնին ու ասել՝ մենք հարմար տարբերակ գտա՞նք: Շատ վատ եմ գնահատում դա, Համազգային թատրոնն իրենք չեն ստեղծել, որ իրենք լուծարեն: Սա՝ առաջին: Իսկ երկրորդ՝ Համազգային թատրոնը երբևէ որևէ գործառույթով նման չի եղել ուսանողական թատրոնին, առավել ևս երբևէ կուսակցական հակվածություններ չի ունեցել»,–նշեց Արման Նավասարդյանը:
Նա ընդգծեց, որ չեն պատրաստվում ձեռքները ծալած նստել և հարկ եղած դեպքում պատրաստ են մասնակցել խնդրի շուրջ հնարավոր բոլոր քննարկումներին:
«ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը դեռ Վիգեն Չալդրանյանի հետ կապված խնդիրների ժամանակ հարցազրույց էր տվել ու ասել, որ եթե կողմերը փոխհամաձայնության չգան, թատրոնը կլուծարվի: Այնքան հեշտ են ասում, որ թատրոնը կլուծարվի, ոնց որ իրենք են ստեղծել այն: Թատրոնը կենսագրություն ունի, պատմություն ունի, թատրոնն աշխատանք ունի, վերելքի փուլում է: Թող գան, տեսնեն՝ ինչ է կատարվում թատրոնում, նոր որոշեն՝ լուծարե՞ն, թե՞ իրենք հեռանան այդ ասպարեզից»,–նշեց նա՝ հավելելով, որ այս ամենը վատ աշխատանքի արդյունք է:
«Իրենց ասելով՝ նշվածի շուրջ ինֆորմացիայի արտահոսք է եղել: Իրենց ասելով՝ սա կազմակերպված է եղել, էս ո՞վ տարավ, էս ո՞վ հասցրեց այս խաբարը: Լավ աշխատեք, փակ պահեք դռները, թող լսող չլինի: Սա իրենց վատ աշխատանքի արդյունքն է ցույց տալիս: Բայց վերջը կիմանայինք, չէ՞: Ախր այնպես չէ, որ նախարարությունն է դա որոշել: Սա անձամբ Նազենի Ղարիբյանի առաջարկն է: Չեմ կարծում, թե նախարարության աշխատակիցները կողմ են դրան»,–ասաց Ա. Նավասարդյանը:
Նշենք, որ ՊՈԱԿ–ների լուծարման ու վերամիավորման թեմայի շուրջ խոսել ենք նաև մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հետ: Մեզ հետ զրույցում նա մասնավորապես ընդգծել է, որ խոսքը դեռևս նախարարության ներսում քննարկվող աշխատանքային փաստաթղթի մասին է, ասել նաև, որ շատ դեպքերում իր խոսքերը կոնտեքստից դուրս են ներկայացվել: Առաջիկայում կներկայացնենք նաև Նազենի Ղարիբյանի հետ մեր հարցազրույցը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում