Դատավորների աշխատավարձերից խոսելուց առաջ հիշեք ուսուցիչներին
АналитикаՕրերս Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ եվրոպական երկրների համեմատ ամենացածրը Հայաստանի դատավորների աշխատավարձն է:
Այս հայտարարությանը հաջորդեցին ֆեյսբուքյան բազմաթիվ օգտատերերի գրառումներ, թե՝ ինչու է նախարարը խոսել միայն դատավորների աշխատավարձի մասին, երբ նրանք առողջապահության, կրթության և մյուս ոլորտների մասնագետներից մոտավորապես 8-ից 10 անգամավելի շատ են վարձատրվում:
Ընդհանրապես դրսերի հետ համեմատվելուց առաջ, լավ կլինի, որ հարգարժան բարձրաստիճան պետական պաշտոնյաները խոսեն այն մասին, թե որքան է այդ երկրների ու Հայաստանի պետական բյուջեների այս կամ այն ոլորտին հատկացվող գումարի չափի տարբերությունը ևայլն: Թե չէ, մի տեսակ, այսպիսի հայտարարությունները նմանվում են Հրանտ Բագրատյանի վարչապետության տարիներին գործուղումների ժամանակ պետական բյուջեի հաշվին «Մարլբորո» ծխելու պարզունակ արդարացումներին: Երբ ողջ երկիրը սովի ու աղքատության շեմին էր, հասարակությունը նրան մեղադրում էր այդ անիմաստ շռայլության համար, Բագրատյանը մեկնաբանում էր, թե դրսում բոլորը դա են ծխում և ներկայանալի լինելու համար ինքն էլ պետք է նույնը անի, որ իր դրսի կոլեգաներից հետ չմնա:
Այդ ժամանակներից, երբ ծխախոտի այդ տեսակը համարվում էր ամենապրիստիժայինը, անցել են տարիներ, տասնամյակներ: Այս 30 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, բայց ցավալի է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների մոտեցումը դեռ նույնն է մնացել:
Հիմա էլ բոլորը նայում են թե դրսի իրենց կոլեգաներն ինչ են ուտում, խմում, շնչում, և փորձում են աշխարհի թրենդային տենդենցներից հետ չմնալու համար նույնը անել: Բայց, հարգելիներս, դրսերի հետ համեմատելուց առաջ մի պահ կանգ առեք, քանի որ նման համեմատությունն այնքան ծիծաղելի է, հատկապես, երբ տարիներ առաջ նույն տրամաբանությամբ դատավորների աշխատավարձը բարձրացվեց, բայց այդ ոլորտում կոռուպցիոն երևույթներն այդպես էլ չնվազեցին:
Ի դեպ, տեղեկացնենք, որ մեր երկրում ուսուցիչը ստանում է լավագույն դեպքում 150 հազար դրամ աշխատավարձ: Կան առարկաներ՝ աշխարհագրություն, կենսաբանություն ևայլն, որոնց ուսուցիչների աշխատավարձը նույնիսկ չի հասնում եռանիշ թվի, իսկ օրինակ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների և վարչական դատարանի դատավորի մեկ ամսվա միջին աշխատավարձը 838 հազար դրամ է: Վերաքննիչ դատարանում մեկ դատավորը միջինացված ստանում է 1 մլն 90 հազար դրամ աշխատավարձ, իսկ վճռաբեկ դատարանում դատավորներն ամսական ստանում են 1 մլն 333 հազար դրամ:
Այնպես որ դրսերի հետ համեմատվելուց առաջ, նախ ներսի եղած-չեղածը իրար հետ համեմատեք, հետո հայացքներդ ուղղեք ուրիշ տեղեր: Բացի այդ, պետք է հաշվի առնել նաև, որ դատավորների աշխատավարձը բարձրացնելուց հետո համակարգն այդպես էլ չմաքրվեց կոռուպցիոն դրսևորումներից:
Ուստի արդարացումները, թե ավելի բարձր աշխատավարձ ստանան, ավելի լավ կաշխատեն՝ իրեն չարդարացրեց և ժամանակն է այլ քայլեր մտածելու, ոչ թե նույն երգը տարիներ շարունակ երգելու:
Արմինե Գրիգորյան