Ղարիբյա՛նը իր դարակազմիկ «բացահայտման» մասին պետք է փաստարկներ ներկայացնի վարչապետին
АналитикаՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի որդեգրած՝ տառին հավատարիմ լինելու փաստը գնալով ավելի ուշագրավ բացահայտումների տեղիք է տալիս, հիմա էլ օրենք հասկացության աբսուրդային դրվագներն ավելի լավ ըմբռնելու մասով:
Եվ այստեղ, վստահաբար, ստեղծագործական կոլեկտիվի հետ վիսկի խմելն անգամ չի փրկի: Հիմա էլ պարզվում է, որ մշակույթի ոլորտին վերաբերող օրենք ընդունողներն այնքան հեռու են եղել մշակույթից, որ գեղարվեստական ղեկավարին շփոթել են արտադրամասի պետի հետ ու օրենքում գրել, որ այն ստեղծագործական հաստիք չէ:
Նման դեպքերում ասում են մի «խելոք» քարը գցում է փոսը, հետո հազար խելոքով հավաքվում են, որ քարը փոսից հանեն: Իսկ Նազենի Ղարիբյանն էլ օրենքի տառին հավատարիմ, փոխանակ օրենքի նման խեղաթյուրված դրվագների դեմ պայքարի ու այսօրինակ սխալաշատ կարգավորումները վերացնի, որոշել է դարերով հայտնի իրականության դեմ պայքարել:
Բարձրացած աղմուկն էլ նա խոտան է համարում, ձեռքի հետ էլ փորձում «տեղեկացնել», թե իր շուրջ բարձրացված աղմուկի հեղինակները նույն մարդիկ են: Հարգարժան պաշտոնակատարն անգամ չի ցանկանում հասկանալ, որ խոսքը հայ մշակույթի մասին է, որն իրականում ավելի լայն հասկացություն է, քան կարող է օրենքի պատուհանից երևալ: Ուստի բնական է, որ նման դեպքերում այդ գործից հասկացողները, արվեստագետներն ու հայ մշակույթը բարձր գնահատողները պետք է ոտքի ելնեն, որպեսզի նման խեղաթյուրումների դեմն առնեն: Եվ այդ պարագայում, կարող է նաև դեմքերի համընկնում լինել, ինչը ևս բնական է:
Նշենք նաև, որ Ղարիբյանի կարծիքով, որը, ի դեպ, հիմնված է արդարադատության նախարարություն կողմից տրված մեկնաբանության վրա, թատրոնի գեղարվեստական ղեկավարի հաստիքը ստեղծագործական չէ: Եվ զարմանալին այն է, որ արվեստաբան տիկինը այդ մտքից ոչ միայն չի զայրացել, այլև ամենևին էլ վատ չի զգացել այն հեռուստացույցով մի քանի անգամ հնչեցնելիս:
Անհասկանալի այս հարցի վրա լույս սփռելու համար Orer.am-ը պարզաբանում խնդրեց «Հայաստանի թատերական գործիչների» միության նախագահ Հակոբ Ղազանչյանից: Նրանից փորձեցինք պարզել, թե թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, այնուամենայնիվ ստեղծագործական համարվո՞ւմ է, թե՞ ոչ:
«Ցանկացած թատրոնի հաստիքացուցակ եթե նայեք, կտեսնենք, թե գեղարվեստական ղեկավար հաստիքը որ բաժնում է գրված՝ ստեղծագործական անձնակազմի՞, թե՞ վարչական կազմի: Եվ այդտեղ ապացուցելու ոչինչ չկա: Գեղարվեստական ղեկավարի հաստիքն իհա՛րկե ստեղծագործական է: Ամբողջ կյանքում դա իմացել ենք, հիմա էլ պետք է դա ապացուցե՞նք: Իրենք հարցում են արել արդարադատության նախարարություն, իրենց սխալ են ասել: Բա ինչպե՞ս է, որ իրենց հասկացած հաստիքացուցակում գեղարվեստական ղեկավարի հաստիքը ներառված է ստեղծագործական կազմում, իսկ հիմա հանկարծ դարձավ վարչակա՞ն»,- ասաց Հ. Ղազանչյանը:
Հուսանք, որ Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի ներկայացուցիչների կողմից վարչապետին հակափաստարկներ ներկայացնելու ժամանակ այս պարզ իրողությունը ապացուցելու կարիք չի լինի, քանի որ, ամենայն հավանականությամբ, իր այս դարակազմիկ «բացահայտման» մանրամասների մասին Ղարիբյանն ավելի վաղ ստիպված կլինի փաստարկներ ներկայացնել վարչապետին:
Արմինե Գրիգորյան