«Ցայգ»-ի հարցով գնդակը ՀՌԱՀ-ի դաշտում է, իսկ Նազելի Բաղդասարյանի ընտանիքը բաժնետեր չէ
ИнтервьюԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ում ընտանիքը, ըստ մեր տեղեկությունների, հանդիսանում է Գյումրու «Ցայգ» մարզային հեռուստաընկերության բաժնետերերից մեկը, անդրադառնալով ինչ-որ կրոնական կազմակերպության վճարովի եթերաժամ հատկացնելու և եթերով քարոզ իրականացնելու երևույթին նշել էր, որ դեմ է նման մոտեցմանը:
Ֆեյսբության գրառման մեջ նա մասնավորապես նշել էր.
«Անշուշտ, ազատ մամուլի դերն առանցքային է «քաղաքացիական հասարակություն» եւ «պետություն» երկխոսության գործում: Միեւնույն ժամանակ խոսքի, մտքի, խղճի եւ կրոնի ազատությունը բացարձակ իրավունք չէ՝ ըստ ՄԻԵԿ-ի եւ ենթակա է այնպիսի սահմանափակումների, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ՝ ի շահ հասարակական անդորրի, հասարակական կարգի, առողջության ու բարոյական պահպանության կամ այլ անձանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար»:
Orer.am-ը պատգամավորից փորձեց պարզել, որ եթե նա իսկապես դեմ է նման աշխատաոճին, ապա հանդիսանալով Գյումրու «Ցայգ» մարզային հեռուստաընկերության բաժնետերերից մեկի դուստրը, արդյո՞ք չի կարողացել խնդրին ներսից ծանոթանալ և ժամանակին այն կանխել, նշեց, որ ներկայում իրենց ընտանիքը չի հանդիսանում հեռուստաընկերության բաժնետերերից մեկը:
«Նախկինում ունեցել ենք բաժնեմաս, որը հիմա օտարվել է: Ինչ վերաբերում է ինձ, ապա անձամբ ես երբևէ չեմ հանդիսացել Գյումրու «Ցայգ» մարզային հեռուստաընկերության բաժնետեր: Աշխատակից եմ եղել և այնտեղ աշխատել եմ մոտ13-14 տարի: Մայրս հիմա էլ հանդիսանում է «Ցայգ» ընկերության գործադիր տնօրենը, իսկ թե ում է օտարվել ծնողներիս պատկանող բաժնեմասը չեմ կարող ասել, քանի որ չեմ տիրապետում ինֆորմացիային: Ինչ վերաբերում է երևույթին, ապա օրենքը չի արգելում որևէ մեկին վճարովի եթերաժամ տրամադրել, բայց եթե տվյալ նյութը խտրականություն է քարոզում, ատելություն կամ անհանդուրժողականություն, այստեղ արդեն արգելքներ կարող են լինել:
Քանի որ ես չեմ տիրապետում նյութին, ես դիմել եմ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով, որպեսզի իրենք տան իրենց եզրակացությունը, թե ինչ տեսանյութ է հեռարձակվել: Միգուցե իրենք էլ իրենց հերթին կդիմեն հեռուստատեսությանը և պարզաբանում կպահանջեն: Եվ եթե օրենքով արգելված որևէ խնդիր ծագի, ապա կարծում եմ, որ այդ հարցին կանդրադառնա նաև հանձնաժողովը և կմիջնորդի, որ այդ հաղորդաշարի հեռարձակումը դադարեցվի:
Բայց այս պահին ես դեռ հստակ ինֆորմացիա չունեմ այդ մասին և եթե տեսել եք, իմ պաշտոնական հայտարարության մեջ էլ նշել եմ, որ իմ կարծիքով կա խտրականություն, որովհետև արձագանքներն այդպիսին են: Բայց, ես չէ, որ պետք է գնահատական տամ, դրանով պետք է զբաղվի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը և ես արդեն իսկ պաշտոնական գրությամբ դիմել եմ պարոն Տիգրան Հակոբյանին և պատասխանը ստանալուց հետո անպայման կհրապարակեմ:
Նշեմ նաև, որ հարցը շատ նուրբ է, և եթե ես փորձեմ միաջմտել, ապա կստացվի, որ լինելով կառավարող քաղաքական ուժի կողմից ընտրված պատգամավոր ճնշում եմ գործադրում: Մյուս կողմից եթե խտրականություն կա, ատելություն են քարոզում և այլն, ապա գիտեք, որ և՛ Հայաստանի օրենսդրությամբ, և՛ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի համաձայն, խոսքի և մտքի ազատությունը չլինելով բացարձակ իրավունք կարող է սահմանափակվել նշված երևույթների առկայության դեպքում:
Բայց, քանի որ ես ինձ իրավունք չեմ վերապահում գնահատական տալու, ուստի դիմել եմ պատկան մարմիններին, որոնք նաև մասնագիտացված են և ի պաշտոնե պարտավոր են վերահսկել, թե ինչ է հեռարձակվում»,- ասաց Ն. Բաղդասարյանը:
Արմինե Գրիգորյան