«Այդ ցուցանիշն ամոթալի է և որևէ կերպ առնչություն չի կարող ունենալ այն նպատակների հետ, որոնք հռչակված են». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը 2020թ. բյուջեի նախագծով նախատեսված 4,9 տոկոս տնտեսական աճի ցուցանիշն ամոթալի է համարում: Նրա խոսքով, կան հարցադրումներ, որոնց պետք է պատասխանեն հենց կառավարության անդամները:
Նշենք, որ 2020թ. բյուջեի նախագծի քննարկումներն արդեն մեկնարկել են: Քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ բյուջեի հիմքում դրված է ոչ թե լավագույն կանխատեսումը, այլ որոշակի պահպանողական կանխատեսում՝ ապահովելու մակրոտնտեսական կայունությունը: Այդուհանդերձ, շեշտել էր նաև, որ այսօր տնտեսական ճիշտ քաղաքականություն է վարվում:
«Իրականում տեսնում ենք, որ շատ ավելի համեստ թվեր են ներկայացված:
Այս պարագայում դժվար է ասել, թե ինչն է պատճառը: Իրենք պետք է փորձեն պատասխանել հարցին, թե ինչո՞ւ համարձակ ու ճեղքում առաջացնող ցուցանիշներ չեն ներկայացվել:
Կարծում եմ՝ ՀՀ-ն ունի երկնիշ թվով տնտեսական աճ ապահովելու ներուժը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ այլ հարց է, թե տնտեսական ոլորտի պատասխանատուները որքանով են տիրապետում ոլորտին:
«Հենց ոլորտի ներկայացուցիչները, բյուջեի հեղինակները պետք է պատասխանեն նաև այն հարցին, թե պահպանողական ասելով՝ ի՞նչ նկատի ունեն, օրինակ՝ ի՞նչ տրամաբանություն կա պահպանողական բյուջեի ու տնտեսական հեղափոխության միջև»,շեշտեց մեր զրուցակիցը:
Նրա խոսքով, տնտեսագիտության մեջ ճիշտ բառը տարբեր ընկալումներ կարող է ունենալ.
«Այսինքն, եթե ինչ-որ մեկի համար ճիշտ է, մյուսի համար կարող է սխալ լինել, շատ սուբյեկտիվ ընկալումներ կարող են լինել:
Բայց փոխարենը ես կառաջարկեի օգտագործել արդյունավետ քաղաքականություն եզրույթը: Իսկ թե տնտեսական քաղաքականությունն արդյունավետ է, թե ոչ, դրա չափորոշիչներն էլ են տարբեր: Թե որքանո՞վ է արդյունավետ վարվող քաղաքականությունը, դատում են հիմնականում տնտեսական ցուցանիշներով:
Առաջին հերթին, տնտեսական տեմպերով: Օրինակ՝ թե որքա՞ն համախառն ներքին արդյունք է ստացվում, և ինչպե՞ս է այն բաշխվում ազգաբնակչության միջև:
Պետք է հաշվի առնել նաև սոցիալական գործոնը, թե մարդկանց սոցիալական պայմանները որքանո՞վ են բարելավվել, գնողունակությունը որքանո՞վ է բարձրացել, որքանո՞վ է դիվերսիֆիկացված տնտեսությունը:
Այս ցուցանիշները մեզ կօգնեն դատողություն անել արդյունավետ քաղաքականության մասին, իսկ «ճիշտ քաղաքականություն» ասվածը տնտեսագիտական կատեգորիա չէ»:
Իսկ թե ի՞նչ են հուշում վերոնշյալ չափորոշիչները, Թաթուլ Մանասերյանն ընդգծում է.
«Նախ պետք է նկատել, որ կառավարությունն, իհարկե, փորձում է տարբեր քայլեր ձեռնարկել: Միգուցե դեռ վաղ է ակնկալել վառ արտահայտված ցուցանիշներ, այնուամենայնիվ, իներցիայի ուժը զգացնել է տալիս:
Եվ այդ իմաստով տնտեսության մեջ ևս արմատական փոփոխությունների կարիք կա: Նշված քաղաքականությունն իրականացնելու համար առաջին հերթին անհրաժեշտ են բանիմաց կադրեր:
Ըստ իս, եթե հաջողվի ունենալ արհեստավարժ կադրեր, այդ դեպքում իներցիոն քաղաքականությունն իր տեղը կզիջի»:
Անդրադառնալով 2020թ. բյուջեի նախագծով նախատեսված տնտեսական ակտիվության ցուցանիշին՝ տնտեսագետը շեշտեց. «4,9 տոկոսն ուղղակի ամոթալի է Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար:
Այդ ցուցանիշը որևէ կերպ առնչություն չի կարող ունենալ այն նպատակների հետ, որոնք առնվազն հռչակված են և մտադիր են իրականացնել»:
Թ. Մանասերյանը չի կարծում, որ տնտեսական հեղափոխությունը մոռացության է մատնվել:
«Այդ մասին անընդհատ խոսվում է:
Այլ հարց է, թե գործնական առումով ի՞նչ է արվում: Կարծում եմ՝ տնտեսական հեղափոխության մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ թվարկածս գործոններն իրականություն դառնան, երբ տնտեսության պատասխանատվությունը կստանձնեն ոչ այդքան կուսակցական պատկանելությամբ և անձնական կապերով, որքան մասնագիտական բանիմացությամբ և օգտակարությամբ:
Կարծում եմ՝ հիմա վաղ է խոսել այդ գաղափարների իրագործման մասին, որովհետև այն մարդիկ, որոնք պետք է իրագործեն այդ գաղափարները, բավարար պոտենցիալ չունեն»,-եզրափակեց տնտեսագետը՝ շեշտելով, որ մեծ մասամբ իրավիճակն այդպիսին է, թեպետ կան առանձին բլոկներ, որոնց պատասխանատուները դրական առումով բացառություն են կազմում:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում