Գազի սահմանային գինն առաջիկայում չի տատանվի. Գարեգին Բաղրամյան
ЭкономикаԱյս պահին գազի գնի շուրջ քննարկումները շարունակվում են։ Չի բացառվում, որ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կդիմի սակագնի վերանայման հայտով։ Գազի գնի հետ կապված սպառիչ պատասխան կլինի միայն այն ժամանակ, երբ փաստացի կունենանք ընկերության սակագնի փոփոխության վերաբերյալ հայտ և կուսումնասիրենք: Ա
յս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
«Արդեն 15 դոլար գինը բարձրացել է սահմանին և «Գազպրոմ Արմենիան» 15 դոլարի կոմպեսացիան այլևս ի վիճակի չէ փոխհատուցելու: Այսինքն՝ այս սակագնից շուրջ 30 դոլար ավելի շատ է ծախսվելու, և գործող սակագինը չի բավարարում, բայց դա չի նշանակում, որ ունենալու ենք 30 դոլար սակագնի բարձրացում, քանի որ բանակցություններ են ընթանում որոշ օպտիմալացման շուրջ, որոնք կկրճատեն որոշ ծախսեր»,- ասաց Բաղրամյանը:
Ինչ վերաբերում է սահմանված ժամկետներին, ապա Բաղրամյանն ասաց, որ առավելագույնը 80 աշխատանքային օրում է սահմանվում քննարկել հայտը, որից հետո միայն կարելի է խոսել գազի սակագնի բարձրացման կամ չբարձրացման մասին:
«Բանակցությունները բազմափուլ են, սահմանին գազի գնի տատանման մասով բանակցությունը կարելի է համարել ավարտված: Այս փուլում կարող ենք արձանագրել, որ ունենք ընկերության հետ համաձայնագիր, որով սահմանին գազի 165 դոլլարը չի տատանվի 2020 թվականին»,-նշեց նա:
Բաղրամյանը հայտնեց, որ քննարկվող հարցերի մեջ ներառված է նաև մի մեծ ներդրումային ծրագրի իրականացում. «Մինչ 2030 թ-ը մոտ 500 մլն դոլարի ներդրման միջոցով գազափոխադրման համակարգի վերականգնում տեղի կունենա: Այս քննարկման մանրամասներն ու վերջնաարդյունքը հետագայում կհրապարակենք»:
Անդրադառնալով գազի գնի ամենամյա տատանմանը՝ նա նշեց, որ այդ ուղղությամբ նույնպես աշխատանքներ են տարվում.
«Մենք այս պահին քննարկում ենք գնագոյացման երկարաժամկետ մեխանիզմ ամրագրելու հարցը: Նախնական քննարկվում է 10 տարվա ժամկետը»:
Երկարատև ժամկետներ սահմանելու հարցը կարևորեց նաև տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
«Ես միշտ ուզել ու փորձել եմ հասկանալ՝ ինչու է գնագոյացման հարցն այդքան փակ ընթանում, թափանցիկության հետ տարիներ շարունակ խնդիրներ են եղել: Տարին սկսում ենք գազի գնի հետ կապված անհանգստություններով, ավարտում՝ գազի գնի հետ կապված անհանգստություններով»,- նշեց Խաչատրյանը:
Նա ընդգծեց, որ տատանումները միայն տնտեսական գործոնով չեն պայմանավորված:
«Գազի սակագնի տատանումը պետք է երկու տեսանկյունից դիտարկել՝ քաղաքական և տնտեսական: Պետք է ընդգծել, որ գազը Ռուսաստանի ձեռքին միշտ եղել է քաղաքական գործիք: Իրադարձությունները, որ տեղի են ունենում հիմա Բելառուսում, ասածիս ապացույցն են: Զարգացումներից կարող ենք հասկանալ՝ որքանով է կարողանում գործող իշխանությունն իր հարաբերությունները քաղաքական դաշտում կարգավորել բանակցություններով»,- նշեց նա: