«Երկու-երեք տարվա ընթացքում մենք ունենալու ենք լուրջ ճգնաժամային խնդիրներ». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Տնտեսական որոշակի ակտիվություն կա, բայց չկա տնտեսական զարգացում։ Այս կարծիքին է տնտեսագետ Կարեն Ադոնցը, որը տնտեսական ակտիվությունը պայմանավորում է մի քանի գործոններով, որոնց թվում են ավտոմեքենաների ներմուծումը, կապիտալ շինարարությունը, ճանապարհաշինությունը։
Տնտեսագետի խոսքով, սակայն, կան խնդիրներ, որոնց թվում ավտոմեքենաների նեմուծման հանգամանքն է, որն այս տարի չի ունենալու նույն ծավալը, ինչն ուներ նախորդ տարի։
«Ընդհանուր առմամբ, երկու-երեք տարվա ընթացքում մենք ունենալու ենք լուրջ ճգնաժամային խնդիրներ՝ պայմանավորված տնտեսության կառուցվածքով, որովհետև այս կառուցվածքը մեզ զարգացման հնարավորություն չի տալիս։
Բացի այդ, աշխատուժի մասնագիտական որակավորման խնդիր ունենք՝ նաև նոր ոլորտներ զարգացնելու տեսանկյունից։
Չունենք նաև գործնական լայն ներկայություն շուկաներում, ինչը մեզ համար խնդիր է զարգացման առումով»,«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը՝ նշելով, որ տնտեսական քաղաքականության մեջ ևս հակասական հարցեր կան։
«Օրինակ՝ վարչապետը հայտարարում է, որ այս տարվա ընթացքում շուկայից գնված դոլարի ծավալը հասել է 20 միլիոնի: Բայց նշվածն ունի իր մյուս կողմը։
Մեր երկիրը չունի հումքային աղբյուրներ, չունի նաև մեքենասարքավորումներ արտադրող ընկերություններ։ Եթե շուկայում արտարժույթի ավելցուկ է առաջանում, նշանակում է՝ երկրի ձեռնարկությունները ներդրումային ակտիվություն չունեն, հակառակ պարագայում կգնեին այդ դոլարը, և զարգացման համար կներմուծեին հումք և մեքենասարքավորումներ։
Մեծ հաշվով, տարվող քաղաքականությունը միտված չէ զարգացմանը»,-ասաց տնտեսագետը՝ ընդգծելով, որ ընդհանրապես կա ուռճացնելու, ցուցանիշներն ավելի շատ քաղաքական դարձնելու և այդ առումով ոգևորություն առաջացնելու միտում։ «Մեծ հաշվով, պոպուլիզմի դրսևորումները շատ մտահոգիչ են, որովհետև Հայաստանը զարգացման լուրջ խնդիր ունի։
Մեր տնտեսության կառուցվածքը շատ նման է Վրաստանի կառուցվածքին. զբոսաշրջություն, վերամշակող ոլորտ, հանքահումքային արտադրանք, թեթև արդյունաբերություն, կարի արտադրություններ։ Իրականում թվարկվածները շարժիչ ճյուղեր չեն։ Դրանք շատ արագ հագենալու են, և մենք զարգացման առումով լուրջ խնդիրներ ենք ունենալու։
Վրաստանն էլ է շեշտը դրել այդ ոլորտների վրա և այսօր արդեն խնդիր ունի։ Հայաստանի համեմատ Վրաստանի տուրիզմը ծավալով հինգ անգամ ավելի մեծ է, բայց անգամ այդ հանգամանքը չի օգնում Վրաստանին զարգացնել տնտեսությունը։
Զբոսաշրջությունը համակարգատար ճյուղ է, բայց չի կարող շարժիչ ճյուղ դառնալ։ Շարժիչ ճյուղ են հանդիսանում արդյունաբերության ոլորտները»,-շեշտեց Կ. Ադոնցը։
Տնտեսագետը հավելեց՝ պետք է գիտակցենք, որ զարգանալու համար մեզ այլ ոլորտներ են անհրաժեշտ։ «Մեզ մոտ արդեն հայտարարվում է, որ ՏՏ ոլորտի համար մենք պարտավորված ենք աշխատուժ ներմուծել։
Իսկ ո՞վ ասաց, որ միայն ՏՏ ոլորտի համար է անհրաժեշտ։ Շատ ոլորտներ աշխատուժի կարիք ունեն։ Ընդհանրապես, նախկինների հետ համեմատվելուց շատ կարևոր է հասկանալ քաղաքական գնահատականը։ Այդ գնահատականը մեր զարգացման հնարավորությունները մսխելն է։
Սա կարևոր է հասկանալ, որ այնպես չստացվի՝ նոր իրավիճակում զարգացման հնարավորությունները պոպուլիզմով, ինչ-որ փոքր բաներն ուռճացնելով կրկին մսխվում են։ Պետք է գիտակցենք, թե մեր նպատակը որն է»,-ասաց տնտեսագետը։
Ամփոփելով՝ նա շեշտեց. «Մեր ՀՆԱ-ն մոտ 14 մլրդ դոլար է, որի 7,5 տոկոս աճը կազմում է մոտ 800 մլն դոլար։ Ավտոմեքենաների ներմուծումից բյուջեն ստացել է մոտ 200 մլն դոլար գումար, ներմուծողներն էլ են ստացել մոտ 200 մլն դոլար եկամուտ։
Եթե 7,5 տոկոսից 400 մլն դոլարը հանենք, կունենանք 3-3,5 տոկոս աճ։ Մենք պետք է գիտակցենք այս ամենը, պետք է կոմպենսացնենք այդ անկումը։
Մենք գործ չունենք կայուն արտադրական ծավալի հետ, ավտոմեքենաները բերել են՝ հիմա չեն բերելու։ Մենք մոտավորապես 1,4 մլրդ ՀՆԱ պետք է ձևավորենք, իսկ թե ինչպե՞ս և որտե՞ղ՝ արդեն հարց է»։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում