Ազնիվ չէ, երբ առիթ-անառիթ փորձում են քննադատել Հայկ Մարությանին
АналитикаՕրերս տեղեկացնաք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի և Քաղշինպետկոմի ղեկավարության հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել:
Հանդիպման ավարտին քաղաքապետն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Կարծում եմ՝ քաղաքի ամենակենտրոնում երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավորինս արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման: Այսօր արծարծեցինք նախագծի ամբողջական փաթեթի վերամշակմանն ու դրա հեռանկարային հաստատմանը վերաբերող մի շարք հարցեր»:
Ուրախալի այս լուրին հաջորդեց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ անդրադառնալով «Հին Երևան» ծրագրին նա նշել էր, որ շինարարությունն արվել է «ապօրինի»։
«Վերգետնյա ոչ մի հարկ կառուցելու համար թույլտվություն չի՛ եղել և դա իրականացվել է 2018 թվականի կեսերից մինչև այսօր։ Առանց շինթույլտվության առկայության ընթացել է մեծածավալ շինարարություն՝ խախտելով կառավարության որոշումը հարկայնության վերաբերյալ։
Իսկ ինչպես գիտեք հայտնի սխեմայով՝ երբ կառուցապատումը ավարտվում է, կարելի է արդեն բացել աչքերը և օրինականացնել շինարարությունը։ Ահա՛ եկել է աչքերը բացելու ժամանակը»,- գրել էր Խաժակյանը։
Պարզելու համար, թե շինարարությունն իսկապե՞ս «ապօրինի» է իրականացվել Orer.am-ը գրավոր դիմեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, որի պատասխանը ստանալուն պես կներկայացնենք:
Բայց մինչ այդ տեղեկացնենք, որ հարցը բավական երկար տարիների պատմություն ունի: Դրա պատճառով ոչ միայն տարածքի, այլև հարակից շենքերի բնակիչների անվտանգությունն է երկար տարիներ հարցականի տակ եղել: Եվ հիմա, երբ հնարավորություն է առաջացել քաղաքի կենտրոնում բացված, երկար տարիներ չփակվող հերթական շինհրապարակի խոռոչը վերացնել և տարածքը վերջապես պատշաճ տեսքի բերել, պարզվում է խախտվել է հարկայնության մասին կառավարության որոշումը:
Եվ այդ ամենը, չգիտես ինչու, կրկին ներկայացվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հասցեին հնչեցվող քննադատության լույսի ներքո, ինչը, համաձայնեք, ազնիվ չէ: Այդ նախագիծը երկար տարիների պատմություն ունի և հերթական առիթն է արձանագրելու, որ այս նախագիծը ևս վաղուց դարձել է մայրաքաղաքի աքիլեսյան գարշապարներից մեկը, որը պետք է օր առաջ վերացնել: