«Ռազմավարական բառն օգտագործում ենք, բայց բովանդակային առումով անհրաժեշտ բաղադրիչներ չենք ներառում». «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջին շրջանում բենզինի շուկայում որոշակի գնաճ է արձանագրվել, մինչդեռ անցած ամիսներին այս շուկայում էական նվազում էր եղել: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը գների որոշակի բարձրացումը կապում է հիմնականում ներքին դաշտում առկա որոշ հանգամանքներով:
«Շուկայական հարաբերությունների պայմաններում գների տատանումները, իհարկե, նաև միջազգային շուկաներում գոյություն ունեցող որոշակի փոփոխությունների, զարգացումների արդյունք են: Բայց միաժամանակ պետք է հաշվի առնել կոնկրետ երկրի առանձնահատկությունները. մասնավորապես, սպառման չափերը, ինչպես նաև սուբյեկտների վճարունակությունը: Հայաստանի պարագայում նշված բոլոր գործոնները նշանակություն ունեն:
Նախ՝ մեզ համար վառելիքը զուտ ներկրվող ռեսուրս է, ունենք եկամուտների ցածր մակարդակ, ինչպես նաև սպառման ոչ բարձր մակարդակ: Այս բոլոր հանգամանքներով պայմանավորված՝ մեզ մոտ գների տատանումներ կարող են լինել, որոնք ոչ ամբողջությամբ են արտացոլում համաշխարհային շուկաներում տեղի ունեցող փոփոխությունները:
Այն դեպքերում, երբ մեզ մոտ համեմատաբար սպառման ցածր մակարդակ է նկատվում, գնանկում է լինում այս շուկայում: Եթե փոքր-ինչ բարձրացում նկատվեց, նշանակում է՝ մենք առաջարկի ու պահանջարկի փոփոխություն ենք նկատում: Սա հենց այն պատկերն է, ինչը կա այս պահին ՀՀ բենզինի շուկայում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց տնտեսագետը:
Նա շեշտեց, որ այս շուկայում հիմա փոքր ինչ այլ իրավիճակ է. «Մեզ մոտ հիմա հարաբերություններն այնպիսին են, որ մենաշնորհ ռեժիմները չեն կարող գործել այնպես, ինչպես նախկինում:
Բոլոր դեպքերում նկատելի սահմանափակումներ կան, որոնց պարագայում գրեթե բացառված է, որ առանձին սուբյեկտներ գնային կտրուկ փոփոխությունների ճանապարհով:
Իհարկե, կարող են որոշակի սուբյեկտիվություն հանդես բերել, բայց, ամեն դեպքում, վերահսկողական մարմինները կարգելեն: Իսկ ներկայիս որոշակի գնաճը նշանակում է, որ ՀՀ-ում սպառումը մեծացել է, այլ կերպ ասած՝ բենզինի պահանջարկը մեծացել է»:
Մյուս կողմից՝ տնտեսագետը նշեց, որ բենզինի շուկայում նախկինում արձանագրված անկումը որպես նվաճում որակելն այդքան էլ ճիշտ մոտեցում չէ:
«Դա ոչ թե գնանկում էր նշանակում, այլ վճարունակ պահանջարկի պակաս: Այդպիսի գնանկումը, ըստ էության, չի վկայում դրական զարգացման մասին: Հաշվի առնելով եկամուտների նվազումը՝ թե՛ իրավաբանական, թե՛ ֆիզիկական անձինք չունեին վառելիք սպառելու այն հնարավորությունները, որոնք ունեին նախկինում:
Մեր տնտեսական ակտիվության ցուցանիշները բոլոր ոլորտներում կտրուկ ընկել են, ինչը նշանակում է շրջանառության սահմանափակում, և այդ սահմանափակումը վերաբերում է թե՛ բենզինին, թե՛ այլ ծառայություններին ու ապրանքներին:
Իսկ երբ մի փոքր աշխուժացում է նկատվում, գները, բնականաբար, բարձրանում են»,-ընդգծեց Վ. Բոստանջյանը:
Անդրադառնալով ջերմոցային տնտեսությունների, վերամշակող կազմակերպությունների և խոշոր սպառողների համար հուլիսի 19-ից ուժի մեջ մտած գազի նոր սակագնին, Վարդան Բոստանջյանը նշեց, որ հետևանքներն արդեն իսկ նկատելի են:
«Որքան էլ ասենք՝ որոշ հատվածի համար գազի գինը չի բարձրանալու, այդ ամենն իրականում լիրիկական է հնչում: Գազի գնի այս բարձրացումն իր ազդեցությունն է ունենալու հատկապես բոլոր առաջին անհրաժեշտության ապրանքների վրա: Անկախ նրանից, թե մեր վիճակագրական մարմիններն ինչ թվեր կհրապարակեն գնաճի մասին, միևնույն է, ավելի կարևոր է իրական շուկան, որտեղ արդեն իսկ գների բարձրացում ենք տեսնում»,-ասաց նա:
Ամփոփելով՝ տնտեսագետը շեշտեց. «Հաշվի առնելով մի շարք գործոններ, գազի գնով պայմանավորված գնաճը ևս կշարունակվի, ինչը զարմանալի չէ: Նախ՝ ռեսուրսը մերը չէ, ներմուծում ենք: Զուգահեռ՝ տեսնում ենք, թե ինչպիսի հարաբերություններ ունենք այն երկրի հետ, որից որ ստանում ենք այդ ռեսուրսը:
Ռազմավարական բառն օգտագործում ենք, բայց բովանդակային առումով անհրաժեշտ բաղադրիչներ չենք ներառում, որոնք մեզ համար ավելի նախընտրելի պայմաններ կապահովեն»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում