Ռեկորդային շոգից 48 ժամ անց՝ հանկարծակի ձյուն. Կոլորադոում եղանակային անոմալիաներ են տեղի ունեցել (լուսանկարներ)
Международные новостиԱՄՆ Կոլորադո նահանգում եղանակային անոմալիաներ են գրանցվել․ Դենվեր քաղաքում ռեկորդային շոգից 48 ժամ անց հանկարծակի ձյուն է տեղացել, գրում է Bored Panda-ն։
Տեղի օդերևութաբանները պնդում են, որ սեպտեմբերի 6-ին նահանգի հարավ-արևելյան հատվածում գրանցվել է Ցելսիուսի սանդղակով 40 աստիճան ջերմաստիճան, մինչդեռ 48 ժամ անց արձանագրվել է ջերմաստիճանի կտրուկ անկում և 9,9 սանտիմետր բարձրությամբ ձյուն է տեղացել:
Համացանցում հայտնված լուսանկարներում երևում է, թե 2 օրվա ընթացքում որքան է փոխվել ապոկալիպտիկ կարմիր և նարնջագույն երկնքով Կոլորադոն՝ վերածվելով Սուրբ ծննդյան ցուրտ մթնոլորտի։
Նշենք, որ ԱՄՆ արևմտյան նահանգներում վերջին շաբաթներին անտառային հրդեհներ են մոլեգնում, որոնց հետևանքով նվազագույնը 28 մարդ է մահացել։
Ամենամեծ թվով զոհեր եղել են Կալիֆոռնիա նահանգում, որտեղ հրդեհը խլել է 19 մարդու կյանք: Նրանց մեծ մասը մահացել է վերջին մի քանի օրերին:
Ամերիկյան արևմտյան նահանգներում ընդհանուր ավելի քան 100 հրդեհ է արձանագրվել, որոնցից մի քանիսն իրենց զբաղեցրած մակերեսով ռեկորդային ցուցանիշներ են գրանցել: Ամենածանր իրավիճակը Կալիֆոռնիայում է, ինչպես նաև Օրեգոնում և Վաշինգտոնում: Այդահո նահանգում գրանցված հրդեհների ընդհանուր մակերեսը, Հրդեհների ազգային միջգերատեսչական կենտրոնի տվյալներով, կազմում է ավելի քան 1.9 միլիոն հա: