Վանաձորի կերպարվեստի թանգարանում կկայանա լոռեցի նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը.«Փաստ»
Культура«Փաստ» օրաթերթը գրում է
Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Հայկուհի Ավագյանի հետ զրուցելու առիթը հոկտեմբերին անցկացվելիք «Բազմաշավիղ» ամենամյա ցուցահանդեսն է: Իհարկե, առիթից օգտվելով զրուցում ենք նաև թանգարանի աշխատանքի ու ծրագրերի մասին: «Երկու շաբաթ է, ինչ սկսել ենք աշխատել, թանգարանը բաց է այցելուների համար: Պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները: Թանգարանն անցած տարի սուբվենցիոն ծրագրով վերանորոգվեց, փոխվեցին դիմապակիները, հատակը, տանիքը, լուսավորության համակարգը, կարգի բերվեց թանգարանի մոտ գտնվող պուրակը:
Այն այժմ խնամված վիճակում է, ու ամենակարևորը՝ ջեռուցում կա: Այս պահին լուծման կարիք ունեցող հրատապ հարց չունենք: Կան միայն տեխնիկական հարցեր՝ կապված ցուցանմուշների պահպանության հետ, որովհետև ցանկացած քաղաքակիրթ թանգարանում պարտադիր լինում են խոնավեցնող համակարգեր, որոնք պահպանում են օդի պատշաճ խոնավությունը, որպեսզի աշխատանքների ներկաթափում չլինի: Հիմա փորձում ենք այդ հարցը լուծել: Թանգարանը ջեռուցվում է օդորակիչներով, դա մեզ համար բավականին մեծ ծախս է լինում: Փորձում ենք այլընտրանքային միջոցներ գտնել, ցավոք, արևային վահանակների տեղադրման ծրագիրը չստացվեց, քանի որ թանգարանի դիրքը հարմար չէր վահանակների համար»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Վանաձորի կերպարվեստի թանգարանի տնօրենի պաշտոնակատար Հայկուհի Ավագյանը:
Նշում է՝ այս տարվա սկզբին վերանորոգումից հետո նախապատրաստվում էին թանգարանի վերաբացմանը և որոշել էին ապրիլի 7-ին ցուցահանդես կազմակերպել, սակայն ծրագրերը հայտնի պատճառներով փոխվեցին: «Հիմա արդեն թանգարանի վերաբացում չենք անի, քանի որ արգելվում է մեծ թվով այցելուների մուտքը թանգարան: Կկազմակերպենք մեր ավանդական «Բազմաշավիղ աշնանային» ցուցահանդեսը, որին ներկայանում են բացառապես լոռեցի նկարիչներ: Այդ ցուցահանդեսի ակունքներում մեր նախկին տնօրեն Փափագ Ալոյանն է կանգնած: Այն մի տեսակ հաշվետու ցուցահանդես է: Աշնանը կայանալիք ցուցահանդեսը նվիրվում է մեր քաղաքի տոնին, որը լինելու է հոկտեմբերի առաջին շաբաթ օրը:
Հայտարարությունն արդեն տարածվել է, աշխատանքները կհավաքվեն: Սովորաբար ցուցահանդեսին մասնակցում է 50-60 հեղինակ՝ հարյուր աշխատանքով»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը: Թանգարանի տնօրենի պաշտոնակատարն ասում է՝ վերաբացումից հետո այցելուները շատ չեն: «Երևի թե մի քիչ խուսափում են, կամ էլ մեծամասնությունը չգիտի, որ թանգարանը վերաբացվել է: Մեր հիմնական այցելությունները լինում են ուսումնական հաստատություններից. կարծում եմ, որ երբ ուսումնական պրոցեսը հունի մեջ ընկնի, նրանք կսկսեն թանգարան այցելել: Աշխատել ենք նաև արտակարգ դրության ժամանակ: Եթե այդ ողջ ընթացքում պասիվ դիրք գրավեինք, կկորցնեինք մեր այցելուների մեծ բանակը: Փորձեցինք օգտագործել օնլայն հարթակը, ունենք բավականին ակտիվ ֆեյսբուքյան էջ, որն օգտագործեցինք տեղեկատվական տարբեր նյութեր տարածելու, խաղեր կազմակերպելու համար, ունեցանք մանկական ստեղծագործությունների առցանց ցուցահանդես, մեր հայ փոքրիկները նույնիսկ արտերկրից էին իրենց աշխատանքներն ուղարկել:
Ի դեպ, երկու ամիս առաջ թանգարանների միջազգային կոմիտեի հետ քննարկում ունեցանք նման թեմայով ու պարզվեց, որ հանրապետությունում մեր թանգարանը ակտիվներից մեկն է եղել»,- ասում է Հայկուհի Ավագյանը: Տեղեկացնում է՝ առաջիկայում թանգարանում կլինեն անհատական ցուցահանդեսներ: «Ամենակարևորն այն է, որ թանգարանը ջեռուցվում է, նախորդ տարիներին գրեթե հինգ ամիս անգործության էինք մատնվում՝ ակտիվ միջոցառումների առումով: Ձմռանը գիտական աշխատանքով էինք զբաղվում, ծրագրեր մշակում, մինչև տաք օրերը վերադառնային: Հիմա արդեն այդ խնդիրը չենք ունենա»,-եզրափակում է թանգարանի տնօրենի պաշտոնակատարը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում