Imyerevan.com-ը գրում է.
Շատ բան գիտենք նրանց մասին, լսում ենք նրանց երաժշտությունը, հաճույք ստանում նրանց կտավներից, ժամանակ առ ժամանակ նորից դիտում նրանց մասնակցությամբ ֆիլմերը: Բայց, ցավոք, շատ քիչ բան գիտենք նրանց մարդկային գծերի, առօրյա կյանքի ու մարդկանց հետ պարզ հարաբերությունների մասին: Բացը լրացնելու համար ներկայացնում ենք «Մեծ հայերի՝ պատահաբար արված լուսանկարները» շարքի երկրորդ մասը:
60-ականներին շանսոնյե Շառլ Ազնավուրի անունը հաճախ էր փոխարինվում «բլյուզի լավագույն ֆրանսիացի երգիչ», «ֆրանսիական Ֆրենկ Սենատրա» բառակապակցություններով: Փարիզի ամեն անկյունում հնչում էր «La boheme» նոր հիթը: Եվ միայն Բրիջիթ Բարդոյի նման գեղեցկուհուն էր հաջողվում երգերը ոչ թե ձայնագրությամբ կամ համերգին լսել, այլ իր առանձնասենյակում:
Հանճարեղ Մարտիրոս Սարյանի երկու ուսանողները՝ ականավոր ավանգարդիստ Մինաս Ավետիսյանը (աջից) և Օնիկ Մինասյանը կնոջ հետ, 1965 թ., Լենինգրադ:
Պոետ Եղիշե Չարենցը ուղղիչ աշխատանքների ժամանակ, 1927 թվական: Ստալինը Խորհրդային կարգերի հաստատման 15-ամյակին Կրեմլ հրավիրված Հայաստանի ներկայացուցիչներին հարցրեց. «Ինչպե՞ս է իրեն զգում պոետ Չարենցը»: Գրող Նաիրի Զարյանը պատասխանեց՝ «վատ չէ»: Շատերն այժմ Զարյանին մեղադրում են այն բանի համար, որ նա չպատմեց իրական դրության մասին: Ստալինը, իհարկե, գիտեր իրական վիճակը. պարզապես իր հերթական ներկայացումն էր խաղում:
Հայկական թատրոնի և կինոյի երկու սյուները՝ Խորեն Աբրահամյանն ու Սոս Սարգսյանը զրուցում են դիմահարդարման սենյակում:
Լուսանկարի աջ մասում ֆիդայի, դաշնակցական, քաղաքական և ռազմական գործիչ Դրաստամատ Կանայանն է (Դրո) ընկերոջ՝ Մարտիրոս Չարխչյանի հետ,1907 թ.: Հենց նրանք նույն տարվա հուլիսի 3-ին Ալեքսանդրապոլում սպանեցին նահանգապետ Մախսուդ Ալիխանովին, ով հրահրում էր հայերի ջարդերը:
Տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից մեկը՝ Վիկտոր Համբարձումյանը, շատ երկրների գիտությունների ազգային ակադեմիաների պատվավոր անդամ էր: 70-ականներին նույնիսկ Ավստրալիայում եղավ, որտեղ հանդիպումների շարք անցկացրեց գիտնականների և ուսանողների հետ, ինչպես նաև արժանացավ Ավստրալիայի ազգային համալսարանի պատվավոր պորֆեսորի կոչմանը:
1968-ի հոկտեմբերին առաջին անգամ նշեցին «Էրեբունի-Երևան» տոնը: Տոնակատարություններին միացավ նաև մեծանուն հայ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: