«Հետհաշվարկը սկսված է. եթե խնդիրները չլուծենք, շատ մեծ ռիսկերի կարող ենք բախվել»․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Թե՛ պատերազմը, թե՛ համավարակը տնտեսության մեջ բազմաթիվ խնդիրներ են առաջացրել: Տեսանելի դրսևորումներից են առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումները: Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Ջուլիետա Թադևոսյանի դիտարկումն է, որի խոսքով, թանկացումները, ամեն դեպքում, սպասելի էին: «Այդ իրավիճակը, թերևս, պայմանավորված է նաև ներկրվող ապրանքների շուրջ առաջացած խնդիրներով, դրամ-դոլար հարաբերակցության տատանումներով: Այստեղ շատ լուրջ վտանգ դեռ չեմ տեսնում, որովհետև հիմա նկատելի գնաճը թույլատրելի սահմաններում է:
Թեպետ, իհարկե, վտանգը կա, բայց Կենտրոնական բանկը, համենայն դեպս, իր միջնորդությամբ ու դրամավարկային քաղաքականությամբ կարողանում է վերահսկել իրավիճակը, և այն կառավարելի է: Դեռ վերահսկելիության շրջանակներում ենք, իրավիճակն անհանգստացնող չէ: Այնուամենայնիվ, տնտեսությունը պետք է սկսի շնչել. այն հիասթափությունները, տրամադրվածությունը, կորուստները, որոնք ունենք վերոնշյալ երկու պատճառներով, պետք է հաղթահարվեն:
Մարդիկ պետք է իրական կյանք վերադառնան, բայց եթե տնտեսությունը սկսի դարձյալ որոշակի անտարբերության, թողտվության և հիասթափությունների շրջանակներում լինել, իհարկե, թե՛ թանկացումները, թե՛ էլի շատ իրադարձություններ կարող են անհանգստացնել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ջուլիետա Թադևոսյանը: Վերջինիս խոսքով, բոլոր կառույցների համակարգված ու ամենժամյա աշխատանքի կարիքը կա: «Հետհաշվարկը սկսված է. եթե մենք խնդիրները չլուծենք, իհարկե, մեծ ռիսկերի կարող ենք բախվել: Դիտարկենք, թեկուզև, թուրքական ապրանքների ներկրման կասեցումը: Նման հանգամանքները խնդիրներ են առաջացնում, որոնց լուծմանը պետք է ձեռնամուխ լինել:
Եթե մերժում ենք թուրքական ապրանքի ներկրումը, փոխարենը պետք է տեղական արտադրության զարգացման կամ այլ մատակարարներից ներկրելու պայմաններ ստեղծել: Այս խնդիրները համակարգային լուծումներ են պահանջում, որովհետև կարճաժամկետ կտրվածքով որոշակի ցնցումների կարող ենք և չբախվել, բայց եթե քայլեր չարվեն, երկարաժամկետ հեռանկարում շատ լուրջ խնդիրներ կարող ենք ունենալ»,-ընդգծեց նա՝ շեշտելով ներմուծման փոխարինման, տնտեսության վերականգնման, վերակառուցման և նման շատ հարցերի լուծմանն ուղղված քայլերի անհրաժեշտության մասին: «Տարին, կարծես թե, տնտեսական աճի երկնիշ բացասական ցուցանիշով է ամփոփվում, ինչը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում, որովհետև տնտեսության մեջ էլ ավելի շղթայական գործընթացներ կարող են տեղի ունենալ ու շարունակվել:
Օրինակ՝ էլ ավելի շղթայական թանկացումներ կարող են լինել: Սոցիալական լարվածության ֆոնին, համավարակի և պատերազմի հետևանքներից բխող իրավիճակում առկա բոլոր խնդիրները կարող են գումարվել: Եվ, անշուշտ, քայլեր են պետք, որոնք կարձանագրվեն պետական բյուջեի նախագծի քննարկումներում: Ի՞նչ է նշանակում՝ բյուջեն կազմվել է մինչ պատերազմը և այն վերանայման հնարավորություն չունի: Սա շատ սխալ և ոչ իրատեսական մոտեցում է: Այո, մենք, իհարկե, պատերազմ չէինք կանխատեսում, բայց մենք հայտնվել ենք քաղաքական, տնտեսական, բարոյական, հոգեբանական, անվտանգային ռիսկերի մեջ: Այս շարքը կարող ենք շարունակել, բայց նման ռիսկերի մեջ բյուջեն չվերանայելը սխալ է: Ինչպե՞ս չկրճատել որոշակի ծախսեր, օրինակ՝ նույն պարգևավճարների, անգամ ճանապարհների կառուցման առումով: Համապատասխան մասնագետների օգնությամբ պետք է բյուջեն մանրակրկիտ վերանայել՝ ապահովելով ֆինանսներ այն ոլորտներին, որոնցից կախված են վերոնշյալ բոլոր ռիսկերը:
Հակառակ դեպքում մի քանի ամիս անց ամենասարսափելի ռիսկերին կբախվենք, երբ անգամ լուծման տարբերակներն էլ չենք կարողանա գտնել»,ընդգծեց մեր զրուցակիցը: Ջ. Թադևոսյանը կարևորեց նաև առաջնահերթությունները որոշելու ու հենց այդպես գնալու անհրաժեշտությունը: «Առաջնահերթություններից ելնելով՝ որոշ կազմակերպությունների պետք է ազատել հարկերից: Դիտարկենք վիճակագրությունը, տեսնենք, թե գիտությանը, կրթությանը ու առողջապահությանը ինչ հատկացումներ են եղել: Ցուցանիշները գրեթե չեն փոխվում՝ 8, տոկոս, 6 տոկոս… Էլ չեմ խոսում ռազմական արդյունաբերության մասին, որին բյուջեից նախատեսված է հատկացնել ընդամենը 16 տոկոս:
Սրանք թվեր են, որոնք խոսում են վտանգների ու ռիսկերի հասունացման մասին: Կարծում եմ՝ բոլոր ցուցանիշները կվերանայվեն, և երկրի զարգացման ավելի ռեալ, գործուն, իրատեսական ու անվտանգային միջոցառումներով կառաջնորդվենք: Եթե ուժեղ քաղաքականություն ենք ուզում վարել, պետք է հզոր տնտեսություն ունենանք»,-եզրափակեց Ջ. Թադևոսյանը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում