«Սա չմտածված քաղաքականության հետևանք է»․ «Փաստ»
Аналитика«Փաստ» օրաթերթը գրում է
«Հայրենական ապրանք արտադրողների միություն» ՀԿ-ի նախագահ Վազգեն Սաֆարյանը նշում է՝ մեր երկրում պետք է փոխվի տնտեսական քաղաքականությունը։ «Միանշանակ է, որ շուկայական այս հարաբերություններով անհնար է հզոր պետություն կառուցել։ Խորհրդային տարիներին եթե չլիներ կենտրոնացված իշխանություն, ԽՍՀՄ-ը չէր կարող հաղթել մինչև ատամները զինված գերմանական ուժերին։ Մեր պարտության պատճառներից մեկն էլ այն էր, որ մենք կործանել էինք մեր մեքենաշինությունը։ Բա երկիրը չկարողանա՞ թնդանոթ արտադրել։ 1999 թվականին մեր միությունը Հայաստանում նախաձեռնեց թեթև ինքնաթիռների արտադրություն, արդյունաբերության նախարարության հետ համաձայնագիր կնքեցինք և այլն։ Եթե այդ ժամանակվանից սկսեինք փոքր ինքնաթիռների արտադրությունը, որոնցից կարելի էր նաև անօդաչուներ սարքել, այսօր չէինք կանգնի փաստի առաջ, երբ անօդաչուների պատճառով այդքան երիտասարդների կորցրեցինք։
Ժամանակին դա չեն լսել, չեն արել, որովհետև եղել է պետության կարգավորիչ դերի բացակայություն և ամենաթողություն։ Ասում էին՝ եթե շուկան անհրաժեշտություն զգա, ապա ինքնաթիռ կարտադրվի։ Բայց պետք է լինի պետական պատվեր և պետական քաղաքականություն։ Հիմա պետք է հիմնովին վերանայվի արդյունաբերությունը։ Պետք է զարգացնենք մեր մեքենաշինությունը, սարքաշինությունը, գունավոր և սև մետալուրգիայի արտադրությունը, կարողանանք արտադրել ռազմական տեխնիկա։ Մենք փամփուշտի գործարան ունենք, բայց այն դրսից ենք բերում։ Ասում են՝ այստեղ արտադրում ենք, թանկ է։ Թող թանկ լինի, բայց այդ գործարանում մի հարյուր հոգի մարդ կաշխատի, եկամտային հարկ կվճարեն, շուկայում գումար կշրջանառվի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սաֆարյանը։ Նշում է՝ բուհերում մի շարք առարկաներ՝ մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, բարձր տեխնոլոգիաներ և այլն, ուսանողները պետք է անվճար սովորեն։ «Պետք է այդ ուղղությունները զարգացնենք, որ կարողանանք վաղը լազերային տեխնիկա արտադրել, որն էլ կարողանա լազերով շարքից հանել թռչող սարքերը։ Ամեն օր պետք է մեր աչքի առաջ ունենանք այն միտքը, որ վաղը պատերազմ է, պետք է պատրաստվենք դրան։
Բայց ինքնահանգստացման թմբիրի մեջ ենք ընկնում, ասում ենք՝ մենք ուժեղ ենք ու վերջ։ Ինչո՞ւ պետք է այսքան զոհեր ունենայինք անօդաչուների հարվածների պատճառով։ Սա չմտածված ռազմաքաղաքական քաղաքականության հետևանք է»,նշում է մեր զրուցակիցը։ Ակնհայտ է, որ մի շարք տեղական ընկերություններ, ընդ որում՝ ամենատարբեր ոլորտների, 2021 թվականին կանգնելու են լրջագույն խնդիրների, անգամ փակման վտանգի առաջ։ Ի՞նչ անել այս դեպքում։ Սաֆարյանը նշում է՝ պետությունը պետք է պետական պատվերի ինստիտուտի գաղափարն աշխատեցնի։ «Պետությունը պետք է պատվեր տա, որ այդ հիմնարկություններն աշխատեն, պետք է զարգացնի ներքին արտադրական կոոպերացիա։
Դրա համար պետք է վերականգնի արդյունաբերության նախարարությունը։ Պետք է անջատ գործի գյուղատնտեսության նախարարությունը։ Մենք 446 հազար հեկտար հող ունենք, որից 150 հազարը չի մշակվում, այնտեղ պետք է ցորենի արտադրություն զարգացնենք։ Պետք է կարողանանք մեր երկրում ցորենի պահանջարկի 6065 տոկոսն ապահովել, և դրանով պարենային անվտանգության խնդիր լուծենք։ Եթե վաղը պատերազմ լինի, որը տևի երեք ամիս, ո՞նց ենք դիմանալու։ Մենք մեր երկիրը պետք է ռազմական ռելսերի վրա դնենք»,-եզրափակում է Վազգեն Սաֆարյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում