Սոցիալ-տնտեսական իրավիճակի վատացմանը շուտով հետևելու է համաժողովրդական բողոքի անկասելի ալիք․ «Փաստ»
Экономика«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանը այնպիսի մի դժվարին իրավիճակում է հայտնվել, որ չի եղել անկախության հռչակումից ի վեր։ Շատ է քննարկվում պարտության արդյունքում տարածքային, մարդկային և նյութական կորուստների հարցը։ Բայց ամենաբարդ հարցն այն է, որ ամեն ինչ դրանով չի սահմանափակվելու։ Բնականաբար, պարտությունն իր հետքն է թողնելու նաև մեր ապագայի վրա։ Եթե երկրի ներկայիս իրավիճակը և գործընթացների միտումը երկար պահպանվեն, ապա Հայաստանը կարող է նույնիսկ տարիներով ուշքի չգալ։ Հատկապես ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ մեր հասարակության ներսում տիրող բարոյահոգեբանական իրավիճակը, մեղմ ասած, ոչ բարվոք է, ինչը որևէ մոտիվացիա չի թողնում հետագա զարգացման համար։
Ընդհանրապես, մարել է ապագայի նկատմամբ հույսը, իսկ իշխանությունները բացարձակապես ի զորու չեն պետությունը դուրս բերել այս ծանր շրջափուլից։ Դրա համար էլ մարդկանց մոտ երկիրը լքելու և արտագաղթելու մտադրություն է նախանշվում։ Մյուս կողմից էլ հակառակորդն այնքան է լկտիացել, որ նորանոր պահանջներ է ներկայացնում և զիջումներ է պարտադրում մեր իշխանությանը, որը լուռ տանում է դրանք։ Իսկ մինչ այդ երկրի զարգացման տեսլականի, ռազմավարության, տնտեսական զարգացման, կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին և այլ կարևոր հարցերի վերաբերող խնդիրները բարձիթողի վիճակում են։ Դա է պատճառը, որ այսօր հիմնական ընդդիմադիր ուժերը և հանրության մի ստվար հատվածը բողոքի ակցիաների և քաղաքացիական ընդվզումների ճանապարհն է ընտրել։ Եվ ակնկալվում է, որ բողոքի ալիքի աշխարհագրությունը աստիճանաբար կընդլայնվի՝ ընդգրկելով հանրության գերակշիռ մեծամասնությունը։
Խնդիրն այն է, որ հանրության որոշ մասը դեռևս էմոցիաների ազդեցության տակ է և իրապես չի պատկերացնում, թե ինչեր են սպասվում երկրին և անձամբ իրենց։ Մյուս կողմից՝ կա դժգոհների մի ստվար հատված, որը պարզապես փողոց դուրս չի գալիս: Առայժմ: Հիմա առավել հրատապ նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակին վերաբերող հարցը։ Մեր ազգային արժույթը՝ դրամը, մտել է անկանոն տատանումների փուլ և սկսել է արժեզրկվել այն պարագայում, երբ աշխարհում ամերիկյան դոլարը թուլացնում է իր դիրքերը, և ազգային արժույթները սկսել են արժևորվել դոլարի նկատմամբ։ Հայաստանի պետական պարտքն արդեն անցել է վտանգավոր սահմանագիծը և շարունակում է ավելանալ։ Տնտեսությունը խոր անկում է ապրում, տնտեսվարողների վիճակը գնալով ավելի է բարդանում։ Հայկական արտադրության ապրանքները հաճախ չեն դիմանում ներմուծվող ապրանքների ճնշմանը։ Բացի այդ, քաղաքացիները սկսել են ավելի շատ խնայել, նվազել է ընդհանուր առևտրաշրջանառությունը։
Մյուս կողմից էլ երկրում տեղի ունեցող ֆինանսական տեղաշարժերը նոր ռիսկեր են ստեղծում, որ մարդիկ կարող են բանկերից դուրս բերել իրենց ավանդները, ինչը բանկային համակարգը կարող է կոլապսային իրավիճակի առաջ կանգնեցնել։ Սակայն ամենակարևորը դեռ առջևում է։ Քիչ չէ, որ երկրում գնաճային տրամադրություններ են տիրում, մյուս կողմից էլ թանկանում են բնական գազն ու էլեկտրաէներգիան, ինչը հանգեցնելու է ապրանքների և ծառայությունների համընդհանուր թանկացման։ Իսկ այս իրավիճակում նոր ներդրումների մասին խոսելն ուղղակի ավելորդ է։ Գործարարներն էլ վստահություն չունեն երկրի ղեկավարության նկատմամբ, որ կարող է օգնել իրենց կամ բարենպաստ պայմաններ ստեղծել։ Կարճ ասած՝ տեսանելի է, որ ժողովրդի վիճակը ոչ միայն չի բարելավվելու, այլև ավելի է վատթարանալու։
Եվ եթե հիմա մարդկանց մի մասն ինչ-ինչ պատճառներից ելնելով փողոց դուրս չի գալիս, և իշխանությունները հայտարարում են, թե իրենց հրաժարականի համար համաժողովրդական պահանջ չկա, ապա այս ամենի արդյունքում շատ կարճ ժամանակ անց ժողովրդի մեծ մասը դուրս է գալու փողոց և միահամուռ պահանջելու է կառավարության հրաժարականը։ Եթե, իհարկե, մինչ այդ չհասցնեն հրաժարական տալ: Այդ դեպքում ալիքն արդեն անկասելի է լինելու: Այնպես որ, իշխանություններից կամք և վճռականություն է պահանջվում, որպեսզի հասկանան, որ իրենց գնացքն արդեն գնացել է, և կառչելով աթոռից՝ չբարդացնեն իրավիճակը՝ հասցնելով նրան, որ անհամեմատ մեծ թվով մարդիկ դուրս գան փողոց և համաժողովրդական ճնշման ներքո հեռացնեն իրենց։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում