«Երբ կաղնու տերևի վրա լեղու գնդիկներ են առաջանում, քայքայում են ծառն ու չորացնում»․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
«Փաստի» զրուցակիցն է դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Սամվել Խալաթյանը:
-Պարո՛ն Խալաթյան, պատերազմական գործողություններից և դրանց հաջորդող իրադարձություններից հետո շատերը նշում են, որ բռնել ենք հայրենազրկման ճանապարհը։ Ինչո՞ւ այսպես ստացվեց։
-Յուրաքանչյուր հասարակական աղետ իր հետ բերում է ոչ միայն նյութական կորուստներ, այլև մշակութային ու բարոյահոգեբանական: Առաջինը վերականգնելը հնարավոր է: Մշակութային և բարոյահոգեբանական կորուստները ոչ միայն հնարավոր չէ վերականգնել, այլև դրանց «փլատակների» տակ են հայտնվում երկրի մշակութային կեցության անկյունաքարերը, խաթարվում է եկող սերունդների բարոյագիտական շարունակական զարգացման ընթացքը: Սրանք ևս հայրենազրկության՝ բուն արմատներից հեռանալու երևույթներ են: «Աղետի գոտի» դարձած հայրենիքը լքելը՝ արտագաղթը, որն անտարակույս սպասվում է և առայժմ զսպաշապիկի մեջ է, քանզի պանդեմիայի և միջազգային քաղաքական առևտրի իրավիճակում ճանապարհներն արգելափակված են, հայրենազրկության ամենակործանարար երևույթն է, որովհետև մարդաթափվելով՝ տուժում են թե՛ պատմական հայրենիքը և թե՛ ուծացման վտանգի առջև հայտնվող վտարանդիները: Վերջապես, կա նաև հայրենազրկման մեկ այլ տեսակ, երևույթ, երբ մարդկանց մի խումբ-տեսակ, թեև ապրում է հայրենիքում, բայց իր համոզմունքներով, քաղաքականդավանաբանական հայացքներով, ձգտումներով ոչ մի կապ չունի հայրենիքի հոգևորմշակութային էության հետ և ազգը պառակտելու կործանարար սկզբունքներով է առաջնորդվում: Նրանք հայրենազրկված են: Ցավոք, վերը նշածս բոլոր երևույթներն ու գործոններն այսօր մեզանում կան: Ինչո՞ւ այդպես ստացվեց... Կաղնին, գիտեք, բնության կողմից երկարակեցությամբ օժտված ամուր ծառատեսակ է: Բայց երբ նրա տերևի վրա լեղու գնդիկներ են առաջանում, որոնք շատ նման են նրա պտուղներին, քայքայում են ծառն ու չորացնում: Դա գնդակ է՝ արձակված թիկունքից, ցեց է՝ մարմնի մեջ: Տարիներ շարունակ մենք այդ ցեցը սնել ենք:
-Արդյոք ամեն ինչ չսկսվե՞ց այն պահին, երբ ոտնձգություններ եղան եկեղեցու, մշակույթի, հայկականության և բանակի դեմ։
-Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ դարերով երազած անկախությունը ձեռք բերելուց անմիջապես հետո բարոյալքեցինք անկախության գաղափարը՝ թալանով, իշխանության գլուխ կանգնելու գզվռտուքներով, ազգային գաղափարախոսությանը կարևորություն չտալով, միով բանիվ՝ մեր արմատներից հեռանալով: Եկեղեցու, մշակույթի, հայկականության և բանակի դեմ ոտնձգությունները դրանց հետևանքն էին: Արցախյան երկրորդ պատերազմը, դավադրական, ամոթալի պարտությունը այդ մեծ «ներկայացման» օրգանապես հասունացած ողբերգական կոնֆլիկտն ու լուծումը եղան: Նիկոլականությունն իր մեջ «յոթը գոմշի կաշվով» քողարկած ամփոփեց նախկինների բոլոր բացասական կողմերը՝ գումարած անակնկալի եկած, շվարած, ցավի մեջ տնքացող սեփական ժողովրդի դեմքին լպիրշորեն հռհռալու անպատկառությունը, որը շարունակվում է մինչև օրս:
-Պետության ապագայի կանխատեսումներն այնքան էլ լավատեսական չեն։ Որո՞նք են այս իրավիճակից դուրս գալու ելքերը։
-Ուժ գտնել՝ ամեն ինչ սկսել սկզբից: Սատարել հայրենասեր, ազնիվ քաղաքական գործիչներին՝ իշխանության հասնելու, չխաբվել նրանց շարքեր սպրդած բախտախնդիրների ընդդիմադիր կեցվածքով: Օգտագործել նաև Սփյուռքի մտավոր-գիտական ներուժը: Ստեղծել դիվանագիտական հզոր կորպուս, մեծագույն զգուշությամբ և կշռադատվածությամբ ընտրել ու վերաբերվել հզոր երկրների հետ բարեկամական համագործակցություն ստեղծել-պահպանելուն, բանակի բոլոր տեսակի մեծ ու փոքր հարցերը դիտել պետության և ժողովրդի թիվ մեկ խնդիրը, ուշադրություն սևեռել մատաղ սերնդի հայեցի կրթությանն ու ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բավարար պայմաններ ստեղծել գիտնականների գործունեության համար, վերջապես, ժողովրդին ընկճվածությունից հանելու, նրան հոգեպես և մշտատև զորացնելու նպատակով ակտիվ դերակատարության հնարավորություններ ստեղծել մշակույթի, արվեստի գործիչների համար: Եթե այս ամենը մեզ չհաջողվի... Աստված չանի, եթե չհաջողենք, ապա գոյապահպանման բնազդն ու վերջին հույսը լինելու է Ռուսաստանի փեշի տակ ծվարելը՝ առերեսվելով, որ մենք՝ հայերս, ավաղ, ազգային պետականություն ստեղծել-պահպանելու ունակ չենք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում