«Մեր ժողովրդին սենց մոլորված, թևաթափ եղած չեմ տեսել». ինչ են մտածում մարդիկ գյուղերում. «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Վերջերս գնացել էի իմ ծննդավայր՝ Տավուշի մարզի Դովեղ սահմանամերձ գյուղ: Այս գյուղի մարդիկ խիզախ ու հայրենասեր են: Դարերի ընթացքում շատ հայկական գյուղեր են ադրբեջանցիները թալանել ու վառել, բայց ադրբեջանցու ոտքը երբեք Դովեղ չի մտել: Ի դեպ, դովեղցիների` տասնամյակների պայքարի շնորհիվ էր նաև, որ 1984 թ. Ադրբեջանից հետ բերեցինք ապօրինաբար օգտագործվող 14000 հեկտար հող: 90-ականներին Դովեղը բազմիցս է հրետակոծվել ադրբեջանցիների կողմից, ունեցել ենք զոհեր, բայց այդ տարիներին ոչ մեկը գյուղը չի լքել: Դովեղում, սակայն, նույնպես անհանգստացած են, որ մի օր էլ իրենց՝ արյան գնով ձեռք բերած ու պահպանած հողերից ադրբեջանցիներին կտան: Հանդիպեցի համագյուղացիներից շատերին ու նաև տարեց մեկին` Սերգո պապին, ով աշխատասեր ու իմաստուն մարդ է և ամբողջ կյանքը անասնապահ է եղել:
Խոսեցինք մեր երկրի ցավ ու դարդից, մեր ժողովրդի մի զգալի մասի պասիվությունից, հայրենիքի կորստի նկատմամբ անտարբերությունից ու անպատասխանատվությունից, երկիրը ձախողած ու կործանման եզրին հասցրած իշխանությունների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքից և այլն: «Չգիտեմ, միտք եմ անում, միտք, ու խելքս բան չի կտրում, մի բան գիտեմ, որ վիճակներս շատ ծանր ա, որ էս երկիրը ձեռից գնում ա: Էս տարիքի մարդ եմ, էս ժողովրդին սենց մոլորված, թևաթափ եղած չեմ տեսել, ոչ մեկի երեսին ժպիտ չկա, սիրտս կտոր-կտոր ա ըլնում: Ո՛չ էս իշխանություններից եմ բան հասկանում, ո՛չ էլ էս ժողովրդից: Մի հատ հարցնող ըլնի էս երկրի ղեկավարներին՝ որ պետություն ղեկավարելը ձեր խելքի բանը չէ, որ չեք կարում աշխատեք, որ ձեզ չեն ուզում, զոռով մնում եք, որ ինչ անեք: Մի հատ հարցնող ըլնի՝ որ ձեզ ժողովուրդն ա ուզում, ինչի առանց միլիցի դուրս չեք գալի էս ժողովրդի մեջ: Ամեն ինչ մեր մեջ պետք ա փնտրենք, մենք պետությանը լուրջ չենք վերաբերվում՝պատահական, անփորձ, անարժան, չտես ու անամոթ մարդկանց ընտրում ենք ու հետո կրակն ենք ընկնում, չենք կարողանում պրծնենք, տզրուկի նման կպչում են մեր ջանից ու էլ չեն պոկվում:
Հա, ըտենց ա՝ սոված շան ձեռից հեշտ չես կարա ոսկոր խլես: Երկիրը պետք ա գրագետ, իմաստուն, վեհանձն, տեսած, ազնիվ ու նվիրյալ մարդիկ ղեկավարեն: Մեր նախնիները երբ գյուղի քյոխվա (գյուղապետ) էին ընտրում, հավաքվում էին գյուղի տարեցները ու մանրամասն քննարկում էին նրա ով լինելը, հաշվի էին առնում` ինչպիսի ընտանիք ունի, հարևանների ու ընկերների կարծիքն էին հաշվի առնում, նույնիսկ մի քանի պորտ հետ էին գնում, ուսումնասիրում, թե նա ինչ ցեղից ա: Իսկ հիմա ամեն ինչ հարամվել ա, սրանք եկան ու ժողովրդավարության անվան տակ քանդեցին էս երկիրը, ոչ մի բան իրա տեղում չի, սա պետություն չի, սա թյուրիմացություն ա, ով ասես երկիր ա ղեկավարում, ազգի մեծերը, փորձառու, գրագետ, հարգված մարդիկ տեղ չունեն էս երկրում, մենք արժանավոր ու խելոք մարդկանց չենք սիրում: Սովետին հազար բան էին ասում, բայց նա կարգին երկիր էր, կարգ կար, կանոն կար, ադաթ կար, մեծն իրա տեղն էր, փոքրն իրա տեղն էր, աշխատող մարդը գնահատվում էր, պետության ու վաղվա օրվա նկատմամբ հավատ կար, վստահություն կար, մարդու անձն ու պատիվը էն երկրում պաշտպանված էին, աշխատանք կար:
Ղարաբաղյան առաջին պատերազմում տարած հաղթանակը նաև սովետական դաստիարակության արդյունք էր: Էս ժողովրդից էլ բան չեմ հասկանում՝ անհասկանալի ու զարմանալի ժողովուրդ ենք, էլ ինչ պետք է անեն էս ղեկավարները, որ հասկանան՝ սրանք հատուկ եկել են էս երկիրը կործանելու համար: Էս ժողովուրդը առաջվանը չի, էս ժողովրդին մոլորեցրել են ու ստրուկ են դարձրել, էս ժողովուրդը անտարբեր ա դառել, հոգնել ա, ամեն ինչի հետ հաշտվում ա: Ամեն ինչ գրագիտության պակասից ա, գրագետ մարդու, ուսուցչի՝ ուսում, դաստիարակություն տվող մարդու նկատմամբ առաջ հարգանք կար, պատիվ կար, իսկ հիմա ով ա նրանց բանի տեղ դնում: Մենք շատ համբերատար ու շուտ հավատացող ենք, մեզ հետ ոնց ասես վարվում են, ու էլի ձեն չենք հանում ու էսքան բանից հետո էլ էս ժողովրդի մի մասը սրանց դեռ պաշտում ա, փոխանակ դեռ նոյեմբերի 10-ին քշած ըլներ: Բայց մի բան էլ կա. եթե դու չես ուզում, որ քեզ հետ ըտենց վարվեն, ոչ մեկը չի կարա, ամեն ինչ մեզանից ա, մենք շատ խեղճ ենք, ամեն ինչ ներում ենք: Դու գիտես՝ ես 5055 տարի անասնապահության մեջ եմ աշխատել, անձամբ եմ մի քանի անգամ ականատես եղել, երբ գայլերի ոհմակը ընկնում ա ոչխարի հոտի մեջ, ոչխարները, ոնց որ հիպնոսացած, հետևում են գայլերին, իրենց հոշոտողների հետ սիրախաղ են տալիս: Դա ստրուկի, խեղճի ու թույլի հատկություն ա: Մենք պատմության ընթացքում հենց էսպես էլ հայրենիք ենք կորցրել, կոտորվել, մորթվել ու ցեղասպան ենք եղել»,- ասաց նա: Ես տխրեցի, կախեցի գլուխս ու ոչինչ չասացի:
«Մի նեղվի, օրինակս կարող ա մի քիչ կոպիտ ստացվեց,ես անգրագետ մարդ եմ, ըտենց կարեցա բացատրեմ, ես օրինակները իմ աշխատած բնագավառից եմ բերելու: Համ էլ ես էլ էս ժողովրդի անտարբերությունից ու անթասիբությունից եմ նեղված, բա 100 տարի առաջվա ցեղասպանության օրը քաղաքում կես միլիոն մարդ եք դուրս գալի, հիմա չեք կարը՞մ դրա կեսի չափ դուրս գաք, բա հիմա ցեղասպանություն չի, ինչ ա, բա սա մեզ պատիվ ա բերո՞ւմ: Երբ սովետը քանդվեց, էդ տարիներին տասնյակ դեպքեր եղան, որ հայերը ադրբեջանցիքի հետ համագործակցեցին ու Հայաստանից հարյուրավոր գլուխ անասուններ նրանց տվին, բայց էն կողմից նմուշի համար մի հատ ըտենց դեպք չեղավ: Մենք հող չենք սիրում, մենք հեշտությամբ ենք համակերպվում հայրենիքի կորստի հետ: Դու էս սահմանին ես ծնվել ու մեծացել, հո լավ գիտես, թե ոնց են ադրբեջանցիները հողի համար ջան տալի, տունը հատուկ սահմանին էին սարքում ու մետր-մետր դեպի մեզ առաջ գալիս, գրավում, անգամ հայ ղեկավարներին էին փող առաջարկում, իսկ մենք սահմանից հեռու ենք տուն սարքում:
Հողը քոնն ա, երբ վրեն ապրում ու մշակում ես: Սրանք խելացի չեն, բայց հեռատես են, իրենց խերն ու շառը լավ գիտեն, մենք էլ հակառակն ենք՝ տաղանդավոր ենք, բայց դիվանագետ չենք: Որ թուրքի ու ադրբեջանցու մեջ կարենանք գոյատևել, պետք ա ազգովի զինվոր դառնանք: Չհասկացա, թե էս ղեկավարները մեր բարեկամների ու հարևանների հետ ինչի թշնամացան: Բա սրանք չեն հասկանում, որ էս թուրքի միջին առանց ռուսի մենք մի օր չենք կարա յոլա գնանք: Որ էս մուխաննաթ իշխանությունները չլինեին, ադրբեջանցին ով էր, որ մեզ հաղթեր: Ես էս տարիքի մարդ եմ ու չեմ հիշում, որ հայ ժողովուրդը երբևէ էսքան հուսահատ, անպաշտպան ու արհամարհված լինի, ինչքան էսօր, և երբեք սուտը, կեղծիքն ու անբարոյականությունը էս կարգի չի եղել, ոնց որ էսօր: Բայց պետք չի հուսահատվել, մենք ավելի դժվար վիճակներում ենք եղել ու էդ վիճակից դուրս ենք եկել, ամեն մի վիճակից դուրս գալու հնար կա, ճար կա, ուղղակի պետք ա խոհեմ լինենք, մեր սխալներից դասեր քաղենք ու առաջ գնանք: Բա քաղաքում ի՞նչ եք մտածում, էդ մտավորականներն էլ պասիվ են, մեր նման անգրագետ ու մոլորված ժողովրդի վրա պետք չէ հույս դնել, ոչխարի հոտին այծերն են առաջնորդում: Չգիտեմ, էս ժողովուրդը մեղք ա, մի բան մտածեք, արդեն էսա երկու ամիս ա՝ ցրտին ու անձրևին տուն չի գալիս փողոցից, որ մի օր առաջ պրծնի էս վարչապետից, որ երկրի կործանումը կանգնեցնի: Ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին պաշտելու չափ սիրում էր, դրանից ավել իրան ուրիշ ի՞նչ էր պետք, բա չամաչե՞ց, որ իր ժողովրդի հետ սենց դաժան վարվեց, ինչքան լավ օրեր էինք տեսել, սաղ քթներիցս դուս եկավ, կորցրած տարածքներն ու զոհված հերոս երեխեքն էլ մտքներիցս մի րոպե չեն հեռանում»,-ասաց Սերգո պապը:
Այդ պահին հիշեցի Վլադիմիր Վիսոցկուն, ով ասել է. «Սարսափելի է սիրել մի մարդու, ով, պարզվում է, դրան արժանի չի եղել»: Պարզվում է՝ նա երբևէ անկեղծ չի եղել հայ ժողովրդի հետ, նա դերասանություն է արել: «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա, ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ, ուր ապրում են»,- գրել է Հովհաննես Թումանյանը: Իսկապես, զարմանալի ու անհասկանալի ժողովուրդ ենք մենք, այսքանից հետո էլ մեզանից շատերը դեռ անհասկանալիորեն պաշտում են հային թուրքի առաջ ծնկի բերած, երկիրը դավադրաբար օրհասական վիճակի հասցրած մեկին, ով չունի ոչ մի արժանիք, ով ջարդեց հայի անկոտրում կամքը, երկիրը տարավ կանխամտածված պարտության, ով անհամերաշխություն, ատելություն ու չարություն տարածեց երկրում, խաթարեց հարաբերություններն աշխարհի հետ, ով գողացավ հայության սերը, հավատը, հաղթանակը, երջանկությունը, երազանքները, արժանապատվությունն ու հայրենիքը, ով ամեն Աստծու օր խաբում, նվաստացնում ու արհամարհում է մեզ: Ամեն մի օրն ու րոպեն թանկ է մեր երկրի համար, պետական ինստիտուտները մատնված են անգործության ու անտերության, Փաշինյանն արդեն չի տիրապետում իրավիճակին, իսկ անիշխանությունը շատ վտանգավոր է պետության համար: Մեր ապագան մշուշոտ է՝ տնտեսությունը կանգնած է խոր ճգնաժամի առջև, առանց աշխատելու չի լինի, մենք ազգովի կարող ենք կանգնել սոցիալական աղետի առջև: Այս իշխանությունների պատճառով մենք ականատեսն ենք լինում հայ ժողովրդի պատմության՝ հավանաբար նախադեպը չունեցող ամենաամոթալի ու անարժանապատիվ ժամանակաշրջանին:
Սա այլ կերպ, քան ազգային ողբերգություն չի կարելի անվանել: Ստեղծված իրավիճակում, երբ հայ ժողովուրդը դեռ զբաղված է իր զոհված որդիների հուղարկավորություններով, երբ դեռ ուշքի չի գալիս կատարվածից և գտնվում է խոր դեպրեսիայի մեջ, երբ անբարենպաստ են եղանակային պայմանները, փողոցային պայքարը չի կարող արդյունավետ լինել: Ստեղծված իրավիճակում իրավապահները պետք է իմաստություն, խիզախություն, խոհեմություն, պետական մտածողություն ու երկրի ու ժողովրդի նկատմամբ պատասխանատվություն հանդես բերեն, գնդակը նրանց դաշտում է, իսկ իրավական հիմքերը, ըստ իրավաբանական հանրության, ավելի քան հիմնավոր են ու համոզիչ՝ համապատասխան գործընթաց սկսելու համար: Այս տեսակետից հուսադրող և միանգամայն իրատեսական են իրավաբան-գիտնականների ու փաստաբանների՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ վարույթ իրականացնելուն ուղղված քայլերը: Իսկ մենք ազգովի պետք է սատարենք նրանց նախաձեռնությանը, նրանց միայնակ չպետք է թողնենք, թե չէ մեր երկիրը ձեռքից գնում է, աշխարհով մեկ խայտառակ ենք լինում. մի մարդու պատճառով հային աշխարհում որպես պարտվողի, վախկոտի, անամոթի, ստախոսի ու դավաճանի են ընկալում:
Մենք իրավունք չունենք մի կողմ քաշվել ու լուռ հետևել, թե ինչպես է կործանվում մեր երկիրը, մենք մեր հերոս-նահատակների ու մեր ապագա սերունդների առաջ դեռ պատասխան ունենք տալու: Պատերազմը միաժամանակ յուրաքանչյուր ազգի խիզախության, կենսունակության, կազմակերպվածության ու արատների դրսևորման յուրահատուկ փորձություն է: Իսկ արցախյան պատերազմը ցույց տվեց, որ հայ ազգը գտնվում է արժեհամակարգային ու բարոյահոգեբանական խոր ճգնաժամի մեջ: Այս տեսակետից պատերազմի մեր սխալներից հետևություններ և եզրակացություններ անելու ու դասեր քաղելու շատ բան ենք ունենալու: Մենք նախ և առաջ մեր ազնվական արյունը պետք է մաքրենք արատներից ու նրա միջից առաջին հերթին դավաճանության, նյութապաշտության ու փառամոլության գենը իսպառ ոչնչացնենք: Որպեսզի այլևս հերթական անգամ սեփական ազգի ու պետության նկատմամբ դավադրություն չլինի, մարդկության պատմությանը հայտնի այդ ամենազզվելի ու ամենածանր հանցագործության համար ամենադաժան պատիժը պետք է սահմանել ու այդ արարքը հանրային ամենամեծ պարսավանքի պետք է արժանացնել:
Երկու ճանապարհ ունենք. կա՛մ պետք է 180 աստիճանով փոխվենք, կա՛մ անկախության, պետականության ու հայրենիքի կորուստն անխուսափելի է: Սփոփանքի ու լավատեսության հույսեր են արթնանում, երբ կարդում ես հայերի մասին Ջորջ Բայրոնի խոսքերը. «Հայերի առաքինություններն իրենցն են, իսկ թերությունները ձեռքբերովի են և հետևանք են օտար նվաճողների կողմից կեղեքման: Ինչ ապագա էլ ունենան հայերը, նրանց երկիրը միշտ պետք է մնա ամենահետաքրքիրներից մեկը ողջ երկրագնդում»:
ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ
տնտեսագիտության թեկնածու,
1990-96 թթ. Դովեղի գյուղխորհրդի նախագահ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում