«Բացի «պողոսներին» խաբելուց ու ապակողմնորոշելուց, այս ընթացքում իշխանությունն իր ղեկավարի գլխավորությամբ ուրիշ բան չի կարողացել անել»․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
Հունվարի 11-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը, որը ճանապարհների ապաշրջափակում է ենթադրում ու վերաբերում է նոյեմբերի 9-ին ստորագրված համաձայնագրի 9-րդ կետին, այսօր քննարկվում է հատկապես տնտեսական համատեքստում: Մասնավորապես, Հայաստանի իշխանությունները վերոնշյալի առումով տնտեսական նոր հնարավորություններ են տեսնում: Տնտեսագետ Վարդան Բոստանջյանն անթույլատրելի է համարում նման մոտեցումը:
Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ «Փաստի» հետ զրույցում տնտեսագետը նախ նկատում է. «Նպատակը, մեծ հաշվով, PR-ն է: Ինչպես իշխանափոխությունից հետո էին փուչ, սուտ և մանիպուլ յատիվ խոսակցություններ տանում, նույն հոգեբանությամբ էլ հիմա են շարունակում: Բացի «պողոսներին» խաբելուց ու ապակողմնորոշելուց՝ այս ընթացքում իշխանությունն իր ղեկավարի գլխավորությամբ ուրիշ բան չի կարողացել անել: Ի վերջո, այս ամենի, այս քաղաքականության «ծաղկեպսակը» եղավ այն, որ մեր երկիրը վաճառվեց: Եվ հիմա նրանց կողմից հորջորջվող «տնտեսական ելքերի» մասին խոսելն առնվազն պատիվ չի բերում: Ինչպես փուչ ու սուտ կային, այնպես էլ շարունակում են մնալ: Հիմա, սովորության համաձայն, անհեթեթություններ ու անտրամաբանական մտքեր են շպրտում՝ մտածելով, որ լուրջ մարդիկ պետք է դնեն ու քննարկեն դրանք»:
Վերոնշյալ տնտեսական հնարավորություններ ասվածը Վարդան Բոստանջյանը չակերտների մեջ է դիտարկում: «Միթե՞ այդքան միամիտ ենք մենք, որ կարծենք, թե այս պայմաններում այդպիսի հնարավորություններ են լինելու: Դա բացառված է: Իսկ ինչ վերաբերում է բուն կոմունիկացիաների բացմանը, ապա դա պարզապես պարտադրվել է: Ի դեպ, դա շատ վտանգավոր է, արդեն Հայաստանին են հասնում: Այդ պարտադրանքը Թուրքիայի և Ադրբեջանի երազանքի մասն է: Թուրքիան ու Ադրբեջանը երազել են իրար կապող միջանցք ունենալ և, ի վերջո, հանձին ՀՀ վարչապետի պաշտոնը կրողի, այդ երազանքը կատարվեց: Հայտարարում են, թե տնտեսական աժխուժացում է լինելու: Ուզում եմ շեշտել՝ եթե անգամ այդ աշխուժացումը լինի, լինելու է ոչ թե մեր, այլ նրանց համար»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ իրականում ոչ թե տնտեսական հնարավորություն է, այլ սպառնալիք է մեզ համար: «Եվ այդ սպառնալիքը մեր տուն է մտել: Առնվազն զավեշտ է, երբ ասում են՝ Բաքվով՝ այդ ճանապարհով Ռուսաստանի հետ կապ կլինի: Մենք այդ ճանապարհով պետք է Ռուսաստան գնա՞նք՝ հաշվի առնելով առնվազն գոնե այն փաստը, որ նրանք մեր հայրենակիցներին պատանդ են պահել: Սա ի՞նչ ողորմելի հոգեբանություն է»,-նկատեց մեր զրուցակիցը:
Անդրադառնալով տնտեսական ներկայիս իրավիճակին՝ Վարդան Բոստանջյանը այսօրվա տնտեսությունը համեմատեց մարդու հետ: «Մենք տնտեսական այնպիսի իրավիճակում ենք, որը կարելի է հետևյալ կերպ մեկնաբանել: Տեսեք՝ չմեռնելու համար մարդիկ որոշակի աշխատանք են, չէ՞, իրականացնում: Յուրաքանչյուր մարդ, եթե ապրում է, ուրեմն պետք է մի գործողություն իրականացնի, ինչ-որ կերպ շարժվի: Եթե կարելի է այսօրվա ունեցածը տնտեսություն անվանել, եկեք անվանենք, բայց, բոլոր դեպքերում, այն, ինչ կա այդ տնտեսության մեջ, այն նվազագույնն է, որը, որպես կենդանի օրգանիզմ, չի կարող չլինել: Սա նման է մի իրավիճակի, երբ շարժվողը չի կարող չանել որևէ գործողություն: Սպառում գոյություն ունի միայն առաջին անհրաժեշտության, պարենային ապրանքների կտրվածքով: Մեր տնտեսությունը կոլապսային վիճակում է թե՛ մուտքային, թե՛ ելքային առումով: Նորարարական, ռազմավարական քայլեր Հայաստանի Հանրապետությունում գոյություն չունեն: Ընդհանրապես, տնտեսությունը որևէ ուղղությամբ չի աշխատում»,-ընդգծեց տնտեսագետը:
Անդրադառնալով նոր ներդրումների վերաբերյալ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին՝ Վ. Բոստանջյանը շեշտեց. «2,8 ամիս է՝ իշխանության են, և իշխանության գալու առաջին օրվանից անընդհատ հիմար-հիմար դուրս են տվել նաև ներդրումների մասին: Իրականում հատկապես այժմ ներդրումների մասին խոսելը զառանցանք է: Ի՞նչ ներդրում, իրեն հարգող մարդը մի դրամ էլ ներդրում չի անի»: Տնտեսագետի խոսքով, որոշ չափով լավատեսության հիմքեր կարող են լինել միայն այս իշխանության հեռանալու դեպքում: «Դա այս պահին երկիրը փրկելու, այս ճգնաժամային իրավիճակից դուրս գալու ելքերի միակ ճանապարհն է: Եթե շուտափույթ հեռանան իշխանությունից, հնարավոր է՝ որոշակի ելքեր փնտրել այս տխուր իրավիճակից դուրս գալու համար»,-ասաց նա:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում