«Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է անպայման տրվեն դատարանում»․ «Փաստ»
Интервью«Փաստ» օրաթերթը գրում է
44-օրյա պատերազմի ավարտից և կապիտուլ յացիոն փաստաթղթի ստորագրումից հետո հասարակությունն ունի մի շարք հարցեր, որոնց պատասխանները չի կարողանում ստանալ։ Պայքար էր ընթանում հանուն հաղթանակի, բայց ունեցանք ցավալի պարտություն, զոհեր, հայրենիքի կորուստ, ունեզուրկ քաղաքացիներ, անհասկանալի սահմանագծում, անվտանգության զգացողության կորուստ։ Վերջին օրերին ամենահաճախ տրվող հարցերն են՝ «եղե՞լ է արդյոք դավաճանություն», «ինչո՞ւ հասանք նրան, որ նման խայտառակ համաձայնագիր ստորագրվեց» և այլն։ Այս և մի շարք այլ հարցերին պատասխան ստանալուն է ուղղված Գեղամ Նազարյանի «Ճշմարտություն սերունդների համար» քաղաքացիական նախաձեռնությունը։
Դրա հայտարարության մեջ նշվում է, որ սա մի կողմից լինելու է փաստահավաք խումբ, մյուս կողմից՝ հարթակ, որտեղ ի մի կբերվեն հանրությանը հուզող հարցերի շուրջ հանրային տեսակետներն ու գնահատականները։ Ընդգծվում է՝ աշխատանքներ են իրականացվելու շահառու տարբեր խմբերի հետ, այդ թվում՝ զինվորների, զինվորականների, զոհված և անհետ կորած զինվորների ծնողների ու հարազատների հետ: Նախաձեռնությունն արդեն իսկ առաջ է քաշել մեկ տասնյակից ավելի հարց, որոնց պատասխաններն ակնկալում է ստանալ համակարգված աշխատանքի արդյունքում, հարցեր, որոնք վերաբերում են ինչպես պատերազմի ընթացքին, այնպես էլ դրան նախորդած քաղաքական իրողություններին: Նազարյանը նշում է՝ այս նախաձեռնությունն իր գաղափարն է։ «Նպատակն այն է, որ դրա շուրջ համախմբվեն բոլոր նրանք, ովքեր ասելիք ունեն։
Դա դառնում է ոչ միայն փաստահավաք խումբ, այլև հարթակ, որտեղ կներկայացվեն խնդիրներ, կբարձրացվեն հարցեր, կառաջարկվեն լուծումներ։ Նախաձեռնությունը սկսել ենք սկզբնական մտադրությունից, մի քանի օր է, ինչ հայտարարել ենք դրա մեկնարկի մասին: Այն բավականին ընդգրկուն է լինելու, որովհետև արձագանքները սպասվածից ավելի շատ եղան»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գեղամ Նազարյանը։ Պատերազմական գործողությունների ավարտից հետո երևի թե չկա գեթ մեկ օր, երբ չստանանք տեղեկատվություն, թե ինչ է տեղի ունեցել մարտի դաշտում, դիվանագիտական և քաղաքական ճակատում։ Ցավալի, բայց ճշմարտացի բացահայտումները հաջորդում են մեկը մյուսին։ Այս նախաձեռնությունը, որը վերածվելու է փաստահավաք խմբի, իր ուսումնասիրությունների արդյունքում ևս առաջ է բերելու հարցեր, հնչելու են պատասխաններ։ Նազարյանն ընդգծում է՝ այս նախաձեռնության նպատակը բացահայտումներ անելն է։
«Դժվար թե հասարակությունն ավելի մեծ շոկ ապրի, քան մենք ունեցանք։ Ուղղակի սա անհրաժեշտ է, որ մենք առաջ շարժվենք առկա հարցերին պատասխանելով, մեղավորներին օրենքի սահմաններում պատժելով, որովհետև առանց դրա հասարակությունը չի կարող զարգանալ։ Բոլոր լուրջ հասարակություններն այսպիսի մեծ աղետից, այսպիսի ողբերգությունից հետո ունեցել են դատավարություններ և նոր շարժվել են առաջ։ Առանց դրա հնարավոր չէ։ Մենք չենք կարող ձևացնել, թե ոչինչ չի եղել, չենք կարող ձևացնել, թե եղել է պատահականություն, և անցնենք առաջ։ Հարցեր կան, որոնց պատասխանները պետք է անպայման տրվեն դատարանում»,-նշում է մեր զրուցակիցը։ Ընդգծում է՝ ակնկալում է, որ կստանան բոլոր հարցերի պատասխանները, հակառակ դեպքում նման նախաձեռնություն չէին էլ սկսի։ «Կա վստահություն, որ վաղ թե ուշ մեր երկրում նորմալ իշխանություն կձևավորվի, իսկ իրավապահ համակարգն էլ իր հերթին կզբաղվի այս գործերով։
Այդ դեպքում մեր հավաքած նյութերը սիրով կտրամադրենք համակարգին, որ իրենց գործն ավելի հեշտանա, իսկ գործընթացն էլ՝ արագանա։ Պետական մակարդակով շատ հարցերի պատասխաններ կստանանք իշխանափոխությունից հետո, իսկ քաղաքացիական նախաձեռնությամբ հնարավոր է դրանք ստանալ շատ ավելի շուտ և կստանանք։ Մարդիկ չեն ուզում լռել, մարդիկ ուզում են խոսել, պատմել և լսել ճշմարտությունը»,-եզրափակում է Գեղամ Նազարյանը։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում