Վերջին տարիներին ԶԼՄ-ների դեմ հարուցվող գործերի թիվն աճել է. Աշոտ Մելիքյան
Аналитика«Խոսքի ազատութայն պաշտպանության կոմիտեի» նախագահ Աշոտ Մելիքյանը խոսելով 2019-2020 թվականներին լրագրողների և լրատմանիջոցների դեմ հարուցված դատական գործերի ուսումնասիրությունների մասին Orer.am-ի հետ զրույցում նշեց, որ այն հիմնված է եղել ՀՀ Սարհամադրության, խոսքի ազատության եվրոպական կոնվենցիայի, ՄԻԵԴ վճիռների և որոշումների հիման վրա:
«Առաջին հերթին ուշադրություն ենք դարձրել փաստերի և գնահատող դատողությունների տարանջատման հարցի վրա, քանի որ մենք գիտենք, որ լրագրողների գործունեության համար շատ կարևոր է դրանք իրարից տարանջատելը: Դրան պետք է մեծ ուշադրություն դարձնեն նաև դատարանները, քանի որ դրանք տարբեր խնդիրներ են և տարբեր իրավական ակտերով են կարգավորվում: Ուշադրութուն ենք դարձրել նաև տեղեկատվության արատավորող բնույթի վրա, քանի որ դատարանները պետք է իսկապես կարողանան ապացուցել, որ այս կամ այն արտահայտությունն, իսկապես, արատավորող բնույթ է ունեցել: Ուսումնասիրել ենք նաև պատշաճ պատասխանողի խնդիրը, նյութական և ոչ նյութական փոխհատուցման հարցերը, որը բավականին ցավոտ խնդիր է լրատվամիջոցների համար»,- ասաց Ա. Մելիքյանը:
Նա նշեց նաև, որ անցած երկու տարիների ընթացքում նման հայցերի թիվը եղել է 176, որից 94-ը՝ 2019-ի, իսկ 82-ը՝ 2020-ին: Ներկայացված հայցերից վարույթ է ընդունվել 127-ը, որից 116-ում ԶԼՄ-ների հիմնադիրներն են հանդես եկել որպես պատասխանող կողմ, իսկ 11-ի դեպքում նրանք ներգրավվել են որպես երրորդ անձ:
«Բոլոր գործերից այս պահին ընդամենը 21-ն ունեն մեկ կամ ավելի դատական ակտեր, ինչը նշանակում է, որ միայն դրանք են հնարավորություն տվել վերլուծություն իրականացնել, իսկ մյուսների դեպքում դեռևս դատական ակտեր չկան: Նշածս 21 գործից վերջնական հանգուցալուծում է ստացել 11-ը, այսիսնքն՝ մեկ կամ մի քանի դատական ակտերով ավարտվել են վարույթները: Պետք է հաշվի առնել, որ երբ երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը սրվում է, մեծանում է լրատվամիջոցների հանդեպ ճնշումը: Եվ, եթե ուսումնասիրում ենք 15-ի՝ «էլեկտրիկ Երևանի», 16-ի՝ Սարի Թաղի, 18-ի՝ թավշյա հեղափոխության դեպքերը և ներկա փուլում տեղի ունեցող իրադարձությունները, ապա տեսնում ենք, որ քաղաքական լարվածության պարագայում լրագրողների և լրատվամիջոցների հանդեպ ոչ միայն ճնշումներն են ավելանում, այև բռնության դեպքերը: Դրանք կանխելու համար նաև մեր կազմակերպությունը բազմաթիվ հայտարարություններով է հանդես գալիս և զսպվածության կոչեր հնչեցնում, քանի որ ատամն ընդ ատամ գործելաոճը չի կարող ընդունելի լինել մասնագիտական գործունեություն իրականացնելու ժամանակ»,- ասաց Ա. Մելիքյանը:
Արմինե Գրիգորյան