Թուրքիայի քայլերին պետք է ուշի-ուշով հետևել. Ռուբեն Սաֆրաստյան
Международные новостиՀայաստանում բուռն քննարկման առարկա է դարձել Ռուսաստանի նախկին վարչապետ Դմիտրի Մեդվեդևի՝ Արցախի հարցում Ռուսաստանի և Թուրքիայի փոխգործակցության մասին հայտարարությանը:
Նա նշել էր, որ Թուրքիան սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ, ինչը հաշվի չառնել հնարավոր չէ: Մեդվեդևի այս հայտարարությունը, բնական է, ո՛չ պատահականություն է, ո՛չ էլ զուգադիպություն, այլ լավ մշակված քաղաքականության մաս, ինչը չէր կարող հակասական տրամադրություններ չառաջացնել:
Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի կարծիքով՝ Արցախի հարցում Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը դժվար թե ռազմավարական հեռահար նպատակների մասին լինի: Այսինքն՝ խոսքը երկու երկրների միջև կարճաժամկետ գործակցության մասին է, որը Հարավային Կովկասում շահերի համընկնման արդյունք է: Խոսելով ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի բացման մասին փորձագետը նշեց, որ նախ պետք է հաշվի առնել այն ջանքերը, որը գործադրում է ռուսական կողմը տարածաշրջանում կայունություն պահպանելու համար:
«Ինչ վերաբերում է մոնիթորինգային կենտրոնի ռուս-թուրքական համագործակցությանը, ապա դա դուրս է որևէ տրամաբանությունից, քանի որ տարածաշրջանը մշտապես գտնվել է ռուսական ազդեցության գոտում: Եվ ավելի տրամաբանական կլիներ, որ այդ կենտրոնը միայն ռուսական լիներ: Եվ Ռուսաստանի այս համաձայնությունը փոքր-ինչ անհասկանալի է: Մյուս կողմից վերջին շրջանում մեր տարածաշրջանում ռուս-թուրքական որոշակի համագործակցություն կա, որը ևս պետք չէ անտեսել: Բայց, կարևոր հանգամանք է այն, որ ռուսական կողմը հասավ նրան, որ այդ կետնորնն իր մոնիտորինգը չի իրականացնելու Արցախի տարածքի վրա՝ ինչին ձգտում էր Թուրքիան»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ռ. Սաֆրաստյանը:
Խոսելով թուրք-ամերիկյան հարաբերությունների մասին թուրքագետը նշեց, որ Ջ.Բայդենի իշխանության գալու առիթով Էրդողանը լուրջ մտահոգվելու առիթ ունի, և այդ է պատճառը, որ սկսել է իր կոշտ հռետորաբանությունը փոխել: Միևնույն ժամանակ թուրքական կողմը փորձում է մեծացնել ճնշումները Հայաստանի հանդեպ, ինչը արտահայտվեց Հայաստանի սահմանների մոտ զորավարժությունների իրականացումը: Սա թուրքական դիվանագիտության պարզ դրսևորում է, քանի որ, որպես կանոն հայտարարությունները և քայլերը իրարից շատ տարներ են լինում: Այնպես որ, ԱՄՆ-ին սիրաշահելու Էրդողանի հայտարարությունները որևէ աղերս չունեն իրականության հետ, ուստի, Հայաստանի հետ հարաբերությունները բարելավելու թուրքական կողմի հայտարարությունները սին են: Այնպես որ հայկական կողմը պետք է այսօրինակ հարցերը լուրջ քննարկման առաջրկա դարձնի, և շարունակի իր հարաբերությունները բարելավել Բայդեմի վարչակազմի հետ, անկախ նրանից, թե ինչ է հայտարարում Թուրքիան:
Արմինե Գրիգորյան