Քարոզչական հնարքների միջոցով մեր ազգը կորցնում է ադեկվատության զգացումը, հետո սկսում է գանգատվել հայի բախտից. Արմեն Բաղդասարյան
АналитикаՔաղաքագետ Արմեն Բաղդասարյանը համոզված է, որ ընդդիմության բավականին լուրջ բևեռ է ձևավորվում: Եվ, եթե առաջիկայում ընտրություններ տեղի ունենան, ապա այդ բևեռը, ամենայն հավանականությամբ, կմասնակցի, բայց առանց լուրջ ծրագիր ներկայացնելու, հասարակությունը դժվար թե այս կամ այն ուժի հետևից գնա, քանի որ մեկ անգամ առանց ծրագրի, ընդամենը մեկ կարգախոսով իշխանության գալու փորձ եղել է, որի արդյուքները արդեն մոտ երեք տարի է տեսնում է ժողովուրդը:
«Ներկայում հանրությունն ըստ էության բաժանված է երկու խմբի: Մի մասն ասում է, որ Փաշինյանը դավաճան է, Արցախը ծրագրված հանձնել է` երկիրը տանելով պարտության, իսկ մյուս մասն ասում է, որ նա դավաճան չէ, պարզապես սխաներ է թույլ տվել, որոնց հետևանքով նման արդյունք ենք ունեցել: Այս երկու տարբերակներից որն էլ ճիշտ լինի, Նիկոլ Փաշինյանի ապագան ակնհայտ է՝ անկախ նրանից դավաճանաբար է նման արդյունք եղել, թե սխալների, նա պետք է անհապաղ հեռանա և քրեական պատասխանատվության ենթարկվի»,- Orer.am-ի հետ զրույցում ասաց Ա. Բաղդասարյանը:
Քաղաքագետը խոսելով ընդդիմության առաջնորդ Վազգեն Մանուկյանի կողմից հնչեցրած թեզերի մասին նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պետք է ոչ թե Մանուկյանի խոսքերից մտահոգվի, այլ ժողովրդի ցասումից:
«Մարդկանց համբերության բաժակն, իսկապես լցվում է և այն, ինչ անում է Փաշինյանը, պարզապես անթույլատրելի է: Երկիր խնդիրենը մի կողմ է թողնվել և խորհրդարանում ինչ-ինչ անհեթեթ նախագծեր քննարկելով են զբաղված: Հասարակությունը սպասում է, որ ավելի լուրջ մոտեցում լինի և տեսնելով, որ նման մոտեցում չկա, ժողովրդի դժգոհությունը գնալով կաճի: Ես համոզված եմ, որ եթե հասարակությունը դեռևս 23 տարի առաջ իմանար, որ հաղթելուց հետո կորցնելու է ավելի շատ, քան պարտադրվում էր հանձնել, ապա հարյուր հազարներով դուրս կգային փողոց՝ ի պաշտպանություն Լ. Տեր-Պետրոսյանին: Ոչ մի թիզականության, ամենաուժեղ ու անպարտելի բանակ ունենալու մասին քարոզչական հնարքներով, փաստորեն, մարդկանց խաբել են և հիմա էլ շարունակում են խաբել: Քարոզչական հնարքների միջոցով մեր ազգը կորցնում է ադեկվատության զգացումը, սկսում է իր առջև անիրականանալի խնդիրներ դնել, հետո ձախողվում է և սկսում է գանգատվել հայի բախտից: Մինչդեռ պետք է հաշվի նստել իրողությունների հետ, որը, ցավոք, չի արվում»,- ասաց Ա. Բաղդասարյանը:
Արմինե Գրիգորյան